Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՎՈՐ ԷՐ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 25,2002 00:00

«ՀԱՐԿԱՎՈՐ ԷՐ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» 1994-ին ժողովրդավարական ազատությունների սահմանափակման փաստերն այսպես է պատճառաբանում նախկին նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը, որն այժմ աշխատում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակում՝ որպես խորհրդական։ -Իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների ներկայացուցիչները տեւական ժամանակ նախընտրում էին զուտ գրասենյակային գործունեությունը։ Այժմ նրանք ակտիվացել են՝ զանազան հայտարարությունների, թեկուզ ասպարեզում երեւալու իմաստով։ Հայտ է ներկայացված վերադառնալու ակտիվ քաղաքականությո՞ւն։ – Ո՛չ, հայտ ներկայացված չէ։ Սա ուղղակի բնական գործընթաց է։ 1998-ի փետրվարից հետո ՀՀՇ-ն եւ նրանից առաջացած բեկորները մասնատված, բարոյալքված վիճակում էին, որն ավելի խորացավ, երբ նոր իշխանությունները սկսեցին հետապնդումներ նախկին թիմի նկատմամբ։ Ընդ որում, այդ հետապնդումներն ուժեղանում էին նոր իշխանությունների ձախողումներին խիստ համամասնորեն։ Սկսեցին բանտեր տանել որոշ առաջնորդների, թափ առան քաղաքական դատավարությունները։ Պետք է ասել նաեւ, թե ամեն ինչ չէ, որ քաղաքական դատավարությունների կամ հետապնդումների հետեւանք է։ Ցանկացած կուսակցության մեջ, եթե այն իշխանության ղեկին է, գտնվում են մարդիկ, ովքեր գայթակղություն են ունենում չարաշահել իրենց իշխանությունը։ Եվ, իհարկե, նույնը կատարվել էր 8 տարի կառավարող թիմում։ Այդ ամենը, իշխանության եկած ազգայնականների քարոզչական արշավը, իհարկե, թիմին կաթվածահար էին արել։ Բայց, ի վերջո, նոր իշխանության քարոզչական պաշարներն էլ ավարտվեցին. հնարավոր չէր 4 տարի շարունակ սեփական անհաջողություններն արդարացնել նախկինների գործունեությամբ։ Նաեւ պարզվեց, որ իսկական չարաշահողները բոլորը մնացին իշխանությունում եւ ամենամեծ եռանդով հիմա փնովում են այն ՀՀՇ-ին, որի անվան ներքո, օգտվելով պետության կայացման դժվարություններից, տարիներ շարունակ թալանեցին երկիրը։ Այժմ կամաց-կամաց մեր թիմը կամ նրա տարբեր մասերը, առանձին քաղաքական գործիչներ դուրս են գալիս այդ կաթվածահար վիճակից։ Մեկ այլ հանգամանք էլ կա նաեւ, ի վերջո, սկսվում է քաղաքական գործընթացների «ճոճանակի» հակադարձ շարժումը։ Ժողովուրդն ու հասարակությունը տեսան, թե ազգայնականների քաղաքական նոր մոտեցումներն ինչքան սին են եւ վնասակար։ Ուստի, այս ամենը նպաստում է մեր քաղաքական թիմի ակտիվացմանը։ – Եթե իրոք նախկինները հավակնություն ունեն վերահաստատվել քաղաքական ասպարեզում, հարկ է պարզել, թե գիտակցո՞ւմ են իրենց իշխանության ժամանակ արված սխալները։ Որպեսզի պարզ դառնա՝ արդյոք չե՞ն կրկնվելու դրանք, եթե հանկարծ վերստին պաշտոնավարելու հնարավորություն ունենաք։ Ուստի հարց է՝ այն քաղաքական ուժի պարագայում, որն իր դավանանքն է հռչակել ժողովրդավարությունը եւ իրավական պետությունը, առնվազն տարակուսելի չէ՞ր կուսակցություն եւ լրատվամիջոցների գործունեություն կասեցնելը։ – Ես գիտեմ «Առավոտի» շատ հետեւողական, մի քիչ էլ սեւեռված մոտեցումն այս հարցի նկատմամբ, սակայն, կարծում եմ, որ այն օրինաչափ է ու հիմնավոր։ Ի վերջո, «Առավոտն» ազատական է, ու ՀՀՇ-ն էլ՝ իրեն հռչակելով ազատական ուժ, իրականում դրեց ազատականության հիմքերը մեր երկրում։ Վերացրեց կոմունիստական բռնապետությունը, ստեղծեց պայմաններ խոսքի ազատության համար եւ այլն։ Ուստի բնական է մտահոգությունը՝ կուզեիք հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ երկրում ազատականության հիմնադիր այդ ուժը կատարեց որոշ գործողություններ մամուլի ազատության, ժողովրդավարության որոշ նորմերի դեմ։ Փորձեմ պատասխանել այդ հարցին։ Ժողովրդավարությունը բարդ գործընթաց է եւ ենթադրում է, որ բոլոր մասնակիցներն ընդունում են իշխանության համար պայքարի ընդհանուր կանոնները, սովորաբար՝ ամրապնդված Սահմանադրությամբ, եւ անվերապահորեն ենթարկվում դրանց։ Երբ խախտվում է այդ փոխհամաձայնությունը, այսինքն՝ մասնակիցներից առնվազն մեկն այլեւս չի ընդունում այդ կանոնները ու փորձում է դրանք շրջանցել, ասենք՝ բռնության կամ ահաբեկչական գաղտնի գործունեությամբ՝ դա շատ լուրջ հարված է ժողովրդավարությանը, որը կարող է անգամ մահացու լինել նրա համար։ Այդ դեպքում ժողովրդավարությունը պիտի անի ամեն ինչ, որ ինքն իրեն պաշտպանի քայքայումից։ Ամենաժողովրդավարական երկրներն անգամ ստիպված են լինում դիմել որոշ ազատությունների սահմանափակումների։ Օրինակ, Մեծ Բրիտանիան արգելել էր ահաբեկչական Իռլանդական հանրապետական բանակի քաղաքական թեւ հանդիսացող Շին Ֆեյնի առաջնորդ Ջերի Ադամսի ելույթները, նրան զրկել էր խոսելու իրավունքից՝ դատարանի որոշմամբ։ Գերմանիայում արգելվել են նացիստական երկու կուսակցություններ։ Ճապոնիան արգելեց «Աում Սինրիկյո» կրոնական կազմակերպության գործունեությունը, երբ պարզվեց, որ այն կապված է ահաբեկչական գործունեության հետ։ Կարծում եմ, որ եթե, օրինակ, ռուսական ժողովրդավարությունը 1917-ին ավելի վճռական եւ կոշտ գտնվեր բոլշեւիկների նկատմամբ (որոնք խորհրդարանական պայքարը դիտում էին միայն որպես օժանդակ միջոց եւ ժողովրդավարությունն իրենց համար ոչինչ էր, պատրաստվում էին ահաբեկչությամբ ու բռնությամբ գալ իշխանության, որը եւ արեցին. 70 տարի երկիրը պահելով բռնապետության մթան մեջ), միգուցե հնարավոր լիներ խուսափել այդ ամենից։ Նույնն է նաեւ նացիստների պատմությունը՝ նրանք էլ իշխանության եկան ազատ ընտրություններով։ Եթե Վեյմարյան ռայխն արգելեր նացիստներին ստեղծել սեփական ուժային կառույցները, կոշտ միջոցներ ձեռնարկվեին նրանց դեմ՝ միգուցե հնարավոր լիներ խուսափել հետագա աղետից։ Ժողովրդավարությունը պիտի կարողանա պաշտպանել իրեն։ Այն ուժերը, որոնք չեն ընդունում ժողովրդավարական նորմերը, ստեղծում են ահաբեկչական կառույցներ կամ խախտում օրենքները՝ անմիջապես պետք է դրվեն օրենքից դուրս եւ պատժվեն ամենակոշտ եղանակով։ – Պարզ է, որ ակնարկը վերաբերում է «Դրո» կառույցին։ Բայց պիտի հիշեցնեմ, որ նախկին իշխանության օրոք սկսվեց եւ ավարտվեց այդ գործի դատավարությունը եւ հաստատական պատասխան չտրվեց հիմնական մեղադրանքին, թե այդ կառույցը ստեղծել էր ՀՅԴ-ն։ – Եթե դատավճիռն ուշադիր կարդաք՝ իրականում հստակ գրված է, որ Դաշնակցությունն է ստեղծել այդ կառույցը։ – Դա դատավճռի սկզբնական մասում է, որում ուղղակի մեջբերված է գործի մեղադրական եզրակացությունից։ – Ամբողջ դատավճռում կա այդ հաստատումը՝ մի քանի դրվագներում նշված է այդ հանգամանքը։ Բացի այդ, «Դրո»-ն ընդամենը Դաշնակցության գործունեության մի դրվագն է։ Իսկ 1995 թվականի հեղաշրջման փո՞րձը։ Իսկ այն հանգամանքը, որ ահաբեկչության մեղադրանքով (այդ թվում՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով) այսօր Հայաստանի բանտերում նստածների մեծամասնությունը նախկին դաշնակնե՞ր են։ – Համոզված եք, որ եթե այդ խմբերն առնչություն ունեին կուսակցությանը՝ պիտի արգելվեր ՀՅԴ գործունեությո՞ւնը։ Նույն համոզվածությամբ կողմնակից կլինեի՞ք, որ 1998-ին օրենքից դուրս դրվեր ՀՀՇ-ն, երբ բացահայտվեց Արմեն Տեր-Սահակյանի խումբը, որին մեղադրում էին, թե հանցագործություններն իրականացնում էր ՀՀՇ վարչության անդամների հրահանգով եւ անգամ գործում էր ՀՀՇ գրասենյակում։ – Դրանք դատարկ խոսակցություններ են, քարոզչական պարզունակ հարձակում, ուղղակի այսօրվա կիսադաշնակցական իշխանության՝ վրեժ լուծելու փորձը։ – Ենթադրենք, թե ապացուցվել էր, որ ՀՀՇ վարչության մի քանի անդամներ հանցակից էին կատարվածին, արդարացվա՞ծ կհամարեիք ողջ կուսակցության արգելումը։ – Եթե ՀՀՇ-ն աներ այն, ինչ արել էր Դաշնակցությունը, իհարկե, պիտի կասեցվեր։ Բայց ՀՀՇ-ն չի արել նման բան։ Իսկ Դաշնակցությունը, ըստ էության, իրականում լուրջ խնդիր է Հայաստանի համար։ ՀՅԴ-ն 1921-ից հետո հաստատվել է արտասահմանում՝ որպես վտարանդի կառավարություն, եւ, փաստորեն, ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել այդ դերից։ Դաշնակցությունն իրեն համարեց հայոց պետականության կրող եւ այդ դերին համապատասխան ստեղծեց ուժային, հետախուզական եւ պետության գործառույթներին վերաբերող նման այլ կառույցներ։ Այս է պատճառը, որ Դաշնակցությունը Հայաստանի նորանկախ պետությանն ընդունեց որպես մրցակից եւ ամեն կերպ պայքարեց նրա դեմ։ Ունենալով արտասահմանում կազմավորված ջոկատներ, չուղարկեց մասնակցելու Ղարաբաղյան պատերազմին, իսկ Ղարաբաղի համար հավաքած դրամները պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում հիմնականում ներդրեց հակակառավարական քարոզչության մեջ։ Այդ ամենը վկայում է, որ նրանք այդպես էլ չկարողացան ընդունել, թե գոյության իրավունք ունի մի Հայաստան, որտեղ Դաշնակցությունը կառավարող չէ, եւ պետությունը ներկայացնում են այլ քաղաքական ուժեր։ Այդ գործելակերպն ապագայում արտահայտվեց նրանով, որ նրանք միշտ արհամարհեցին եւ հիմա էլ շարունակում են կոպտորեն արհամարհել Հայաստանի օրենքները։ Այսինքն՝ ֆինանսավորվում եւ ղեկավարվում է դրսից. ե՛ւ այն ժամանակ էր դա փաստ, ե՛ւ հիմա։ Բայց որեւէ պետություն չի կարող հանդուրժել դա, որեւէ կուսակցության տրված չէ իրավունք՝ լինել պետություն պետության մեջ կամ, ավելի ճիշտ, պետությունից վեր։ – Մի կատակ կա, թե ողջ Հայաստանն է ֆինանսավորվում դրսից… – Որը չի արգելվում օրենքով։ Արգելված է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումն արտասահմանից։ – Ինչ վերաբերում է դրսից ղեկավարվելուն, նախկին իշխանությունները բավական հանդուրժող գտնվեցին իրենց դաշնակից ՍԴՀԿ-ի հանդեպ, որ 1994-ից հետո, ավելի ուշ, իր տեղական կառույցի կանոնադրությունը համապատասխանեցրեց Հայաստանի օրենքներին։ Սակայն ՍԴՀԿ-ի նկատմամբ չկիրառվեցին պատժամիջոցներ։ – Լինելով ժողովրդավարական պետություն՝ Հայաստանը հանդուրժողաբար էր վերաբերվում այդ խախտումներին, այն ակնկալիքով, որ բոլոր այդ կառույցներն ի վերջո կհամապատասխանեցնեն իրենց գործունեությունը մեր օրենքներին։ Բայց Դաշնակցության պարագայում՝ բացահայտված ահաբեկչական գործունեությունն արդեն թույլ չէր տալիս շարունակել ցուցաբերել նույն հանդուրժողականությունը։ – Իսկ ի՞նչ կասեք լրատվամիջոցների նկատմամբ դրսեւորված անհանդուրժողականության մասին, որը միայն մեթոդների կոպտության աստիճանով է տարբերվում նրանից, ինչ ներկա իշխանությունը կիրառում է ընդդիմադիր ԶԼՄ-ների հանդեպ։ – Իրականում միայն երկու դեպքում են սահմանափակումներ կիրառվել ժողովրդավարական ազատությունների նկատմամբ։ Եվ երկու դեպքում էլ դա արվել է բաց, Սահմանադրությանը համապատասխան, նախագահի հրամանագրով։ Առաջին դեպքն առնչվում էր դաշնակցական մամուլի փակմանը, որը հետեւանք էր ՀՅԴ կասեցման։ – Նախագահի հրամանագրում որեւէ բառ կա՞ր դաշնակցական լրատվամիջոցների գործունեության կասեցման մասին։ – Այն վերաբերում էր ՀՅԴ գործունեության ամբողջական կասեցմանը։ Իրավական հիմք, այսինքն, կար։ Միգուցե իրավական ձեւակերպումների իմաստով՝ իրականացված գործընթացն անթերի չէր։ Բայց այդ հարցի պատասխանը կարող էր տալ միայն դատարանը, եթե փակված թերթերը բողոքարկեին։ Սակայն ավելի կարեւոր է էությունը՝ պետք էր փրկել ժողովրդավարությունը։ Մյուս դեպքն առնչվում էր 1996 թ. սեպտեմբերի 25-ին ընդդիմության կողմից ԱԺ գրավմանը եւ կատարված բռնարարքներին։ Դրանից հետո երկու շաբաթով հայտարարվեց արտակարգ դրություն, որի ժամանակ նույնպես սահմանափակվեցին քաղաքացիների որոշ ազատություններ։ Երկու դեպքում էլ ժողովրդավարությունը պաշտպանում էր ինքն իրեն բռնություններից, զանգվածային անկարգություններից եւ օրենքին չհամապատասխանող գործունեությունից։ – Ձեր մատնանշած երկու դեպքերից բացի՝ էլի են եղել խոսքի ազատության ոտնահարումներ՝ պարտքերի պատրվակով, բայց վերեւից իջեցված հրահանգների հետեւանքով թերթերի տպագրության դադարեցումներ, խմբագրությունների հրկիզումներ, բռնություններ լրագրողների նկատմամբ, ասենք՝ Արմեն Բաղդասարյանի, Հակոբ Ավետիքյանի, Արամ Աբրահամյանի եւ այլոց։ – Նշեցիք մարդկանց, որոնք բոլորն այն շրջանում, երբ նրանց դեմ կիրառվել էին բռնարարքներ, ունեին իշխանամետ դիրքորոշում։ Նույն «Ազգն» ուներ նախագահամետ դիրքորոշում։ Կարո՞ղ եմ այս ամենից եզրակացություն անել, որ ընդդիմությունն է իրականում կազմակերպել այդ բռնարարքները։ Ես ինձ թույլ չեմ տա դա անել, քանի որ չբացահայտվեց, թե իրականում ինչ ուժեր էին այդ բռնարարքների կազմակերպիչները։ – Կարող եմ հավելել եւս երկու անուն՝ Միքայել Հայրապետյան եւ Հայկազն Ղահրիյան, որոնց դիրքորոշումները չեք կարող որակել նախագահամետ։ – Բայց քանի որ չմեղադրեցի ընդդիմությանն առաջինը հիշատակված լրագրողների դեմ բռնարարքները կազմակերպելու մեջ՝ թող ընդդիմությունն էլ չմեղադրի իշխանություններին այս մի պարագայում։ Չեմ բացառում, որ որոշ իշխանավորներ կարող էին օգտվել «հեռախոսային իրավունքից» եւ հրահանգներ տալ այս կամ այն թերթի տպագրությունն ինչ-որ պատրվակով կասեցնելու վերաբերյալ, որի իրավունքը նրանք չունեին եւ երբեք էլ չեն ունեցել։ Ես ինչքան միջամտել եմ՝ միայն նման հնարավորությունները բացառելու նպատակով։ Ձեր նշած նույն Հայկազն Ղահրիյանը կարող է հաստատել դա։ – Երբ ինքներդ համեմատություն եք կատարում ընդդիմադիր ուժերի եւ լրատվամիջոցների նկատմամբ ներկա եւ նախկին իշխանությունների վերաբերմունքի միջեւ՝ ո՞ւմ օգտին է առավելությունը։ – Հիմնական տարբերությունը հետեւյալն է, որ մեր օրոք ժողովրդավարական ազատությունները սահմանափակվել են օրենքին համապատասխան, ժողովրդավարությանը սպառնացող արտակարգ իրավիճակներում, բաց ու հրապարակային։ Այս իշխանությունների օրոք ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը մշտական, համակարգված եւ հետեւողական գործընթաց է, որը որեւէ կերպ չի առնչվում որեւէ վտանգի, եւ ուղղված է բացառապես քննադատությունը եւ բազմակարծությունը վերջնականապես ճնշելուն։ – Ներկա նախագահն էլ է իր գործողությունները պատճառաբանում «իրավիճակներով», մասնավորապես՝ սեպտեմբերի 11-ից հետո փոխված միջազգային իրավիճակով, դրա հետեւանքով որոշ վտանգավոր զարգացումների հնարավորությամբ եւ այլն։ – Եթե ընդդիմությունն իսկապես անցնում է օրենքի սահմանները, նախ պետք է ցույց տալ, թե որոնք են դրանք, ինչ օրինախախտումներ կամ բռնարարքներ կան, դրանից հետո հայտարարել արտակարգ իրավիճակ, եւ որոշակի սահմանափակումներ մտցնել։ Դա ե՛ւ բնականոն կլիներ, ե՛ւ օրինական մոտեցում։ 1994-ին եւ 1996-ին հենց այդպես արվեց. նշվեց, թե որն է վտանգը, եւ ինչու ժամանակավորապես պիտի սահմանափակվեն ժողովրդավարական ազատությունները։ Իսկ այն, ինչ հիմա է արվում՝ ուղղակի անհանդուրժելի փարիսեցիություն է եւ բռնապետություն՝ ժողովրդավարության քողի տակ։ Ժողովրդավարությանը սպառնացող ո՞ր վտանգը կանխվեց «Ա1+»-ի կամ «Նոյյան Տապանի» փակումով։ Զրույցը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել