Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱ՞Հ

Մայիս 25,2002 00:00

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱ՞Հ Պարույր Հայրիկյանը հերթական անգամ մասնակցելու է նախագահական ընտրություններին եւ հույս ունի անցնել 2-րդ փուլ: Չնայած համոզված է, որ այսօրվա դրությամբ հաղթելու իրական շանսեր ունի միայն Ռ. Քոչարյանը: «Այդ դեպքում, նախապես պատկերացնելով իրավիճակը, ինչո՞ւ եք գնում ընտրություններին» հարցին Հայրիկյանը պատասխանեց. «ԱԻՄ-ի թեկնածուն բոլոր 3 նախագահական ընտրությունների ամենակայուն ընտրազանգվածն ունեցողն է, որ ապացուցել է նույնիսկ առանց իշխանական լծակների մեծ աշխատանքներ կատարելու իր ունակությունը»: Պարույր Հայրիկյանին արդեն աջակցություն են հայտնել մի խումբ մտավորականներ ու արվեստի գործիչներ: Նրանց ցուցակը Հայրիկյանը խոստացավ հրապարակել 100 հոգի լրանալուն պես: «Ինձ պաշտպանողներն այնպիսի մարդիկ են, որ ես պարտավորված եմ զգում արդարացնել նրանց հույսերը»,- խոստովանեց նախագահի թեկնածուն: Ինչ վերաբերում է Քոչարյանի հնարավորություններին, ապա դա Պարույր Հայրիկյանը օրինաչափ է համարում՝ գտնելով, որ գործող նախագահն, իհարկե, առավելություններ ունի մյուս թեկնածուների նկատմամբ: Շուտով կկայանա ԱԻՄ համագումարը, որը կանցնի խիստ աշխատանքային մթնոլորտում: Համագումարի աշխատանքներին կհրավիրվի միայն ՀՌԱԿ-ը. մյուս կուսակցությունների ներկայացուցիչների համար տեխնիկական պատճառներով ԱԻՄ-ը տեղեր չի նախատեսել: ՀՌԱԿ-ի հանդեպ հատուկ վերաբերմունքը Հայրիկյանը բացատրեց այդ կուսակցության ազատական գաղափարներով ու նաեւ «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ նման մոտեցումներով: Նկատենք սակայն, որ ԱԻՄ-ն այդ իմաստով համակարծիք է նաեւ ՀՅԴ-ի եւ Կոմկուսի հետ, սակայն նրանց չի հրավիրել համագումարին: Պարույր Հայրիկյանը խոսեց նաեւ հանրապետությունից արտագաղթի ծավալների, ներգաղթի ուղղությամբ չարվող քայլերի, օտարալեզու գովազդների, հայերենի ուղղագրության, ինչպես նաեւ Լենին-Աթաթուրք հակահայկական եւ միջազգային բոլոր օրենքներով ապօրինի պայմանագրի չեղյալ հայատարարելու մասին: «Այբ-Ֆե» www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել