Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ

Մայիս 25,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ «Դա մտացածին հերյուրանք է եւ իր մեջ ճշմարտություն չի պարունակում»,- այսպես որակեց տնտեսագիտության դոկտոր Հովհաննես Ֆահրադյանը «Առավոտի» թիվ 95-ում տպագրված «Դոկտորական գրագողությո՞ւն» լուրը։ Ապա հավելեց, որ Արայիկ Սարգսյանի ատենախոսությունը «առաջին աշխատանքը չէ, որ մի քանի անգամ քննարկման նյութ է դառնում»։ Եվ քանզի պարոն Ա. Սարգսյանը նախապես Տնտեսագիտության գիտական խորհրդի նախագահին խնդրել էր մայիսի 23-ին տեղի ունենալիք քննարկմանն իր աշխատանքին վերջնական գնահատական տալ՝ պարոն Ֆահրադյանը հայտարարեց. «Այո, մենք պատրաստվում ենք մեղմ մոտենալ, բայց, նկատի ունենալով, որ գործ ունենք աշխատանքի մեջ մտնող մարդու հետ։ Սա նույնպես եզակի դեպք չէ»։ Մինչդեռ, Արայիկ Սարգսյանը, ի պատասխան հրապարակման, հայտարարեց. «Ես շատ ուրախ եմ. որոշել էի Հայաստանից հեռանալ՝ դա ինձ հետո կօգնի»։ «Արտերկրում հալածված եւ ճնշված ներկայանալո՞ւն»,- «Առավոտի» հարցադրումը Ա. Սարգսյանը անպատասխան թողեց։ Ապա, «այդ ամենն» իր դեմ ուղղված «կեղտոտ խաղ» որակեց, քանզի «աշխատանքում հիմնական քննադատությունն ուղղված է վերջին 10 տարում Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությանը, որի նպատակն է ստրկացնել Հայաստանը՝ սարքել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կցորդ։ Ես դեմ եմ գլոբալիզացիային, որը կբերի Հայաստանի նոր գաղութացմանը, երկրի ոչնչացմանը։ Իմ ասածի փաստը վերջին 10 տարվա ընթացքում երկրից արտագաղթած 1,5 մլն մարդն է։ Մարդիկ լավ տեղից չեն գնում»։ Ի դեպ, արտագաղթին վերաբերող այս հաշվարկն Ա. Սարգսյանը կատարել է 98-ին Հայաստանում սպառված աղի եւ շաքարի քանակությամբ։ Ըստ Սարգսյանի, իր աշխատանքը հնարավորություն է տալիս ազգայնացման քաղաքականություն վարել, իսկ իշխանությունները դեմ են դրան։ Կարգի համաձայն, նախ դոկտորանտը ներկայացրեց աշխատանքի՝ նախորդ նիստերում եղած դիտողությունների լրամշակումը։ Ի դեպ, աշխատանքի նորույթներն ամփոփված են 7 կետերում, որոնցից են ՀՀ-ում կյանքի տեւողության, կրթության ինդեքսների հաշվարկը, տնտեսական ինքնուրույնության ապահովման համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումը բոլոր հարեւան երկրների հետ եւ այլն։ Ապա հետեւեցին զանազան հարցեր, որոնք պարոն Ա. Սարգսյանը, գիտխորհրդի անդամ Հրաչիկ Ավագյանի դիտարկմամբ, «սվիններով ընդունեց եւ հաճախ կոպիտ, վիրավորական տոնով պատասխանեց»։ Այս ամենից հետո, աշխատանքի գրախոսողներն իրենց կարծիքը ներկայացրին։ Ըստ Արմենակ Դարբինյանի. «Աշխատանքում նպատակը չի համընկնում վերլուծությանը։ Վերլուծությունը մակերեսային է եւ չունի գիտական խորություն։ …Նորույթը փաստարկված չէ»։ Ըստ Գեւորգ Խանիկյանի. «…Բացակայում է աղբյուրներին հղումը, այլ հեղինակների՝ թեմային առնչվող կարծիքների համա եւ հակադրումը իբրեւ եզրակացություն սեփական կարծիքի հիմնավորումը։ …Համաշխարհային տնտեսության բաժնի վերջում տրված ամփոփումները հանրահայտ են եւ գիտական հիմնավորում չեն պարունակում։ Կրթությանը եւ առողջապահությանը վերաբերող բաժիններում հետազոտությունները 1999-ի տվյալներով են արված եւ մակերեսային են։ Խոսք չկա ոլորտում համատեղ ձեռնարկությունների գործակցության արդյունավետ ճյուղերի մասին, գիտական ոլորտի ինտեգրացիայի մասին»։ Թորոս Թորոսյանի կարծիքով. «…Աշխատանքում կան դեկլարատիվ դրույթներ, որոշ հարցեր անմիջականորեն չեն առնչվում թեմային, վերլուծության փոխարեն հավելվածում բերվում են պաշտոնական աղյուսակներ՝ մեկնաբանությունը թողնելով ընթերցողին։ …Ցանկության ձեւով եւ առանց հիմնավորման առաջարկվում է որոշ միջազգային տնտեսական կառույցներում ՀՀ-ն ընդգրկել»։ «Ինձ համար ուսանելի էր, կարդացի, ահագին բան սովորեցի,- ասաց Դերենիկ Արշակյանը,- նշված են ՀՀ տնտեսության սպեկտորները, բացթողումները եւ դրանց հաղթահարման ուղիները։ …Բայց չի հաղթահարված տնտեսագիտական հայտնի ասույթների հեղինակին հղումները, որոնք ծանրացնում են հեղինակային պատկանելության հանգամանքների իսկությունը»։ Իսկ ըստ նիստի նախագահող Հովհաննես Ֆահրադյանի. «Չի կարելի թողնել, որ դոկտորական դիսերտացիան այդքան ուսուցողական բնույթ ունենա։ Այն գիտական, քննական, վերլուծական աշխատություն պետք է լինի։ Կարիք չկար գրել, թե միջազգային կազմակերպությունները երբ են ստեղծվել։ …Ո՞ր ինտեգրացման դեպքում՝ շահում ենք, ո՞ր դեպքում՝ կորցնում, այսպիսի մոտեցումներ չկան։ Թեմային առնչվող խոսք չկա. չի կարելի դոկտորական դիսերտացիա պաշտպանողը հայտարարի, որ ինքը ծանոթ չէ եղած կարծիքներին եւ պետք էլ չէ»։ Արդյունքում, բոլորը միաբերան փաստեցին, որ «լուրջ վերափոխումներ են պետք, այս վիճակով հրապարակային պաշտպանության չեն երաշխավորում»։ Նիստից հետո, կես ժամ տեւած բանավեճում դոկտորանտը պահանջում էր անպայման տալ փորձաքննության, թեկուզ բացասական եզրակացությունը, քանզի, իր համոզմամբ. «Ես Բարձրագույն որակավորման հանձնաժողովում ճշտել եմ, որ իրենց պահանջներին համապատասխան աշխատանք ունեմ եւ նախնական կազմակերպության բացասական կարծիքն անգամ չի կարող ազդել պաշտպանության հետագա ընթացքի վրա»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ինչ վերաբերում է «գրագողություն» որակմանը, նման բառ նիստի ընթացքում չօգտագործվեց եւ ի պատասխան «Առավոտի» հարցադրման, որ, այնուամենայնիվ, աղբյուրներին հղումներ չկատարելու փաստը բազմիցս նշվեց, նախագահող Հ. Ֆահրադյանը պատասխանեց. «Նախորդ քննարկումների ժամանակ էլ մենք էջերն ենք ցույց տվել եւ զգուշացրել հղում կատարել, որպեսզի գրագողության մեջ չմեղադրեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել