Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էյրբաս 330-ը՝ կառավարության ապագա պարտք

Մայիս 25,2002 00:00

Էյրբաս 330-ը՝ կառավարության ապագա պարտք Այս անգամ էլ ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանի՝ Բելգիայից ինքնաթիռ բերելու մասին լեգենդները չիրականացան։ Այս անգամ՝ բարեբախտաբար չիրականացան։ Ավիացիայի բնագավառի մի քանի աշխատակիցներից փորձեցինք ճշտել, թե ինչու խոստացած Էյրբաս 330-ի վարձակալման նախաձեռնությունը չկայացավ։ Պարզվում է, որ դեռ վերջերս ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանը բելգիական VG Airlines-ի հետ պայմանագիր էր կնքել Երեւան-Բրյուսել-Լոս Անջելես չվերթը շաբաթը երեք անգամ Էյրբաս 330-ով կատարելու մասին։ Ինքնաթիռի ամսական վարձավճարը՝ մոտ 600.000 դոլար, վառելանյութը, ինքնաթիռի տեխսպասարկման եւ ապահովագրական բոլոր ծախսերը պետք է կատարեր VG Airlines-ը։ Այդ պայմանագրի համաձայն, հայկական կողմը յուրաքանչյուր թռիչքի համար որոշ քանակի՝ 100-ից ավելի նստելատեղեր պետք է ապահովի. «գարանտիա» տրված աթոռների արժեքը նույնպես կազմում է ամսական 600.000 դոլար։ Այսինքն՝ այս Էյրբաս 330-ի հետ պայմանագրի արժեքը ամսական 1 մլն 200 հազար դոլար պետք է կազմեր, որը բավական մեծ գումար է։ Ամենավտանգավորը պայմանագրում այն է, որ Հովհաննես Երիցյանը սա կնքել էր ՀՀ կառավարության անունից։ Հետեւաբար, եթե ավիացիան չկարողանար վճարել, այդ գումարները պետական պարտք են դառնում եւ ՀՀ կառավարությունը ստիպված կլիներ վճարել։ Ընդ որում, VG Airlines-ը նորաստեղծ ավիաուղի է, որն առանձնապես մեծ փորձ չունի, բացի այդ, պայմանագիրը կնքելու պահին VG Airlines-ը ԱՄՆ թռչելու իրավունք չուներ։ Այս պայմանագրի հաջորդ խոցելի կողմն այն էր, որ Բրյուսելը Լոնդոնի, Ֆրանկֆուրտի, Ամստերդամի եւ Փարիզի նման մեծ ուղեւորահոսքով քաղաք չէ, որպեսզի չվերթը բավարար չափով ծանրաբեռնվի։ Ուղեւորաշարժի առումով Բրյուսելն անհարմար քաղաք է. որքան հայտնի է, անգամ ԱՄՆ գրեթե ոչ մի քաղաքից այսօր Բրյուսել թռիչք չկա։ Այս թռիչքը, փաստորեն, անիմաստ է դառնում գոնե այնքան ժամանակ, մինչեւ VG Airlines-ը ԱՄՆ թռչելու իրավունք չստանա։ Պարզ հաշվարկներով անգամ ամենատաք եղանակին Լոս Անջելեսից ուղեւորաշարժը մոտ 400-ի է հասնում։ Հարց է՝ ինչպե՞ս պետք է շաբաթը 300 (եւ ավելի) մարդ օգտվի այս թռիչքից, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ շատերն օգտվում են այլ ավիաուղիներից։ Ինչ խոսք, ինքնաթիռ էլ է պետք, նոր չվերթեր էլ, սակայն ոչ այս գնով ձախողման ենթակա բիզնես-պլանով։ ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանի ակադեմիկոսի նոր ստացած կոչումը ավիացիայի ոլորտում իր գործունեության մեջ, փաստորեն, որակական է՛լ ավելի անկումի հանգեցրեց։ Իբր լավ գործ է անում՝ ինքնաթիռ է բերում, այնինչ վերոհիշյալ պայմանագրի՝ Երիցյանի վարած քաղաքականության արդյունքում «վաղը» բոլորս (ի դեմս ՀՀ կառավարության) կարող էինք շալակել խոշոր չափերի հասնող պարտքեր։ Զարմանալի է, որ թեեւ իշխանություններն այս պայմանագիրը, բարեբախտաբար, չեղյալ են համարել, սակայն Հովհաննես Երիցյանին շարունակում են փայփայել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել