Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ» ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ

Մայիս 25,2002 00:00

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ» ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ Տնտեսական դատարանը հրաժարվեց անվավեր ճանաչել ՀՌԱՀ ապրիլի 2-ի մրցույթի արդյունքները, որով «Նոյյան Տապանը» զրկվել էր եթերի հնարավորությունից: Մայիսի 24-ին ՀՀ տնտեսական դատարանը՝ դատավոր Մամիկոն Դրմեյանի նախագահությամբ, մերժեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեմ «Նոյյան տապան» ՍՊԸ-ի հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել հանձնաժողովի կողմից այս տարվա ապրիլին 2-ին անցկաց ված հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունների լիցենզավորման մրցույթները եւ դրանց արդյունքները: Նշենք, որ մերժման որոշում էր ընդունվել նաեւ «Ա1+» հեռուստաընկերության համանման հայցի կապակցությամբ: Երկու դեպքերում էլ՝ թե՛ դիմողների եւ թե՛ պատասխանողի շահերը ներկայացնում էին նույն փաստաբանական խմբերը: Ինչպես նշեց «Նոյյան տապանի» շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը՝ այս երկու դատավարությունների ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչները հետեւողականորեն հրաժարվում էին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդվածներից: Եթե «Ա1+»-ի դատաքննության ժամանակ պատասխանող կողմը պնդում էր, որ օրենքի 49 հոդվածը, որով ամրագրվում է մրցույթին մասնակցելու համար ներկայացվող դիմումի բովանդակությունը, վերաբերում է միայն դիմողին եւ ոչ հանձնաժողովին, ապա այս անգամ հայտարարվեց, որ նույն օրենքի 51 հոդվածը չի վերաբերում մրցույթներին եւ նախատեսված է միայն մալուխային հեռարձակման դեպքերի համար: Բանն այն է, որ «Նոյյան տապանը», ինչպես եւ «Ա1+»-ը, հանձնաժողովից չեն ստացել լիցենզիա տրամադրելու մերժման հիմնավորումները, ինչպես դա նախատեսվում է նշված հոդվածով, այլ միայն ծանուցվել են համապատասխան հաճախությունների մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունների մասին: Հանձնաժողովի ներկայացուցչի պնդմամբ, օրենքի խախտում չի եղել, քանի որ «մերժման» հիմնավորում կարող է տրամադրվել միայն լիցենզավորման մրցույթում հաղթած ընկերություններին: Դատաքննության ընթացքում արձանագրվեց, որ «Նոյյան տապանի» դեպքում՝ հանձնաժողովը չի ղեկավարվել 51 հոդվածի պահանջներով, մինչդեռ «Ա1+»-ի հայցի քննության ընթացքում արվել էր ճիշտ հակառակ հայտարարությունը, ինչը, ըստ Տիգրան Տեր-Եսայանի՝ քրեորեն պատժելի «զեղծարարություն է»: ՀՌԱՀ ներկայացուցիչը մի քանի անգամ հայտարարեց, թե մրցույթի արդյունքներն ամփոփվել են մրցութային առաջարկների հիման վրա: Նշենք, որ «մրցութային առաջարկ» հասկացությունն ամրագրված չէ ոչ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», ոչ էլ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքներում, սակայն կիրառվել է հանձնաժողովի կողմից՝ ընդունված մրցույթի անցկացման կարգի մասին որոշման մեջ, որը փաստորեն զգալիորեն տարբերվում է օրենքով նախատեսված կարգից: Մասնավորապես, եթե օրենքով նախատեսվում է, որ մրցույթի մասնակիցը պետք է տեղեկանք (իրավական ուժ ունեցող գրավոր փաստաթուղթ) ներկայացնի ֆինանսական աղբյուրների մասին, ապա հանձնաժողովը պահանջում է միայն տեղեկություններ (որոնք կարող են ներկայացվել բանավոր ձեւով) ֆինանսավորման մասին: Ի պատասխան «Նոյյան տապանի» ներկայացուցչի այն հարցի, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստուգվելու օրենքի այն պահանջը, որով արգելվում է ֆինանսավորում ստանալ քաղաքական կուսակցությունների կամ կրոնական կազմակերպությունների կողմից, հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարեց, որ դիմորդները, բնականաբար, պետք է թաքցնեին նման փաստերը, սակայն եթե դրանք ներկայացվեին, ապա հանձնաժողովն անպայման հաշվի կառներ: Դիմող կողմի պնդմամբ՝ հանձնաժողովը կողմնակալ է գնահատել հեռուստաընկերությունների առաջարկները: Հարց բարձրացվեց, թե ինչպե՞ս էր հանձնաժողովը գնահատման 5-բալանոց համակարգի օգնությամբ գնահատում հեռուստաընկերության գործունեությունը բնութագրող 4 չափորոշիչները (սեփական արտադրության գերակայությունը, հայրենական արտադրանքի գերակայությունը, դիմողի ֆինանսական եւ տեխնիկական միջոցները, աշխատակազմը եւ նրա մասնագիտական պատրաստվածությունը), եւ կա՞ արդյոք որեւէ փաստաթուղթ, որով կողմնորոշվում էին հանձնաժողովի անդամները գնահատականներ դնելիս: Հանձնաժողովի ներկայացուցչի վկայությամբ, ոչ մի կողմնորոշող փաստաթուղթ չի եղել: Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ, հակառակ օրենքով նախատեսված կարգի, մեկ միասնական մրցույթի փոխարեն կազմակերպվել էր մի քանիսը, հանձնաժողովի շահերը պաշտպանող փաստաբանը հավաստիացրեց, որ հանձնաժողովը չէր առարկի, եթե մրցույթի մասնակիցները ցանկություն հայտնեին մասնակցել բոլոր ազատ հաճախությունների համար հայտարարված մրցույթներին միաժամանակ: Նշենք սակայն, որ ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 20 հոդվածի, հեռարձակման միեւնույն տիրույթում ընկերությունը կարող է միայն մեկ հաճախության լիցենզիա ունենալ: Դիմող կողմը շարունակում է պնդել, որ ՀՌԱՀ-ը մրցույթները անցկացրել է օրենքի խախտումներով, խեղաթյուրումներով, անտեսումներով եւ ինքնիրավչությամբ, եւ հայցը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել