Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Մայիս 25,2002 00:00

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ Քանի որ Վանո Սիրադեղյանի թափուր թողած 75-րդ տարածքում վերջապես կայացան այդ թափուր տեղին անմռունչ ու սրտապատառ հավակնողների ընտրությունները, մենք հնարավորություն ստացանք ըստ ամենայնի վերլուծել մեր ժողովրդի մի հատվածի կատարած ընտրությունը՝ առանձին վերցրած մի տարածքում (ընտրատարածքում)։ Քանի որ Սիրադեղյանի վերընտրվելու հնարավորությունը կասեցվեց՝ այդ տարածքից պատգամավորության հիմնական հավակնորդներ մնացին ոմն Իլյիչ, Հայաստանի գրողների միության նախագահը եւ տվյալ տարածքի մաքսային մի նախկին գործիչ։ Նաեւ շատերը գիտեն (թերթերը գրել են), որ Հայաստանի գրողների միության նախագահի օգտին ակտիվ քարոզչական աշխատանք ծավալեցին Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը եւ այլ կարկառուններ, որոնք ԳՄ նախագահին գովաբանեցին նաեւ տեղական հեռուստաէկրաններից։ Առաջ անցնելով ասենք, որ դա, փաստորեն, չօգնեց ԳՄ նախագահին։ Բայց, բոլոր դեպքերում, դա միանգամայն ուսանելի դաս էր։ Բոլորիս համար պարզ դարձավ, որ առնվազն Տավուշի մարզում արդեն կարկառունների խոսքը չի անցնում։ Ավելին. ԳՄ նախագահը ծնունդով տավուշցի է եւ, կարծում ենք, առանց կարկառունների աջակցության էլ այդ մրցակցության մեջ կարող էր իր գրաված պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնել՝ վերստին առաջ անցնելով երրորդ տեղը գրաված եւ Լենինի համեմատ բավականին անհայտ Իլյիչից։ Ավելին. շատ հնարավոր է, որ կարկառունների քարոզչական միջամտությունը միանգամայն բացասաբար է անդրադարձել ԳՄ նախագահի վարկանիշի վրա, այսինքն՝ ժողովուրդը (առնվազն Տավուշի ժողովուրդը) արդեն ոչ միայն կարկառունների անունները գիտի, այլեւ նրանց կատարած գործերը։ Գաղտնիք չէ, որ 75-րդ ընտրատարածքը սիրադեղյանական կողմնորոշում ուներ, եւ, հավանաբար, ընտրողները հաշվի են առել նաեւ կարկառունների հանդեպ Սիրադեղյանի վերաբերմունքը։ Ինչպես նաեւ՝ կարկառունների վերաբերմունքն առ Սիրադեղյան։ Ինչեւէ. առաջին տեղում հայտնվեց եւ 75-րդ ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց նախկին մաքսավորը, այսինքն, երեք թեկնածուներից ամենաարժանավորը։ Եթե հիշում եք (թող ների մեզ Գեղամյանը եւ չդիտի մեր խոսքը իր բոստանը մտնելու հավակնություն), մեր փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսն էլ մաքսավորներից իրեն աշակերտ ընտրեց, որովհետեւ տեսավ, որ հասարակության մյուս խավերն առավել փուչ ու փչացած են։ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել