Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՆԵՆ… ՀԱՅԵՐԸ

Մայիս 25,2002 00:00

Ի՞ՆՉ ԱՆԵՆ… ՀԱՅԵՐԸ «Առավոտի» մայիսի 9-ի համարում տպագրվեց Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչների (ազգությամբ եզդի, 35 ստորագրությամբ) նամակը՝ «Ի՞նչ անեն եզդիները» վերնագրով։ Նամակում խոսք էր գնում արոտավայրերի վարձակալության հետ կապված մրցույթի մասին եւ բնակիչները արտահայտել էին ընդամենը իրենց կարծիքը։ Կոտայքի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Լ. Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ կառավարության որոշման համաձայն, սահմանված կարգով մրցույթի հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթից երեք օր առաջ։ Կապված վերոնշյալ տարածքների վարձակալման համար անցկացված մրցույթին մասնակցելու հետ, նա հայտնեց, որ բաց նամակի հեղինակները նույն օրն են ցանկություն հայտնել մասնակցել մրցույթին, հետեւաբար հանձնաժողովը չէր կարող «թույլատրել նրանց դառնալու այդ օրվա մրցույթի մասնակից»։ Լ. Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Զովունի գյուղի բնակիչները փետրվարի 26-ին չեն ներկայացել մրցույթին, «դրանով իսկ հնարավորություն ստեղծելով այդ տարածքները վարձակալելու այլ հարկատուների կողմից»։ Նա նաեւ «Առավոտին» հայտնեց, որ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հեռագնա արոտների թվով 57 վարձակալներից եզդի են 42-ը, մրցութային հանձնաժողովին դիմած թվով 44 ազգությամբ եզդի հայտատուներից 42-ը հաղթել են, նրանց հետ կնքվել է վարձակալական պայմանագիր 3-5 տարի ժամկետով։ Մարզի տարածքում, ըստ Լ. Պետրոսյանի, առկա շուրջ 23 հազար հա արոտներից առայսօր վարձակալվել է 9500 հա։ Ի դեպ, մայիսի 30-ին, Հրազդան քաղաքում անցկացվելու է նոր մրցույթ «Միսխանա» եւ «Գեղամա» զանգվածներից։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել