Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիս 24,2002 00:00

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման եւ Հոկտեմբերի 27-ի մասին բազմիցս ասվել է, որ եթե վերջինիս դերակատարների նկատմամբ նույնիսկ մահապատժի ենթարկման դատավճիռ կայացվի, ապա այն իրականացնելը միջազգային հանրույթի կողմից չի ընդունվի. ապացույց՝ Օջալանին մահապատժի ենթարկելու մասին Թուրքիայի դատարանի վճռի չկատարումը։ Այս պատժի կիրառման նկատմամբ զարգացած եւ աշխարհում եղանակ ստեղծող երկրների անհանդուրժող վերաբերմունքի մասին է խոսում նաեւ Վիլնյուսում Եվրոխորհրդի անդամ 36 պետությունների կողմից ստորագրված թիվ 13 արձանագրությունը, որով հրաժարվեցին այդ պատժի կիրառումից նույնիսկ ռազմական հանցագործների նկատմամբ։ Ստացվում է, որ քրեական նոր օրենսգրքի ընդունման ձգձգումը պետական մտածելակերպի հետ որեւէ կապ չունի, այլ զուտ օրենսդիր մարմնի անճարակության կամ որոշ անձանց, մասնավորապես ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանի անձնական ամբիցիայի արդյունք է։ Քրեաիրավական դաշտի կարգավորման կարեւորագույն միջոցներից են նաեւ քրեակատարողական հարաբերությունները, ձերբակալվածների, կալանավորների, դատապարտյալների կապն ու հասարակության, հարազատների, արտաքին աշխարհի հետ կարգավորող օրենքները։ Հայտնի է, որ հիշյալ կապը հարազատների, ընտանիքի անդամների հետ հիմնականում իրականացվում է տեսակցությունների միջոցով։ Այս ոլորտն առայսօր կարգավորում է անհիշելի ժամանակներից գործող «ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգիրքը», որի սկզբունքներն ու մեթոդները, դատելով «ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ նոր օրենքից եւ շրջանառության մեջ դրված «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» նախագծից, մնում են անփոփոխ, անձեռնմխելի, երեւույթ, որը բացատրվում է կամ դրանց պահպանման անհրաժեշտությունով, կամ քրեակատարողական ոլորտի համար օրենք գրողների մտքի ամլությունով։ Մենք հակված ենք երկրորդ բացատրությունն ընդունելուն։ «ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգրքով» տեսակցությունների կայացման ձեւն ու բովանդակությունը կարգավորվում են ԽՍՀՄ-ի ժամանակներից գործող կարգով, որն այսօր ավանդույթ է դարձել։ Տեսակցությունների տրամադրման ընթացքում կատարվում են գործողություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ե՛ւ գործող Սահմանադրությանը, ե՛ւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, ե՛ւ ՀՀ միջազգային պարտավորություններին, այս դեպքերում է, որ անթաքույց, առանց փոքր-ինչ տատանվելու, տեղի են ունենում մարդու ազատությունների, իրավունքների խախտումներ, անձի արժանապատվության մշտական ոտնահարում, որոնք կրում են զանգվածային բնույթ։ Սահմանադրությամբ մարդուն չի կարելի… խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով, իսկ ՀՀ քրդատավարության օրենսգիրքը մի ողջ գլուխ է նվիրել խուզարկության կատարման հիմքերին եւ կարգին, ընդ որում սահմանվում է, որ անձնական խուզարկությունը կարող է կատարվել միայն քննիչի կողմից եւ նա պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի չհրապարակվի խուզարկության փաստը։ Խուզարկությունը կատարվում է, եթե անձը չի ներկայացնում քննիչի պահանջած առարկան կամ փաստաթղթերը։ Այլ կերպ ասած՝ խուզարկությունը միայն քննչական գործողություն է եւ նույնիսկ հանցագործության կատարման լուրջ կասկածի դեպքում պետք է պահպանվեն անձի արժանապատվությունը եւ իրավունքները։ Իսկ ի՞նչ է կատարվում ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում՝ ցանկացած տեսակցություն եկածի վարչակազմի աշխատակիցը ենթարկում է մանրազնին խուզարկության։ Այս հակասահմանադրական արարքը հիմնավորվում է արգելափակվածին չթույլատրվող առարկաների փոխանցումն կանխելու անհրաժեշտությամբ։ Իրականում նման պատճառաբանությունը հիմնավորված չէ, քանի որ նախ՝ դատապարտյալները (ձերբակալվածները, կալանավորվածները) տեսակցությունից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո ենթարկվում են մանրազնին խուզարկության եւ նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար է արգելված նյութ ներս տանել, ապա՝ ցանկացած արգելափակվածի վարչակազմն իրավունք ունի ցանկացած պահի խուզարկել։ Այս պայմաններում հարազատին տեսակցության եկածին խուզարկության ենթարկելը, օգտվելով տեսակցություն թույլատրել-չթույլատրելու լծակից, ե՛ւ անօրինական է, ե՛ւ չարդարացված, ավելին՝ ցանկացած անձի այս դեպքում վերաբերում են որպես հնարավոր հանցագործի, ենթարկում նվաստացուցիչ, անձնական արժանապատվությունը ոտնահարող գործողությունների։ Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, իսկ «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը» սահմանում է՝ միայն դատարանի որոշմամբ է կատարվում դրանց գաղտնիության սահմանափակումը։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր ոք ունի հեռախոսային խոսակցությունների, նամակագրության իրավունք՝ առանց որեւէ քանակային սահմանափակումների, ավելին՝ սահմանադրորեն արգելված է այդ իրավունքների սահմանափակումը նույնիսկ ռազմական դրության ժամանակ։ Իրավական այս դաշտի առկայության պայմաններում պարզապես զավեշտ է տեսակցության եկածին բջջային հեռախոսով տեսակցելն արգելելը, այն դեպքում, երբ դա պետության համար որեւէ նյութական պարտավորություն չի առաջացնում։ Իսկ կալանավայրերում եւ հատկապես քրեակատարողական հիմնարկներում, որտեղ պատիժը կրում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռների հիման վրա, մեկ հեռախոս տեղադրելը եւ վճարովի հիմունքներով այնտեղ գտնվողների հեռախոսային խոսակցությունների իրավունքի ապահովումը լուրջ ծախս չի պահանջում։ Ի հեճուկս ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ քրդատավարության օրենսգրքի՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը պարտադրում է արգելափակվածներին իրենց նամակագրության իրավունքն օրինականացնել միայն այդ վայրերի վարչակազմի միջոցով, իսկ շրջանառության մեջ գտնվող «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» նախագիծը շրջադարձ է կատարել դեպի քարե դար եւ սահմանել՝ «դատապարտյալների դատախազությանը հասցեագրած առաջարկությունները, դիմումներն ու բողոքները գրաքննության ենթակա չեն», հետեւություն՝ մնացած ամեն ինչը ենթակա է գրաքննության։ Եզրակացությունը մեկն է՝ այսօրվա իշխանությունները գործում են անցյալի մարդատյաց հոգեբանությամբ՝ իշխանությունն ամեն ինչ է, մարդը՝ ոչինչ, իշխանական օղակներից դուրս որեւէ իրավունք չի կարող գոյատեւել, առավել եւս՝ եթե այդ իրավունքների կրողները դատապարտյալներ, կալանավորվածներ, ձերբակալվածներ կամ նրանց հարազատներն են։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել