Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ 15-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մայիս 24,2002 00:00

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ 15-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ Ինտերնետ ցանցում շարունակվում է ռենձյուի աշխարհի ութերորդ հեռակա առաջնությունը։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Գ» խումբը, որտեղ հանդես է գալիս 12-ամյա հայ մարզիկ Արամ Կարապետյանը։ Նրա հաջող մեկնարկը ոչ մեկի համար անսպասելի չէր, ավելին՝ նա գլխավոր հավակնորդների, ամենահավանական հաղթողների թվին էր դասվում, քանի որ մինչ այս առաջնության սկսվելը բազմաթիվ տպավորիչ հաղթանակներ էր գրանցել իր հաշվին, մրցակցելով աշխարհի լավագույն մեծավարպետների, այդ թվում աշխարհի նախկին չեմպիոններ Ալդիս Ռեյմսի ու Նորիհիկո Կավամուրայի հետ, եւ համաշխարհային դասակարգման ցանկում զբաղեցնում էր 26-րդ տեղը շատ բարձր անհատական վարկանիշով՝ 1875։ Աշխարհի առաջնության ամենաերիտասարդ մասնակիցը բավական վստահ եւ հասուն խաղ է ցուցադրում։ Արամն արդեն երկուական անգամ հաղթել է իր հիմնական մրցակիցներին՝ էստոնացի 18-ամյա մեծավարպետ Յոհան Լենցին, շվեդ պատանի մեծավարպետ Հաննես Յոհաննսոնին (ի դեպ, երկուսն էլ եղել են աշխարհի պատանիների չեմպիոն)։ Եվ ահա երեկ Արամը վաստակեց հերթական 15-րդ միավորը, ստիպելով անձնատուր լինել չին Բիգ Հիպպոյին։ Արամը շարունակում է գլխավորել առաջնության աղուսյակը, թեեւ կորցրած միավորներով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այդ ցուցանիշով առաջին տեղում է փորձառու չին մեծավարպետ Լյու Վենզեն, որը դեռեւս չի կրել ոչ մի պարտություն եւ, ամենայն հավանականությամբ, կդառնա առաջնության այս փուլի հաղթողը։ Հիշեցնենք, որ հաջորդ տարի եզրափակիչ փուլում հանդես գալու ուղեգրեր են ստանում առաջնության առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցները։ Այնպես որ, մնացած 3 շարունակվող պարտիաներում Արամին անհրաժեշտ է հավաքել երկու միավոր։ Դա միանգամայն հասանելի արդյունք է, քանի որ էստոնացի Անդրի Պուրկի հետ խաղացվող երկու պարտիաներում Արամն ունի բավական հեռանկարային դիրքեր, պահպանում է շոշափելի առավելություն։ Հույս ունենանք, որ ոչ մի ցավալի անակնկալ, «դժբախտ պատահար» տեղի չի ունենա եւ հայ պատանի մարզիկը կգրավի իր խմբում բաղձալի երկրորդ տեղը, ինչը նրան թույլ կտա անցնել եզրափակիչ փուլ եւ շարունակել այս գերմարաթոնը աշխարհի 12 ուժեղագույն վարպետների թվում։ Ռենձյուի աշխարհի հեռակա առաջնությունը մոտենում է իր ավարտին, իսկ հուլիսի 27172ին Արխանգելսկի մարզի Պոդյուգա քաղաքում կմեկնարկի աշխարհի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի Արամ Կարապետյանը։ ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել