Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ «ԱՐԱՐԱՏԻ» ՄԱՍԻՆ

Մայիս 25,2002 00:00

ԴԱՐՁՅԱԼ «ԱՐԱՐԱՏԻ» ՄԱՍԻՆ Նորաստեղծ «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել «Կոնգրես» հյուրանոցում։ Խրախուսելի է, որ այս կազմակերպությունը իր նորամուտը նշեց ոչ թե ընդունված շնորհանդեսով, այլ միանգամից հանդես եկավ իր առաքելությամբ՝ ներկայացնելով բաժնետերերի խախտված իրավունքների շահերը։ Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը սատարելու է մեր երկրում կորպորատիվ կառավարման սկզբունքների պահպանմանը։ Նրա համոզմամբ, անհնարին է ապահովել բիզնես-միջավայր, եթե չեն պահպանվում կորպորատիվ կառավարման սկզբունքները։ Իսկ հրավիրված ասուլիսը հենց վերաբերում էր այդ սկզբունքների վերացմանը եւ բաժնետերերի շահերի ոտնահարմանը «Արարատ» գինու կոմբինատում։ Մեր թերթը բազմիցս անդրադարձել է «Արարատում» ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք միայն, որ արդեն 7 տարի ձգձգվող այս պատմության հետեւանքով մինչ (չնայած ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կարգադրությանը) օրս ընկերության ռեեստրը չի վարվում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, անհայտ է ընկերության ֆինանսական իրական վիճակը, չեն պահպանվում «բաց» ընկերությունների համար ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պարտադիր կանոնները։ Այս խախտումները կարելի է անվերջ շարունակել։ Նշենք միայն, որ այդ ամենի հետեւանքով ոտնահարվել են ոչ միայն տեղացի բաժնետերերի, այլեւ սփյուռքահայ ներդրողների շահերը։ Ներկայումս այս ընկերությունում ստեղծված իրավիճակը մտահոգել է ոչ միայն արժեթղթերի շուկայի կարգավորմանը կոչված ՀՀ արժեթղթերի հանձնաժողովին, այլ «Կորպորատիվ կառավարման կենտրոնին», որն էլ ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, որոշել է սատարել այս ընկերության բաժնետերերին՝ իրենց իրավունքների պաշտպանության հարցերում։ Մ. Լ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել