Լրահոս
Օրվա լրահոսը

Համ էլ կլողանանք

Մայիս 25,2002 00:00

Համ էլ կլողանանք Հայտնի բան է՝ ամենօրյա տաք ցնցուղը օգտակար ու կարեւոր հանգամանք է լավ ինքնազգացողության համար։ Բայց դե արի ու մեր «թասիկային» ցնցուղն ամեն օր ընդունիր։ Ոչ միայն ժամանակ, այլ նաեւ մեծ համառություն է պետք։ Ընկերուհիս խորհուրդ տվեց գնալ իրենց թաղամասում գտնվող մի բաղնիք։ Իսկ «բաղնիք» ասածը մի երկհարկանի առանձնատան առաջին հարկում էր, որի մուտքի վերեւում անվարժ ձեռքով ու սպիտակ ներկով գրված էր հենց այդպես՝ «բաղնիք»։ Ներսում նստած ժպտերես ու տարիքով մարդն ուրախ գրանցում էր լողանալու մտադրությամբ եկածներին։ Նրա գլխավերեւում մի փոքրիկ գրադարակ կար, որը, ըստ երեւույթին, պետք է ծառայեր լողանալուց հետո ծարաված մարդկանց։ Ընդամենը չորս շիշ։ Գրանցողից մի փոքր աջ՝ կապույտ, մեծ պոլիէթիլենով ծածկված երկաթե մեխանիզմներ էին, որոնցից մի քիչ աղմուկ էր առաջանում եւ այցելուն պետք է բարձր արտասաներ իր անունը (ստիպված)։ Իսկ ձախ կողմի պատին փոքրիկ տառերով գրված էր «Վարսավիրանոց» եւ մի փոքրիկ դուռ կար։ Դա էլ, երեւի, գեղեցկության սրահի մի մասնաճյուղ էր։ Այդ վարսավիրանոցում (ըստ ընկերուհուս պատմածների) կանացի վարսավիրը տղամարդու կարճ սանրվածքներով է ապահովում բոլոր կանանց անխտիր, իսկ նրանք էլ՝ ճիշտն ասած, դժգոհ չեն։ Չմոռանամ ասել «կկու» կանչող ժամացույցի մասին, որը ամեն կես ժամը մեկ «կու-կու» է կանչում եւ հսկիչին հիշեցնում լողացողների ժամի մասին։ Երեւի հսկիչը մոռացկոտ մարդ է։ Իսկ բաղնիքի «անձնակազմը» չի մոռացել նաեւ հոգալ այցելուների գեղագիտական պահանջների մասին։ Այստեղ կային 2 ակվարիումներ, որտեղ լողացող բազմաթիվ ձկնիկները երեւի ուզում են մեզ հիշեցնել, որ լողանալը լավ բան է։ Լողանալուց առաջ եթե հայտնաբերեք, որ մոռացել եք ռետինե մաշիկները, մի վհատվեք, այստեղ ձեզ կառաջարկեն դրանցից, ճիշտ է, իրենց դարն ապրած եւ թելերով կապկպված։ Բայց մի՞թե դա է կարեւորը։ Հիգիենայի հարցն էլ լուծվում է առանց տարաձայնությունների. դա ընդամենը վարար ջրի հոսքն է, որ ապահովում է վերոհիշյալ ռետինե մաշիկները հագած մի ծեր կին։ Նա խողովակով սառը ջուրը պահում է հատակին եւ վերջ՝ ախտահանումը կատարված է։ Իսկ եթե, ասենք, տեսել եք լողասենյակի սպիտակ սալիկները, գայթակղվել եւ արդեն լողանում եք՝ դեռ վերջնականապես ձեզ երջանիկ մի համարեք։ Քանի որ լողասենյակ-առանձնասենյակների պատերը բարակ են, ասես ստվարաթղթից եւ դուք պա՜րզ կլսեք, թե ինչպես դժգոհելով իր տարիքից՝ լողանում է մի ծեր մարդ։ Կամ կողքի սենյակի աղջիկն ինչպես է բողոքում տաք ջրի բացակայությունից, իսկ նրան դրսից անընդհատ խորհուրդ են տալիս պտտել բոլոր փականներն անխտիր։ Վերջում հիշենք, որ մեր ժողովուրդը համամիտ չէ եւ չի հաշտվում ամսական 420 դրամ ջրի վարձի հետ, սակայն մեկ ժամ լողանալու համար վճարում է 700 դրամ։ Իսկ եթե բոլորը սկսեն վճարել այդ 420 դրամը եւ ունենան սառը ցնցուղ, հետաքրքիր է՝ որքան է հարկավոր «երջանիկ» տաք ցնցուղ ունենալու համար։ Մ. ԴՈԽՈԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել