Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկայական հարաբերությունը՝ բազարային տարբերակով

Մայիս 25,2002 00:00

Շուկայական հարաբերությունը՝ բազարային տարբերակով «Ճենտերեճյան դուետի» յուրաքանչյուր համերգ տոն է։ Բացառություն չէր եւ վերջերս Ճարտարապետների տան սրահում կայացած հոբելյանական համերգը՝ նվիրված Աշոտ եւ Արմեն Ճենտերեճյանների ծննդյան 50 եւ բեմական ու ստեղծագործական գործունեության 30-ամյակներին։ 400 տեղանոց լեփ-լեցուն սրահը, որն, ի դեպ, նախատեսված չէ համերգների համար, չկարողացավ տեղավորել ունկնդիրների, որոնք պատրաստ էին ամբողջ երկուսուկես ժամ ոտքի վրա լսելու բարձրարվեստ երաժշտություն՝ բարձրակարգ կատարումներով։ Համերգի ավարտին մեր հարցերին սիրով պատասխանեց Աշոտ Ճենտերեճյանը։ – Հոբելյանական այս շքեղ համերգը ինչո՞ւ է այս սրահում։ – Մեկ պատասխան ունեմ՝ սրահը տրամադրվեց անվճար, որի համար շնորհակալ ենք. դեռ կան ազնվագույն մարդիկ։ Երեւի կմտածեք, թե այս տարիների ընթացքում շրջապատ, բարեկամներ, ընկերներ… Իհարկե՝ ունենք։ Բայց այսպիսի մի պարզ օրինակ բերեմ. եթե լեղապարկի վիրահատությունը պետականորեն որոշված է 600 դոլար, ինչքան էլ ինձ հարգեն, ընդառաջեն, միեւնույն է, գոնե 500-ը, 450-ը պե՞տք է վճարեմ։ Իհարկե՝ այո։ Կմտածեք նաեւ, միանգամից ֆինանսից խոսող երաժիշտը ինչու է ազատ մուտքով համերգ տալիս (գտնվեցին մարդիկ, ովքեր կանգնելու տեղ չունենալու պատճառով հեռացան), ասել է թե՝ հրավերներով։ Որովհետեւ այն շերտը, խավը, որ կգա նմանօրինակ համերգների, փող չունի։ Հետեւաբար, աշխատել ենք եւ դեռ կաշխատենք բաց, ազատ մուտքերով։ Առայժմ Հայաստանում գործում է շուկայական հարաբերությունների բազարային տարբերակը։ Եթե ամեն ինչ ծախվում ու գնվում է, ուրեմն բազար է։ – Ձեր դուետը ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Հունաստանում, Կուբայում, Լիբանանում… Այնտե՞ղ էլ ազատ մուտքերով եք աշխատել։ – Իհարկե՝ ոչ։ Ի՞նչ համեմատություն… Մեր համերգների տոմսի արժեքը սկսվել է 19 դոլարից հասել մինչեւ 80 դոլար։ Սա նորմալ է, եթե ամսական մարդիկ ստանում են 2000 դոլար, ապա կարող են իրենց թույլ տալ գալ համերգի, իսկ մեզ մոտ… – Երեւի ստացե՞լ եք արտերկրում ապրելու, ստեղծագործելու առաջարկ։ – Միանգամից ասեմ՝ ոչ եւ մանրամասնեմ. պատկերացրեք, բեմ են դուրս գալիս երկվորյակ ջութակահար եղբայրներ, սա արդեն կաշառող բան է, հենց թեկուզ՝ աչքի համար։ Առաջին բաժինը, ֆրակներով ներկայացնում են դասական սոնատներ, երկրորդը՝ սմոքինգներով կատարում են ջութակի մանրանվագներ։ Սա էլ պակաս (եթե՝ ոչ ավել) կաշառող բան չէ։ Իսկ ամենակաշառող բանն այն է, երբ նույնիսկ մասնագետները, ներկա գտնվելով մեր համերգին, պարզում են, որ Պագանինին էլ ունի գրված ջութակի համար մեկ դուետ եւ այլն։ Անհամեստ թող չհնչի, բայց ներկա մենեջերները, շահագրգիռ մարդիկ մտածում են, չէ՞, օրինակ, ամեն ինչ ֆինանս է, հենց թեկուզ՝ գրականություն հայթայթելը… Հրավիրե՞նք՝ շատ թանկ կնստի, դե իրենց հայրենիքում առանց պրոբլեմ ապրում են։ Դա ակնառու է հենց համերգից։ Այ, թե ինչի համար հրավերներ չեն եղել։ – Ի՞նչ է նշանակում «գրականություն հայթայթել»։ – Սկսեմ նրանից, որ հայ կոմպոզիտորները, մինչ մեր բեմելը, չունեին գրված ջութակի դուետներ։ Հատուկ մեզ համար գրեցին Էմին Արիստակեսյանը, Էդվարդ Սադոյանը, Էրիկ Հարությունյանը, Իգոր Գոլուբեւը, Լադիսլավ Կուպկովիչը… Բանն այն է, որ աշխարհում մշտական գործող դուետ չլինելու պատճառով, շատ հազվադեպ են ջութակահարները հետաքրքրվել նամանօրինակ գրականությամբ։ Օրերս Կավաֆյան քույրերը ՀՖՆ-ի հետ հիանալի կատարեցին Բախի «D dur» կոնցերտը։ Աշխարհահռչակ ստեղծագործություն՝ գրված երկու ջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Սա ուրիշ բան է։ Ուրիշ են զուտ երկու ջութակի համար գրված գործերը։ – Փաստորեն, խթանը դուք հանդիսացաք, ձեր դուետը հանդիսացավ, որ հայ կոմպոզիտորները գրեցին հատուկ երկու ջութակի համար, եւ ձեր միջոցներով հայթայթում ենք գրականություն։ – Այո։ Միայն վերջերս եղբորս աղջիկը մեր խնդրանքով Իտալիայից «հասցրեց» Տարտինիի սոնատը։ Մեր միջոցներով, կապերով ստացանք Մոցարտի, Հայդնի, Կորելլիի տասներկու սոնատները։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել