Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԵՐԱՑԵԼ ԵՆՔ ԱԶԳՈՎԻ»

Մայիս 24,2002 00:00

«ԹԵՐԱՑԵԼ ԵՆՔ ԱԶԳՈՎԻ» Հունիս ամսին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Պարարվեստի ուսումնարանների բարձր դասարանների «Վագանովա- Prix» 5-րդ միջազգային մրցույթը։ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի որոշմամբ ժյուրիի կազմում ընդգրկված է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանը։ – Վերջին տարիներին ձեր ուսումնարանի սաները դուրս են գալիս միջազգային ասպարեզ։ – Իրավացի եք։ Սկսած 1995- 96 ուսումնական տարուց, մեր սաները դուրս են գալիս միջազգային ասպարեզ։ Սիրով ուզում եմ հիշատակել Սոնա Խաչատրյանի, Տիգրան Միքայելյանի, Արսեն Մեհրաբյանի, Արման Գրիգորյանի, Լիլիթ Քոչարյանի, Դավիթ Կարապետյանի անունները, որոնք մասնակցելով Սանկտ Պետերբուրգում, Շվեյցարիայի Լոզան քաղաքում, նաեւ մեզ մոտ 1997 թվականին կայացած միջազգային բալետային մրցույթներին, արժանացել են բարձր պարգեւների։ Նույնիսկ Լոզանում, 1998 թվականին Տիգրանը եւ Արսենը շահեցին առաջին մրցանակներ։ Մեր սաները միջազգային մրցույթներում փայլել են ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակից պարերում։ – Գալիք միջազգային մրցույթին դուք հրավիրված եք որպես ժյուրիի անդամ, իսկ ուսումնարանի սաներից կմասնակցե՞ն… – Մրցույթին կմասնակցի 5 պարող՝ չորս տղա եւ մեկ աղջիկ։ Գուցե տարօրինակ հնչի, բայց այսօր իմ դարդն ու ցավը ուսումնարանի տանիքի վերանորոգման հարցն է։ Սա այն միակ կրթօջախն է, որը պատրաստում է մասնագետներ պարային բոլոր կոլեկտիվների համար եւ ոչ մի ուշադրություն՝ մեզ, շենքին։ Արդեն 15 տարուց ավելի է ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել։ Տանիքից անձրեւաջրերը անխնա հոսում են եւ ոչ մի հնար չունեմ վերանորոգելու։ Արդեն ճարահատյալ պետք է ասեմ բարձրաձայն՝ ինչ է, բացառություն չի՞ կարելի անել, հետո ինչ, որ մենք քաղաքապետարանինը չենք։ Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում՝ ուսումնարանը մշակույթի նախարարությանն է, թե… Ախր, մեր շնորհիվ դրսում հայ են ճանաչում, հայ արվեստ ենք ներկայացնում, հայ արվեստագետներ պատրաստում։ Լինսի ծրագիրը մեզ չէ՞ր կարող օգնել։ Այդ ինչպես վերջինիս ծրագրում օպերային թատրոնը կա, իսկ Պարարվեստի ուսումնարանը, որ կադրեր է պատրաստում թատրոնի համար՝ չկա։ Այստեղ իմ, ձեր, մեր երեխաներն են։ Կարծեմ դուք ականատես եղաք, թե այսօր, համերգի ժամանակ, երբ բեմում երեխան պարում էր, հանկարծ լուսային այդ գերհզոր լամպերը պայթեցին։ Աստված մեզ օգնական եղավ, ի՞նչ անենք, դադարեցնե՞նք պարապմունքները։ Առանց այն էլ մտածելու շատ բան ունենք։ – Իսկ նյութական աջակցություն կա՞ մշակույթի նախարարությունից։ – Նախարարությունը հնարավորություն չունի։ Երեւի պարոն Շառոյանը այնպես է վստահում ինձ, որ ուսումնարանի բոլոր հոգսերը թողնում է ինձ վրա, որի համար շնորհակալ եմ… – Այսինքն, շնորհակալ եք վստահությա՞ն համար։ – Իսկ ինչ կա որ, այո։ Ես այն կարծիքին չեմ, որ պետք է մեկից պահանջել։ Իսկ ես ումի՞ց պահանջեմ, որ մեր սաներից, շուրջ տասը միջազգային մրցույթի դափնեկիրներ այսօր պարում են արտասահմանում, զարդարելով օտար բեմերը։ – Կներեք, գուցե այստեղ ձեր թերացո՞ւմն էլ կա։ – Դատեք ինքներդ. ես չեմ կարող այն պարողին, որը դրսում աշխատում է եւ վարձատրվում ամսական 3000 դոլար, օգտագործելով թեկուզ իմ բազմամյա աշխատանքային, մանկավարժական փորձը, համոզել, որ ետ գա։ Կամ, պատերազմի տարիներին պարողներին «ոՐՏվ255» էին տալիս։ Այո, պարողն էլ պետք է ծառայի, բայց… Հեռու չգնանք։ Այս «բայցը» վաղուց լուծված է, օրինակ, Մոսկվայում, հանձին Ալեքսանդրովի անվան երգի ու պարի զինվորական անսամբլի։ Գիտե՞ք, արդյոք, թե մենք Սպայի տանը ինչ պարի անսամբլ ունենք։ Վերջինիս միջոցով հնարավոր չէ՞ մեկընդմիշտ լուծել, այսպես կոչված՝ «պարողների բանակի պրոբլեմը»։ Մեր շրջանավարտներն էլ թող գնան այդտեղ ծառայեն, սովորեն զինվորական գործ։ Պետք է տալ այդ հնարավորությունը, ստեղծել պայմաններ, որ պատանիները ծառայության ընթացքում զբաղվեն իրենց մասնագիտությամբ։ Եկեք չմեղադրենք ու չզարմանանք, որ հայրենիքում ուսում ստացած ու այսօրվա մեր միջազգային, համաշխարհային մրցույթի դափնեկիրները չեն զարդարում մեր բեմերը։ Երեւի դուք ճիշտ եք, թերացել ենք։ Թերացել ենք ազգովի։ – Այնուամենայնիվ, ձեր սաները կմասնակցե՞ն միջազգային այս մրցույթին, ինչպե՞ս եք լուծել կամ լուծում հովանավորի հարցը։ – Աստված մեծ է… Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ օտարերկրյա մի հայորդի արդեն տարիներ շարունակ հովանավորում է ուսումնարանի երիտասարդ պարողներին՝ միջազգային տարբեր մրցույթների մասնակցելու համար։ Իհարկե, դա արվում է հանուն հայրենիքի եւ ի հարգանք հայ պարարվեստի Մեծ տիկնոջ ու երախտավորի։ Այս անգամ էլ հովանավորեց, հետո՞… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել