Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության «կորուստ»

Մայիս 24,2002 00:00

Հիշողության «կորուստ» 4 տարի առաջ եղածը մոռացել, 33 տարի առաջ չեղածն են հիշում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մասնաշենքի վերանորոգումը, որի վերջին՝ ավարտական փուլը տեղի ունեցավ 2001թ., սկսվել է դեռեւս 1997 թվականից։ «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողության եւ դասախոսական կազմի մի մասը ձմեռային արձակուրդներից հետո տնակներից տեղափոխվեց ինստիտուտի վերանորոգված մասնաշենք։ Այժմ շարունակվում են ինստիտուտի՝ երկրաշարժից տուժած մյուս մասնաշենքների վերանորոգման աշխատանքները»,- գրվեց ՀՀ ԳԱ «Գիտություն» պաշտոնաթերթում՝ 1997թ. ապրիլի թիվ 9-ում, ուր նշվել էր նաեւ, որ այդ աշխատանքներն ավելի վաղ չսկսելու պատճառներից հիմնականն այն էր, որ 1988թ. երկրաշարժից հետո Վանաձոր քաղաքի հեռանկարային զարգացման պլանով նախատեսված էր ինստիտուտի նոր համալիր կառուցել երկրաշարժից հետո կառուցված «Տարոն» թաղամասում (այն դեպքում, երբ ինստիտուտի մասնաշենքերը հիմնովին չէին տուժել եւ մեկ մասնաշենքի (վարչական) վերանորոգումը, փաստորեն, հնարավոր դարձավ իրագործել մի քանի ամսում)։ 1997թ. «Հայաստանի Հանրապետությունն» էլ «խոշոր գիրերով» ազդարարեց, որ «Վանաձորի մանկավարժականը դուրս է գալիս տնակներից»։ Դրանից հետո, նույն թվին նորոգվեց էլի մեկ մասնաշենք։ Այդ մասին 1997թ. գրվեց «Առավոտում»։ Հարկ է հիշատակել, որ այն ժամանակ շենքերի հանձնումն ավելի աննկատ էր լինում, առանձնապես «թմբուկներ» չէին զարկվում։ 2001թ. հոկտեմբերի 26-ին, ինստիտուտի գլխավոր մասնաշենքի (որի նորոգումը սկսվել էր 1998թ.) հանձնման արարողությունը, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահը, որոշ ԶԼՄ-ներ այնպես ներկայացրին, թե իբր «մինչ այդ դասերը կայանում էին տնակներում», այն դեպքում, երբ, ընդհանուր առմամբ, դասերն ավելի վաղ էին անցկացվում շենքում (բացառությամբ մի քանի ամբիոնների եւ ֆակուլտետի), իսկ տնակների հանման գործընթացն էլ 1998-1999թթ. արդեն իսկ սկսվել էր։ Ենթադրվում է, թե ինստիտուտի գլխավոր մասնաշենքի բացման արարողությունը եւ նախագահական այցը լուսաբանող ԶԼՄ-ներին տրամադրվել էին պատմական տվյալ պահին հարմար տվյալներ՝ ներկա իշխանություններին «արջի ծառայություն» մատուցելու նպատակով։ Ի՞նչ կարիք կար մինչեւ 1998թ. եղած ձեռքբերումներն էլ նշել, բա որ հանկարծ իրենց մեղադրեին «նախկիններին» հարելու համար ու «թարս աչքով» նայեի՞ն… Ի դեպ, ինստիտուտի գլխավոր մասնաշենքում, որի նորոգումն իրականացվել է ՀՕՄ-ի, պետբյուջեի եւ ինստիտուտի ղեկավարության աջակցության շնորհիվ, դեռեւս 2002թ. ապրիլի դրությամբ դասեր չէին անցկացվում՝ տեխնիկական պատճառներով (բարեբախտաբար, այս հանգամանքը վերջերս չէր վրիպել նաեւ Վանաձորի պաշտոնական մամուլի աչքից)։ Մարտից շենքի դահլիճը սկսեց օգտագործվել միջոցառումների անցկացման նպատակով, իսկ մայիսից, վերջապես, սկսեցին նաեւ դասեր անցկացվել։ …Հատկանշական է, որ 4 տարի առաջ եղածը «մոռացածները» լավ միտներն էին պահել այն, որ «ինստիտուտի գոյության 33 տարիների ընթացքում 1-ին անգամ այս կրթօջախն է այցելում հանրապետության նախագահը» (ասենք, որ 33 տարի առաջ «հանրապետության նախագահ» հասկացություն ընդհանրապես չի եղել)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել