Լրահոս
Օրվա լրահոսը

Ով անմեղ է այսօր, վաղը կլինի մեղավոր

Մայիս 25,2002 00:00

Ով անմեղ է այսօր, վաղը կլինի մեղավոր Դեռեւս պատերազմի հենց սկզբից թուրքական կառավարությունը կոպիտ կերպով ոտնահարեց 1899 եւ 1907թթ. Հաագայում կնքված միջազգային կոնվենցիաների դրույթները՝ խաղաղ բնակչության անձեռնմխելիության իրավունքի մասին։ Այսպիսով, 1914թ. նոյեմբեր-դեկտեմբերին սկսվեց արեւմտահայ ժողովրդի առաջին հատվածների տեղահանությունը։ Այն ծանոթ պատկերներից մեկը, որ միշտ ապրել է մեր տարաբախտ ժողովուրդը, երբ թշնամու անողորմ յաթաղանն է կախվել նրա գլխին։ Աննկարագրելի է արեւմտահայության վիճակը ճակատամերձ շրջաններում պատերազմի սկզբից մինչեւ 1915թ. գարուն, երբ թրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ արեւմտահայության բնաջնջման, ցեղասպան իրենց ծրագրերի իրականացմանը։ 1914թ. աշնանից սկսած, երիտթուրքերի որդեգրած հայահալած շովինիստական քաղաքականությունը թեւակոխում էր իր նոր, ավելի մարդատյաց, ազգասպան փուլը։ Նախ թրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի դեմ քաղաքական մեղադրանք առաջ քաշելու, այն հիմնավորելու եւ այդ ոգով թուրք ժողովրդի խավար եւ մոլեռանդ խավերին սնելու ու համոզելու գործին։ Եթե աշխարհի մահմեդականներին «գերությունից եւ թշվառությունից ազատելու», «սրբազան ղուրանը» փրկելու թրքական կոչը արձագանք չէր գտնում պատերազմի դաշտում, ապա այն իր ազդեցությունը ուներ երկրի ներսում։ Թալեաթը գերմանական դեսպանատան ներկայացուցչին այդ օրերին նշել էր. «Մենք՝ թուրքերս, պարտավոր ենք ու ցանկանում ենք այս համաշխարհային պատերազմը օգտագործել՝ մեր հաշիվը մեր ներքին թշնամիների (իմա՝ հայերի) հետ հիմնովին մաքրելու համար, առանց արտասահմանի դիվանագիտության կողմից այս անհրաժեշտ աշխատանքի մեջ խառնվելու»։ Այսպես էին մտածում թրքական կառավարիչները եւ իրենց ջանքերն ուղղում առաջին հերթին հայ ժողովրդի դեմ, նախապատրաստում նրա բնաջնջման քաղաքական ու տակտիկական հիմնավորումը։ 1915թ. ապրիլից Օտոմանյանի կառավարությունը ողջ Թուրքիայով սկսեց սիստեմատիկորեն կենսագործել հայ ժողովրդի բնաջնջման խնամքով ծրագրավորած պլանը։ Իթթիհատի կենտրոնը որոշել էր առաջին հարվածը հասցնել արեւմտահայ ժողովրդի առաջնորդող ուժին՝ Կ. Պոլսում կենտրոնացած հայ մտավորականությանը, ոչնչացնելով մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների՝ հայկական եւ ոչ միայն հայկական, այլեւ թուրքական կուլտուրայի զարգացման գործում անգնահատելի ծառայություններ ունեցող անվանի գործիչներին, խեղդել նրանց ձայնը նախապատրաստվող հրեշային կոտորածների ժամանակ։ Սկսած 1915թ. ապրիլի 24-ից մինչեւ ապրիլի 29-ը ձերբակալվեցին եւ ապա խմբերով Անատոլիայի խորքերն աքսորվեցին հայ անվանի երեսփոխաններ, ուսուցիչներ, բժիշկներ, արվեստագետներ, հոգեւորականներ, լրագրողներ եւ այլ մասնագիտությունների տեր անվանի այրեր՝ ավելի քան ութ հարյուր հոգի։ Աքսորյալներին հավաստիացնում էին, թե նրանք դատարանի առջեւ կկանգնեն Դիարբեքիրում, Գրիգոր Զոհրապը համոզված էր, որ հնարավորություն կունենա դատարանում մերկացնել թրքական կառավարության անօրինական խժդժությունները։ Սկիզբ էր առել Մեծ եղեռնը։ 1915թ. մայիսի 24-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կառավարությունները հակահայկական գործողությունների առթիվ թրքական կառավարությանն ուղղեցին հայտարարություն։ Այդ փաստաթղթում նշվում էր թրքական կառավարության մեղսակցությունը Վանում, Էրզրումում, Դերջանում, Ակնում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում եւ այլ վայրերում հայերի կոտորածներին։ Մինչեւ 1915թ. աշուն ոչնչացվել էին հայկական վիլայեթների հայաշատ բնակավայրերը, այլեւս հայ չէր թողնվել Էրզրումի, Տրապիզոնի, Սվասի, Խարբերդի, Բիթլիսի եւ Դիարբեքիրի նահանգներում։ Այս շրջանների մեկ միլիոն հայ բնակչությունը այլեւս չկար, նրա շատ փոքր մասին էր հաջողվել մազապուրծ լինել եւ վերապրել օտար երկնակամարների տակ։ Մահվան ալիքը հյուսիսից տարածվել էր հարավ՝ հասնելով մինչեւ Միջագետքի խորքերը։ Կենդանի մնացած, կիսամերկ ու քաղցած հայ մարդկանց վերջին հանգրվանը սիրիական անապատն էր։ 1915թ. օգոստոսի 31-ին Թալեաթը ցինիկորեն հայտարարում էր, թե հայկական հարց այլեւս գոյություն չունի, թե իրենք այդ հարցը «լուծեցին» երեք ամսում, որը չէր կարողացել անել Աբդուլ Համիդը երեսուն տարում։ Պատմագրության մեջ մինչեւ այսօր էլ հիշատակվում է 1915թ. եղեռնը եւ աչքաթող է արվում այն փաստը, որ սարսափելի կոտորածները նոր թափով շարունակվեցին 1916թ., թեեւ այդ ժամանակ արդեն չկային ոչ դեպորտացիայի անհրաժեշտություն եւ ոչ էլ ըմբոստություններ։ Խոսքը Օսմանյան կայսրության հարավային շրջանները, գլխավորապես Միջագետքի, Սիրիայի անապատները քշված հարյուր-հազարավոր հայ տարագիրների զանգվածային ջարդերի մասին է։ Ցեղասպանության ալիքը նոր թափ ստացավ խորհրդային երկրների փլուզմանը զուգահեռ եւ թեւակոխեց հետխորհրդային ժամանակաշրջան։ Հայաթափվեց Արցախը, գլխավորապես՝ դաշտային շրջանները, ուր տասնյակ հազարավոր տարագիրներ, զանգվածային ջարդերի ենթարկվելով, լքեցին իրենց հայրենի օջախները։ Համատարած ջարդեր տեղի ունեցան ոչ միայն Արցախում, այլ նաեւ բուն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում եւ այլուր։ Եվ միայն ռուսական բանակի գեներալ Ալեքսանդր Լեբեդի ջանքերով Բաքվի շրջանից կարողացան փրկվել չորս հարյուր հազարի հասնող հայ բնակիչներ։ Հայ կամավորական ինքնապաշտպանական փոքրաթիվ ջոկատները փորձ կատարվեց դիտել որպես միջազգային ահաբեկչական խմբավորումներ, իսկ հայ մտավորականությանը ներկայացնել իբրեւ միջազգային ահաբեկիչներ։ Ադրբեջանի հակահայ վարչախմբի կողմից ի գործ դրվեց հալածանքների մի ամբողջ շարան՝ հայ մտավորականության դեմ։ Հետախուզում հայտարարվեց քաղաքական գործիչների, անվանի գրողների, անգամ Ադրբեջանի մշակույթի եւ գիտության զարգացման գործում շոշափելի արժեքներ ստեղծող հեղինակավոր գործիչների դեմ: Խոնարհվել եղեռնի զոհերի հիշատակի առջեւ, դեռ չի նշանակում հայկական պետականությունն ու հայ ժողովրդին զերծ պահել նոր եղեռնից։ Ա. ՄՆՋՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել