Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏՎԵԼ»

Մայիս 25,2002 00:00

«ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏՎԵԼ» «Առավոտի» 21.05.2002թ. համարում տպագրված «HSBC-ի արգենտինյան մասնաճյուղը սնանկ է։ Բանկային համակարգի խոցելիության թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանում։ Օրեր առաջ Արգենտինայում բանկրոտի է ենթարկվել HSBC բրիտանական հեղինակավոր բանկի մասնաճյուղը» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ «բանկային համակարգից «Առավոտի» լավատեղյակ աղբյուրները» հերթական անգամ ստել են եւ ապատեղեկատվություն են տրամադրել Ձեր հեղինակավոր թերթի ընթերցողներին։ Պաշտոնապես տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Կենտրոնական բանկը ոչ մի «կարգով»՝ ոչ պաշտոնական, ոչ էլ «ներքին», հայաստանյան առեւտրային բանկերին խորհուրդ չի տվել ժամանակավորապես «HSBC բանկ Հայաստանի» հետ պայմանագրեր չկնքել եւ գործարքներից խուսափել»։ Հայտնում ենք նաեւ, որ «HSBC բանկ Հայաստանը» գործող լավագույն բանկերից մեկն է։ Զ. ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Այս կիսամյակի ամենամեծ անակնկալը կլիներ, եթե ԿԲ-ն խոստովաներ, որ, իրոք, «ներքին կարգով» Հայաստանի առեւտրային բանկերին խորհուրդ է տվել «HSBC բանկ Հայաստանի» հետ պայմանագրեր չկնքել։ Այս ամենով հանդերձ, մենք, իհարկե, չենք կարծում, որ «ներքին կարգով» բանկերի աշխատանքին միջամտելու համար «դեղին քարտ» ստանալուց հետո է Կենտրոնական բանկը սույն հերքումն ուղարկում, բայց մի հետաքրքիր հանգամանք կա։ ԿԲ-ն չնչին բացառությամբ որեւէ անգամ «Առավոտի» հրապարակումների վերաբերյալ հերքմամբ հանդես չի եկել։ Մինչդեռ, «Առավոտը» գրել է բանկային համակարգում տեղի ունեցող թե՛ չարաշահումների, թե՛ անարդյունավետ կառավարման, թե՛ անհեռանկար համակարգային վարկի մասին։ Այսպիսով, սույն հերքումն անուղղակիորեն հաստատում է նշյալ հրապարակումների հավաստիությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել