Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎՈՐ ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ

Մայիս 25,2002 00:00

ԳՐԱՎՈՐ ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ Երեկ Հայաստան-Սփյուռք 2-րդ խորհրդաժողովի բացման նախաշեմին ասուլիս էր հրավիրել ԱԳ նախարար, խորհրդաժողովը նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Վարդան Օսկանյանը։ Նա հայտարարեց, որ ուզում է անդրադառնալ միայն չպարզաբանված հարցերին (նկատի ունենալով, որ շատ է գրվել ու խոսվել խորհրդաժողովի մասին), սակայն, այնուամենայնիվ, չզլացավ կարդալ կայանալիք միջոցառումների համարյա ողջ ցանկը՝ ըստ օրերի եւ ժամերի։ Վ. Օսկանյանը տեղեկացրեց, որ դեռ շարունակվում է խորհրդաժողովին մասնակցելու ակնկալիքով Հայաստան եկողների հոսքը։ Ասաց նաեւ, որ արդեն ժամանել է 1500 մասնակից՝ շուրջ 45 երկրից։ Նույն թվով մասնակիցներ կլինեն նաեւ Հայաստանից եւ Արցախից, իսկ առաջին պլենար նիստում նրանց թիվը գուցե կգերազանցի 3000-ը։ ԱԳ նախարարն ասաց, որ խորհրդաժողովը բաղկացած է երկու հիմնական մասից (պլենար եւ աշխատանքային խմբեր)։ Ըստ նրա, մասնագիտացված խմբերը կաշխատեն 4 ուղղություններով՝ քաղաքականություն. Հայաստան-Սփյուռք (կառուցվածքային, կազմակերպչական հարցեր), մամուլ եւ տեղեկատվություն, գործարարություն եւ տնտեսություն, ինչպես նաեւ՝ կրթություն, գիտություն, մշակույթ։ ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ թվարկված 4 ոլորտներին վերաբերող բոլոր թեմաներն ընտրվել են կազմակերպիչների եւ սփյուռքահայերի կարծիքների հիման վրա ու «ներկայացնում են այսօրվա հրատապ խնդիրները»։ Իսկ մայիսի 28-ի վերջին նիստն էլ «կնվիրվի կոնկրետ պրոյեկտների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուն եւ դրանք իրականացնելու մեխանիզմներ մշակելուն»։ Պարզվեց, որ կլինեն նաեւ այլ՝ լրացուցիչ միջոցառումներ՝ տնտեսական ոլորտին նվիրված։ ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ սփյուռքահայերի կողմից առաջարկված բազմաթիվ ծրագրեր կան, որոնց շուրջ արդեն եղել են նախնական խորհրդակցություններ։ Սակայն նա չկամեցավ թվարկել դրանք, պատճառաբանելով, որ վերջիններս դեռ չեն արժանացել խորհրդաժողովի վերջնական հավանությանը. «Մեր նպատակներից եւ ակնկալած արդյունքներից մեկն էլ այն է, որ կարողանանք թվարկած ոլորտներից յուրաքանչյուրում 1-2 կոնկրետ ծրագիր արժանացնել խորհրդաժողովի հավանությանը եւ աշխատանքային խմբերի միջոցով իրականացնել առաջիկայում»։ Լրագրողներին միայն տեղեկացրին, որ ներկայացված ծրագրերի ծանրակշիռ մասը վերաբերում է գիտությանը, կրթությանն ու մշակույթին, ինչպես նաեւ մամուլին, ինտերնետի օգտագործման խնդիրներին։ Հանձնաժողովի նախագահը խոստովանեց, որ Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը շարունակելու է առաջինի կիսատ թողած գործը, սակայն փորձեց նաեւ հավատացնել, որ «վերջին երեք տարիների ընթացքում շա՜տ բան է արվել Հայաստանում, ու բոլորս էլ դրա ականատեսն ենք եղել»։ Նա ասաց, որ կազմակերպիչներն էլ իրենց հերթին առաջարկել են գործնական ու տեսական բնույթի 7-8 ծրագիր։ Վ. Օսկանյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում բիզնեսի ծավալմանն ու Հայաստանի տնտեսությանը՝ յուրօրինակ մի հայտարարությամբ. «Համոզված եմ, որ մեր հայրենակիցները համաժողովի միջոցով ծանոթանալու են հայկական բիզնեսին ու հայկական մթնոլորտին… իսկ որոշ մարդկանց մոտ (երբ տեսնեն վերջին տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած դրական տեղաշարժերը) հաստատ վստահություն կառաջանա գալ Հայաստան եւ բիզնես անել»։ Նա, իհարկե, չէր կարող ժխտել, որ «եղել են նման փորձեր, որոնք խոչընդոտների են հանդիպել», սակայն, ըստ պրն Օսկանյանի, երկրի տնտեսության կլանայնության վերաբերյալ դեռեւս գրավոր դժգոհություն համաժողովի որեւէ մասնակցից չի ստացվել։ Ի դեպ, Վ. Օսկանյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ծրագրում ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ կոնկրետ թեմա չկա, բայց «խոսք կգնա ե՛ւ կոմպլեմենտար քաղաքականության, ե՛ւ ղարաբաղյան հարցի, ե՛ւ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության մասին»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել