Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրասիական միությունը՝ ԱՊՀ-ի փոխարե՞ն

Մայիս 25,2002 00:00

Եվրասիական միությունը՝ ԱՊՀ-ի փոխարե՞ն Անցյալ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցան Եվրասիական տնտեսական համագործակցության եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի համաժողովները։ Պրոպագանդիստական աղմուկը վերջացել է եւ կարելի է արդեն սթափ գնահատական տալ այդ կարեւոր իրադարձություններին, մասնավորապես՝ Հայաստանի մասնակցությանը դրանց։ Նախորդ հրապարակման մեջ («Առավոտ», թիվ 92, էջ 9) ենթադրել էինք, որ Կասպիյսկում տեղի ունեցած պայթյունից հետո ԱՄՆ-ը այլեւս չի տատանվի չեչեն գրոհայիններին ահաբեկիչ համարելու հարցում։ Վերջին օրերին արված հայտարարության մեջ Քոլին Փաուելը ոչ միայն որակեց չեչենների գործողությունները որպես ահաբեկչական, այլեւ պնդեց, որ չեչեն ահաբեկիչների պատրաստման պլացդարմներից մեկը գտնվում է Թուրքիայում (ի դեպ՝ ՆԱՏՕ-ի անդամ)։ Վատ նվեր չէ Ռուսաստանին Բուշ-Պուտին հանդիպումից առաջ։ Ձեռքի հետ՝ Հայաստանին էլ։ Կարելի է փաստել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մտնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման շրջան։ Ի դեպ, Պուտինի կողմից ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների կտրուկ ակտիվացումը պատասխան է ԱՄՆ-ի կողմից կատարված որոշ «ոչ բարեկամական» քայլերի եւ նրա ռազմական ներկայությանը Միջին Ասիայում եւ Անդրկովկասում։ Արդյունքում, Եվրասիական տնտեսական համագործակցությունն ընդլայնվեց եւ, ինչը հույժ կարեւոր է՝ նրա շարքերում դիտորդի կարգավիճակով ներգրավվեց Ուկրաինան։ Անսպասելի քայլ էր։ Համաժողովին հետեւած Պուտինի եւ Կուչմայի հանդիպումը ցույց տվեց, որ մոտակա ժամանակ կարող է եւ վերջնական որոշում ընդունվել համագործակցությանն անդամակցելու հարցում։ Երկու նախագահն էլ փաստեցին, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան դրանում տնտեսապես լուրջ շահագրգռված են։ Եթե Ուկրաինան իսկապես դառնա Եվրասիական համագործակցության լիիրավ անդամ, հնարավոր կլինի արձանագրել, որ Ռուսաստանը հաղթող դուրս եկավ Ուկրաինայի համար ԱՄՆ-ի հետ տասը տարուց ավելի տարվող պատերազմում։ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում էլ սենսացիա տեղի ունեցավ՝ այդ, ուղիղ տասը տարի գոյություն ունեցող ֆորմատը, վերափոխվեց միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության (այսինքն՝ բլոկի)։ Թվում է, որ այս իրադարձությունն անակնկալ էր ոչ միայն աշխարհի, այլեւ վեցնյակի որոշ նախագահների համար։ Դա ակնհայտ դարձավ բուռն քննարկումներից, որոնք, համենայնդեպս, ավարտվեցին ընդհանուր համաձայնությամբ։ Արդեն նշվել է, որ Հայաստանը այլընտրանք չուներ։ Ռազմաքաղաքական դաշինքից դուրս մնալը կնշանակեր անպաշտպան հայտնվել հզոր ռազմական պոտենցիալ ունեցող Թուրքիայի առջեւ, էապես վտանգել ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն չէին շտապի զորքեր ուղարկել Հայաստանի սահմանները պաշտպանելու նպատակով, իսկ եթե ուղարկեին, թե ինչպես նրանք կգործեին՝ պարզ չէ (Կոսովոյի օրինակը մեր աչքի առաջ է)։ Սակայն առաջանում է մի ավելի լուրջ խնդիր։ Հայաստանը միակ երկիրն է, որը մասնակցելով ռազմական դաշինքին, չի անդամակցում Եվրասիական տնտեսական համագործակցությանը։ Պարադոքս է, իհարկե. չէ՞ որ քաղաքականության մեջ հնարավոր չէ տարանջատել ռազմաքաղաքական եւ տնտեսական հարցերը։ Վաղ թե ուշ այս երկակի դրությունը իրեն զգացնել կտա եւ ստիպված կլինենք վերջնական ընտրություն կատարել։ Առավել եւս, որ տնտեսական եւ ռազմական դաշինքները հետագայում ընդհանրապես կարող են միաձուլվել։ Իսկ այսօր, որպես իրական եւ գործուն ինտեգրացիայի կենտրոն, թվում է, դառնում է հենց Եվրասիական համագործակցությունը, որը սահուն կերպով կփոխարինի ամորֆ ԱՊՀ-ին։ (Դե յուրե ԱՊՀ-ի ֆորմատը դեռ երկար ժամանակ կպահպանվի)։ Ստացվում է, որ վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլինի անդամակցել Եվրասիական միությանը։ Սակայն «ստիպված» բառը երեւի տեղին չէ, քանզի Հայաստանը շահագրգռված է եւ միշտ էլ շահագրգռված է եղել անդամակցելու այդ համագործակցությանը, բայց որոշումը չի կայացվել, որովհետեւ ձեռնտու չի եղել երկրում իշխող տնտեսական կլաններին։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել