Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարն իմ կյանքն է»

Մայիս 24,2002 00:00

«Պարն իմ կյանքն է» Պարարվեստի մեծ նվիրյալ, ՀՀ ժողարտիստ Վանուշ Խանամիրյանը բազմաթիվ միջազգային եւ պետական մրցույթների մրցանակակիր -դափնեկիր է, արժանացել է նաեւ Մովսես Խորենացու անվան շքանշանի։ Նա նորաստեղծ ՀՀ պարարվեստի գործիչների միության նախագահն է եւ ավելի քան քսան տարի զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ առայսօր դասավանդելով մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում։ Ի դեպ, պարարվեստի մերօրյա լեգենդի անունն են կրում միաժամանակ երկու պարային կրթօջախներ՝ Էջմիածնում եւ Լոս Անջելեսում, որոնց տնօրեններն են բեմի մեծ վարպետի շնորհաշատ սաներ Գեւորգ Աթանեսյանն ու Սամվել Նազարյանը։ Վանուշ Խանամիրյանը պարից բացի անչափ շատ է սիրում նկարել, նաեւ լսել բազմաոճ երաժշտություն, ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել ընտանիքի եւ ընկերների ընկերակցությամբ։ «Ամեն ինչ սկսվեց օպերայից,- հիշում է նա։- Պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո անմիջապես ընդունվեցի օպերային թատրոն, որտեղից եւ ծնունդ առավ իմ ստեղծագործական ուղու սրընթաց վերելքի ու ճանաչման տարեգրությունը։ Առաջինն ինձ հաջողություն բերեց Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը. դա 1946 թվականին էր, որին հաջորդեցին «Խանդութ», «Կարապի լիճ», «Ժիզել», «Սպարտակ», «Շահրազադե» եւ շատ այլ բալետներ։ Ի դեպ, 1941-68թթ. օպերային թատրոնում բեմադրված բոլոր բալետների առաջին եւ գլխավոր դերակատար-մենապարողն, ինչպես նաեւ բեմադրությունների հեղինակը ես եմ եղել»։ Եվ բոլորովին էլ պատահական չէր, որ 1953թ., երբ Երվանդ Քոչարը քանդակում էր «Սասունցի Դավթի» արձանը, տեսնելով «Խանդութ» բալետում Դավթի կերպարը հրաշալի եւ համոզիչ կերպով մարմնավորող Վ. Խանամիրյանի փայլուն մատուցումը, հաստատապես որոշել էր արձանի դիմաքանդակն անել հենց նրա՝ «Սասունցի Դավիթ»-Վանուշի պատկերով։ 1968-ից սկսած, Վանուշ Խանամիրյանի անունը անքակտելիորեն կապվեց Պարի պետական անսամբլի հետ, որտեղ նա աշխատեց մինչ 1992թ., այդ ընթացքում բեմադրելով հեղինակային 120 բարձրաճաշակ պար՝ Հայաստան աշխարհը պարի միջոցով ներկայացնելով ոչ միայն Ռուսաստանում, այլեւ աշխարհի բազմաթիվ մեծ եւ փոքր պետություններում։ Վ. Խանամիրյանի ղեկավարությամբ Պարի պետական անսամբլն այդ տարիներին չորս անգամ մասնակցել է մոսկովյան համագումարներին, հինգ անգամ էլ՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին։ «Պարն իմ կյանքի իմաստն է։ Երբ 1992-ին ինչ-ինչ պատճառներով ինքնակամ հեռացա Պարի պետական անսամբլից, անմիջապես հասկացա, որ առանց պարի չեմ կարող եւ ձեռնամուխ եղա այսօրվա «Հոգու եւ պարի թատրոնի» ստեղծմանը, որը հետագայում թողեցի Սոֆային։ Եվ քանի որ իմ սաներից շատերն ապրում էին արտերկրում, ես ընդունեցի ժամանակավորապես դրսում իրենց հետ համագործակցելու հրավեր-առաջարկները, ժամանակ առ ժամանակ տիկնոջս՝ պրոֆեսիոնալ պարուհի եւ բալետմայստեր Վիկտորյայի հետ ապրել եւ աշխատելով ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ֆրանսիայում։ Ի դեպ, օրերս եմ վերադարձել Մարսելից, որտեղ այս տարի մեծ շուքով ուզում են նշել իմ ծննդյան 75-ամյակը՝ 2 մասով ներկայացնելով 68-92թթ. իմ բոլոր պարերը։ Թեեւ առայսօր զբաղված եմ պարարվեստով, սակայն այդ ամենն ինձ չի գերում, քանզի դա օտար հողում է»։ Խոսելով հայաստանյան պարարվեստի մասին, պարի «հսկան» անկեղծորեն ասաց. «Մեր ժամանակ այսքան շատ խմբեր չկային, սակայն կարեւորը ոչ թե քանակն է, այլ որակը։ Մշակույթն ու պարը այսօր դարձել են բիզնես եւ հաճախ էժանագին շոուների կազմակերպիչները հիմնականում պարարվեստի հետ կապ չունեցող մարդիկ են։ Մենք մեր հարստությունն ու արժեքները արհեստականորեն ետ ենք մղում։ Պետք չէ օտարի գիրկն ընկնել։ Ազատության մեջ է ծնվում ամեն ինչ, այդ թվում եւ պարարվեստը, սակայն այդ ամենը չափի մեջ է գեղեցիկ։ Միաժամանակ ես ուրախ եմ, որ ունենք թե՛ պետական եւ թե՛ ոչ պետական հրաշալի պարային խմբեր, որոնք աշխատելով ե՛ւ ժողովրդական, ե՛ւ ժամանակակից ոճերում, գեղագիտական բարձր ճաշակ եւ պարերի հրաշալի բեմականացումներով շարունակում են բարձունքում պահել հայկական պարարվեստը»։ Ապա մտահոգ ծնողի նման բարի խորհրդով ավելացրեց. «Պարը կրթում է երեխային, նրան ինչպես սովորեցնեն, այնպես էլ կմեծանա։ Ես ուզում եմ, որ Հայաստանի երեխաները առաջին հերթին ճիշտ ընկալեն մեր ազգային պարերը եւ ճշգրիտ ձեւով պարեն այն պարը, որին նվիրվում են, լինի դա ժամանակակից, դասական, թե ժողովրդական»։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել