Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մայիս 25,2002 00:00

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ «Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների այս հանցավոր հովտից այն կողմ»: ՔՈՐԼԻՍ ԼԱՄՈՆԹ «Հիշողություն…. մարդուն կենդանուց տարբերող ամենակարեւոր հատկանիշներից մեկը, որից զրկված են միայն խելագարները: Եվ երանի նրանց, քանի որ չեն կարող զգալ այն անփարատելի թախիծն ու հիասթափությունը, որը հաջորդում է բոլոր տեսակի հիշողություններին՝ անցյալը նորից ետ բերելու, ինչ որ բան նորից վերապրելու, վերափոխելու անհնարինության դաժան մտքից»: ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, «Հինգ օր» Սկիզբը՝ թիվ 68, 77, 82-ում: Ոտքիս թաթերն ու դաստակներս մեխել ու օրերով կախել էին իրենց հրապարակներում։ Եղունգներս հանել էին։ Վերքերիս վրա աղ լցնում ու իմ լացելու ձեւերն էին հրճվալից կրկնօրինակում միմյանց։ Ու ամեն գյուղում հավաքվում էին գլխիս ու թքում էին վրաս ու միզում էին ու 40-ի մոտ-սիրուն մի կին եկել էր, ու ինձնից չամաչեց, իրենց տղամարդկանցից չամաչեց ու տրուսիկը հանեց ու բոլորի աչքի առաջ պպզեց ու վրաս քաքեց ու նրա ցայլքի ցանցառ-երկար-իրար ալիք-ալիք փնջված-գանգուր մազերն եմ հիշում՝ թուո՜ւհ… Ու չեն փոխվել դրանք, տղերք, ու դրանք չեն փոխվելու, հազար, երկու հազար տարի էլ անցնի՝ թուրքը չի փոխվելու, տղերք: Եվ տղաներից՝ հրամանատար-Բեկոն ծունկի իջավ եւ Շերխի գլուխը գրկեց ու լացեց: Ու տղաները լացում էին, եւ Բեկոն ու տղաները չէին ուզում, որ նա շարունակի, ու մերոնց գերությունը նրանց մեջ տղաները շատ լավ գիտեին, եւ տղաներն ու Բեկոն գիտեն, թե նրանց գերության մեջ թուրքը ինչի է ընդունակ մերոնց նկատմամբ, ու տղաներն ու Բեկոն գիտեն, թե մեր տղաները՝ միշտ վերջին փամփուշտն ինչո՞ւ են հենց սկզբից առանձնացնում ու թելով կապում եւ վզներից կախում, նռնակը միշտ հետները ման ածում, ածելին թեւքում անտեսանելի հարմարեցնում: Ու մանկական եւ պատանեկան տարիներին, նրանց հանդերում ծնեբեկ քաղելու ժամանակ տղաները շատ են տեսել, տղաները շատ են տեսել, թե նրանց չոբաններն ինչպես են փոխպայմանավորված ու իրար օգնելով մեկը՝~ ամլիկ, անտեղյակ, նոր կյանք մտնող, կլոր աչքերով-չհասկացող-նայող հորթի գլուխը բռնում ու մյուսը… Եվ հորթի անմեղ աչքերն անտեսելով, իրար աչքերի պագշոտ-հրճվալից նայելով ու իրարից չամաչելով… Ու առաջ պարզած եւ առաջ ընկնող սրանց դիվանագիտության նման, եվրոպաների խորհրդում, այս կետն էլ են ժամանակին իրագործել այդ երկրի չոբանները, ու եվրախորհրդական երկիր կոչվելու միակ իրենց հաղթանակն այս կետն է իրենց պարզերես անելու: Եվ «ամենապատեհ» պահին, բոլորին ի տես, եվրախորհրդավարի ու կուլտուրական Ռասել Ջոնսոնի քթածակերին տարվող-քթածակերը մաքրող դրոշակ-թաշկինակի նման, հորթի անմեղ աչքերն անտեսող սրանց չոբանների դրոշակն էլ ծածանվեց համամարդկային արժեքներն յուրացրածի փայլփլությամբ բոլորին ու աշխարհին ի տես: Եվ Բեկոն ու տղաները թուրքին գերեվարված իրենց զինակից ընկերոջ առաջ, հողին ծունկի եկած-լացում էին, իրարից աչքերը փախցնելով լացում էին ու չէին ուզում, որ Շերխը շարունակի: Բայց Շերխը փորսողը թողեց, մեջքին շրջվեց, դեպի երկինք էր նայում ընկերների լացին անտարբեր, ու չոր ասաց, ասաց՝ էդ իմ հետի տղան թուրք էր եղել, գիտե՞ք, ուրիշ ջոկատից էր իմ ջոկատն ընկել՝ լավ, դիպուկ դանակ էր շպրտում, դրա համար եմ իմ ջոկատ վերցրել, այնտեղ չեմ ստուգել, գիտե՞ք, հայերեն լավ խոսում էր, մեր պատմությունը լավ գիտեր՝ ո՞վ կմտածեր… Հասանք իրենց դիրքերին, թե՝ չէ, թիկունքից խփեց գլխիս, հետները նե՜նց թուրքերեն, պատասխանատու, հրամայաբար-պահանջկոտ խոսում էր՝ իմ գլխի համար փողի բազար էր անում: Հետո հասկացա, որ՝ գալիս-մեր ջոկատներին խառնվում-մերվում էր, ու մեզ՝ խայծերով-խաբելով-համոզելով՝ նրանց պահանջածին տանում-հանձնում է: Բա, որ առանց ինձ հետ եկավ, չկարողացա՞ք սպանել, բա դուք չհասկացա՞ք, որ եթե մի բան չլիներ, եթե Շերխի գլխին թիկունքից չխփեին, Շերխը նրանց կենդանի գերի չէր ընկնի: Ու տղաները ենթագիտակցորեն սպասում էին, սպասում էին ծանր մեղք առածի նման, բայց չէին ուզում լսել, սակայն Շերխը՝ չոր, սարսռեցնող, անտարբեր ու զզված ձայնով ասաց, դեպի երկինք անտարբեր նայելով ասաց՝ շալվարս հանել են, գիտե՞ք… Եվ Բեկոն փուլ եկավ, փաթաթվեց, գլուխը գրկեց ու ասաց՝ գիտե՞ս, ի՜նչ տղա ես ունեցել, իսկական հին-հայկական զարմից է՝ շեկ մազերով, կլոր-մե՜՝ծ աչքերով՝ մի աժդահա, իմը չի, բայց որ թոնթոլ բազուկներին եմ նայում՝ սիրտս փուլ է գալիս՝ անունը Դավիթ կդնես: Ու Շերխը պառկած դիրքով Բեկոյի գլուխը գրկեց ու չոր մտածկոտ-ասաց՝ նրանց գործկոմի նախագահն էր.8230 ձեռքերս-ոտքերս նստարանին բերանքսիվայր կապոտել ու բերել-ինձ նրա առանձնասենյակում են դրել8230ու բազկաթոռից վեր կացավ՝ պսպղուն-ծակող աչքեր ուներ՝ ինձ սեւեռված նայելով փողկապը հանեց… ու հանվում էր աչքերիս մեջ նայելով ու աչքերիս մեջ նայելով եկավ…8230 Թուրքն էլ շենքի առաջ վայնասունով սպասում էր, որ հետո ինձ-իրեն հանձնի… Հետո, ամբողջ տարի ու կես… Ու դրանք չեն փոխվել, տղերք, ու՝ հազար, երկու հազար տարի էլ անցնի, դրանց արյունը չի փոխվելու: Գիտեք, թե Շերխը մի ածելի չի գտնելո՞ւ ու կյանքից կառչած է՞: Ես դեռ անելիք ունեմ. գնամ էրեխուս՝ տղա-էրեխուս տեսնեմ, անունը՝ Անդրանիկ կամ Նժդեհ կնքեմ՝ ինքը գիտի՝ էդ անունով ոնց պիտի ապրի, հետո նոր՝ մեռնեմ: Ու տղաները նրան գրկած հյուղակ տարան, կրակ վառեցին ու շորերով փաթաթեցին: Եվ Շերխը սոված էր ու ասաց՝ սոված եմ, շատ սոված եմ, սակայն նոր բացված «Կիլկի»-ի տուփից ագահությամբ ու փութկոտությամբ վերցրած ձկան կտորն ու հացը չկարողացավ ծամել, եւ ծամելու փորձի հետ՝ «վա՜յ» արեց ու ծամածռվեց, եւ ծնոտը մի քանի կտորներով ջարդված էր ու խոսելուց՝ բերանը բացում էր ու բերանը բացվում էր, բայց ծամելու փորձի հետ սուր ցավն ուղեղին խփում եւ ուղեղը շամփրում էր, ու զարմացած ասաց՝ շաբաթը՝ մեկ, երկու շաբաթը՝ մեկ, կամ մեզ էին խմեցնում, կամ՝ անգույն-պղտոր-ժանգոտ ջուր էին խմեցնում՝ հաց չեմ ծամել, որ իմանամ՝ ծնոտս ջարդված է՞ր, թ՞ե՝ չէ: Բայց, եթե ջարդված էր՝ խի՞ չէր ցավում: Երեւի՝ վերջին ամիսներին են ջարդել, որովհետեւ, մի տարի առաջ մի լավ ծեծեցին-մեկի գոմը գցեցին, ու գոմի տերը, մի պառավ թրքուհի, «օղուլ, օղուլ» անելով-լացակումած մի մե՜ծ «բիշի» բերեց-տվեց, ու ասաց՝ իմ տղային էլ, երեւի ձերոնք են տենց անում, ու թողեց-փախավ: «Բիշին» կերել եմ ու ծամել եմ, բայց ցավ չեմ զգացել: Ու Համլետն ասաց՝ բանակում, երբ ծառայում էի, մեր հայ տղաներից մեկը, միայնակ, կռիվ էր արել համարյա մի րոտա կոտախների հետ, ու լավ ծեծել էին, ու ծնոտը մի քանի տեղից ջարդել էին, ու8230 պատմությունը կտրեց եւ անակնկալ հարցրեց, ասաց՝ քանի՞ տարեկան ես, ու հարցից տղաներն անակնկալի եկան, բայց Շերխն անտարբեր ասաց՝ 59 թիվն եմ, ու Համլետը հաշվարկ արեց եւ ասաց՝ հիմա 92 թիվն է՝ 92-ից հանած 59՝ կլինի 33՝ 33 տարեկան ես: Ուրեմն, 33 օր ատամներդ «շինա» են դնելու՝ այդպես է կոչվում՝ իրար կապում են: Ու մենակ հյութ ես խմելու եւ թույլ մարգանցովկայով կամ յոդով օղողումներ ես անելու՝ որ լնդերդ չբորբոքվի: Եվ Համլետը միամիտ-նորից ասաց՝ ցավ չի տալիս՝ բանակի իմ ընկերոջ ջարդված ծնոտն այդպես են բուժել: Ու Շերխի՝ դաստակները, ոտքի թաթերը, ջարդված ու կոտրված էին, ու Համլետը «շինա» դնելու անցավ արվեստի մասին էր բացատրում միամիտ, ու տղերքը շփոթված-սպասողական նայում էին, եւ Շերխն ասաց, խնդրեց՝ ինձ թեյ տվեք ու շատ քաղցր արեք՝ գլուխս ֆռռում է: Եվ տղերքը-բոլորն իրարով անցան ու բոլորը վեր թռան, եւ մեկը՝ թեյնիկն էր ջուր լցնում, մյուսն ուսապարկն էր քրքրում, երրորդը կրակն էր վառում… Ու Շերխը՝ երեք-չորս բաժակ, շատ քաղցր թեյ խմեց, ու պղտոր աչքերը կարծես պարզվեցին, եւ Շերխն արդեն պարզ էր նայում, սակայն անտարբերացել էր ու մե՜ծ թախիծ կար աչքերում, ու նաեւ ասաց՝ մրսում եմ, շատ ուժեղ մրսում եմ, եւ տղաները տաք շորեր բերեցին ու փաթաթեցին, եւ Շերխն ասաց՝ բոլորիցդ շնորհակալ եմ, գնացեք-քնեցեք՝ ձեզ քնահարամ արեցի, կես ժամից-մի-ժամից նորից ոտքի վրա եք լինելու, գնացեք-քնեցեք՝ ես Մհերի հետ գիշերապահություն եմ անելու: Ու տղաները կամաց-կամաց հեռացան, եւ Մհեր-գիշերապահ տղան անցավ իր դիրքը, ու Շերխը տաք շորերով փաթաթված-խրամատի մեջ նստած էր միայնակ ու անթարթ-մտածկոտ-լռությամբ չարագուշակ: Եվ Արմենը մոտեցավ ու ասաց՝ ուզում ե՞ս զրուցենք, եւ զրուցելու փորձ արեց, բայց Շերխը հոգնած էր, ու հոգնած ասաց՝ չնեղանաս, Արմեն ջան, իմ թագավոր-ախպեր ջան, ուզում եմ՝ քնե՜եմ, ուզում եմ՝ քնե՜եմ… Եվ տղան հեռակա կարգով, ավելի ուշ, մտովի ավելի ուշ իր քաղցկեղով հիվանդ մորը տեսավ, որ իր վերջին օրերն էր ապրում, անուժ էր արդեն ու հոգնած էր եւ սրսկվում կամ քնում էր, կամ արթմնի աչքերն առաստաղին հառած, լո՜ւռ-ուժահատ մտածում էր: Ու տղան ուզում էր մոր հետ խոսել, նրան խոսակցության մեջ քաշել, ու տղայի մայրը մահանում էր ու նրան քիչ էր մնացել, եւ մի օր տղան գնաց ու՝ անկողնուն-մոր կողքը նստեց, ու անկողնուն նստելով, ասաց՝ խոսեցնելու, մտքերից կտրելու համար, ասաց՝ մա՛մ, էդ խի՞ չես խոսում, մի բան ասում, ու մայրը Շերխի նույն տոնով, նույն ծանրությամբ, չպարտադրող, զրուցելու նման, չնեղացնելու իմաստով, չկամենալով նեղացնել, հոգնա՛ծ, հոգնա՜ծ, շատ հոգնած ասաց՝ ուզում եմ՝ քնե՜եմ, մատաղ ինիմ, մի նեղացիր, ուզում եմ՝ քնեեե՜մ… Ու տղան հյուղակում պառկած-ձեռքերը գլխատակին մտածում եւ հիշում էր հեռակա կարգով, տեսնում էր հեռակա կարգով ու… մեն-մի հատ կրակոց եղավ: Եվ տղերքը-բոլորը վազելով խրամատ թափվեցին ու ինքնաբերաբար դեպի Շերխը մղվեցին, ու Շերխի մոտ մեն-միայնակ-սփրտնած-կանգնած գիշերապահ Մհեր-տղային տեսան, ու Մհեր-տղայի ինքնաձիգը Շերխի գոգին էր, փողը ծնոտի տակ էր ու գնդակը ծոծրակից էր դուրս եկել՝ մի բուռ մսակտոր տանելով իր հետ, այնպես որ, դուրս եկած տեղը սեւ արյունով լցված փոսի էր նմանվում, եւ աչքերը բաց-գլուխը կրծքին էր խոնարհել անկենդան: Ու ջարդված դաստակով փորսող տալու, առաջնեկ-մինուճար տղային տեսնելու-անուն դնելու այդ ի՜նչ կյանքի համառ ճիգեր կար… Եվ հիմա «Կիլկիի» տուփը բացելուց ու դանակը, ինքնաձիգներն աչքից հեռու պահելու պայմաններում, այս ո՜նց Մհերի մանկամտությունն ի չիք արեցին: Ու հրամանատար-Բեկոյի, տղաների չարացած հայացքների տակ Մհերը, 16-17 տարեկան Մհեր-տղան, անակնկալից ու վախից՝ «մամա, վա՜յ» գոռացող Մհեր-տղան մի պահի իր տղեկությունն ապրել ու անցել էր այդ պահը, եւ հիմա հրամանատար-Բեկոյի ու տղաների հայացքների տակ ուղիղ կանգնած ու բոլորին ուղիղ նայելով աչքը չճպելով-ուղիղ նայելով հա՛տ-հա՛տ ասաց, հա՛տ-հա՛տ ասաց՝ ինձնից պապիրոս խնդրեց, կպցրեցի-տվեցի՝ բռան մեջ ծխում էր ու ասաց՝ կողքս նստի: Հետո ասաց՝ ես եկել եմ իմ հողում մեռնեմ, ու նաեւ ասաց՝ ես չեմ եկել միայն տղայիս տեսնելու, ես նաեւ իմ կնոջն եմ տեսնելու… Ու չէր խնդրում, նա չէր խնդրում, ասաց՝ ինքնաձիգը տուր ինձ8230 եւ ճիշտ է արել, ու ինքնաձիգը տվել եմ իրեն: Եվ Մհերը փղձկաց ու կռացավ եւ մեծավարի փակեց Շերխի աչքերը: Ու փղձկոցի միջից նաեւ ասաց, հիշեց, ասաց՝ որ ծխում էր, ինքն իրեն ասաց՝ մայրս չի դիմանալու, կինս, երեխաս լավ-վատ ապրելու են առանց ինձ, բայց մայրս չի դիմանալու, եթե չմեռավ՝ խելագարվելու է… *** Ու նահատակ ընկերների հետ կապված հիշողությունները, որպես ջոկատի դրոշ, որպես հայրենիքի եռագույն, մարտիկից-մարտիկ է փոխանցվելու: Եվ պապից թոռանն է փոխանցվելու: Ու թոռը դադար չի ունենալու: Եվ պապի իր պատմած հիշողություններում կարմիր թելի պես անցնող՝ Հայրենիքի լինելիությունն ու նրա Գաղափարը, նրան սպառնացող վտանգները, նրա նկատմամբ տածած սերերը, հայուհի մեր մայրերի ապրումներն ու ցավը, սպիտակ մազերի նրանց իմաստնացած տեսքը, Ազատամարտի հաղթական ու հաղթանակած նահատակների խիզախությունն ու կորստյան կսկիծը… Խիզախ հորն ու նախահարձակ թուրքին շանսատակ անող պապին նմանվելու մարմաջը հանգիստ չի տալու, հանգիստ չի տալու8230 ու հաղթական ու ազատ ապրելու վեհ մտածումներն ստիպելու է, ստիպելու է, ուզենանք-չուզենանք՝ ստիպելու է…8230 Եվ հաղթական մեր եռագույնները շարքերի միջով ազատ ծածանվելու ու սերունդից-սերունդ է փոխանցվելու, սերունդից-սերունդ է անցնելու: Եվ Վազգեն-տղաները մեր։ Ու Սամվել-տղաները մեր։ Եվ ֆիդայիները մեր։ Ու երկրապահները մեր։ Եվ ազատամարտիկները մեր։ Ու խենթ ու խելառ, ծուռ տղաները մեր։ Ու բանակը մեր։ Եվ մարտերում թրծված բանակի ըմբոստ ու խենթ զինծառայողները մեր։ Հայրենասիրական ճտվտոցներից ու նման բաներից հեռու կանգնած, սակայն Հայրենիքը ողնաշարով սիրող ու զգացող, բանակի գլուխ կանգնած հայեցի այրերը մեր։ Ու մեր… Հայկի նետերը, Տիգրան Մեծը, Վարդանանց պատերազմը, Սարդարապատի ճակատամարտը, Բաշ-Ապարանը, գայլավաշտերն ու Լեռնահայաստանը, Ղարաբաղյան Ազատամարտը, մեր մնացյալ հաղթանակները… Ու մեր մնացյալ հաղթանակները: Եվ մեկ-մեկու հետեւից մարվող թշնամական կրակակետերի վրա հաղթական ծոփացող-ծածանվող մեր եռագույն դրոշները սերունդից-սերունդ է անցնելու լավ պատմվող մեր էպոսին նմանվող բալլադացած մեր հիշողություններում… *** Հեղինակն իր շնորհակալությունը հայտնելով՝ թերթի կոլեկտիվին, գլխավոր խմբագրին եւ ընթերցողին՝ իր բուռն արձագանքման համար, նաեւ իրազեկում է, որ մինչ փողերը չափսոսացող հնարավոր մեկենաս-բարերարի հայտնաբերումն ու գրքի տպագրումը, ընթերցողը հնարավորություն կունենա Արցախյան Ազատամարտի վերաբերյալ՝ «Գողգոթայի ծաղիկներ» վեպի մի շարք հատվածներ կարդալու այլ թերթերում եւ ամսագրերում (գուցեեւ՝ ամբողջությամբ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել