Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՏԻՐ ԻՆԸ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 24,2002 00:00

ԳՏԻՐ ԻՆԸ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Երբ հերթական անգամ թոռնիկը գնում է յուղ գնելու, վաճառողուհին սովորականի նման հարցնում է. «Ինչպես միշտ՝ «Աֆտա՞բ»։ «Ոչ, տատիկը մահացել է, կարգին յուղ տուր»,- հետեւում է պատասխանը։ Ու թեեւ այս «Աֆտաբն» իրենից մի բան չի ներկայացնում, բայց «Procter & Gamble»-ի, «Wella»-ի նման հայաստանցի բիզնեսմենների կողմից կեղծվում է։ Եվ, որպես կանոն, ամենագռեհիկ դրսեւորումներով։ Այսպիսով, վերնագրի պահանջը կատարելով, նկարում պատկերված երկու պիտակները համեմատելով, արձանագրում ենք (բնօրինակում վերեւինում կարմիրը շատ է, գույները մուգ են). ներքեւի պիտակի ձախ կողմի ստորին անկյունում արաբական տառերով գրություն է առկա, որ բացակայում է վերեւի պիտակի վրա։ Անվանումը մի դեպքում «P»-ով է գրված, մյուս դեպքում՝ «B»-ով։ Պիտակների վերեւի աջ անկյունների ծաղիկները նույնպես տարբերվում են։ Իսկ ներքեւինում ծաղիկի տակ գրություն է առկա։ Տարբեր է նաեւ ապրանքի կոդը։ Վերեւինը վկայում է, որ ապրանքը հայկական է։ Ներքեւինը՝ որ իրանական։ Հայկական ծագման մասին է վկայում նաեւ վերեւի պիտակում «ASTGHATSOLK» LTD» նշումը (ներքեւի աջ անկյուն)։ Ներքեւի պիտակում առկա է նաեւ Իրանի պետստանդարտի լոգոն եւ մաքրության պահպանման նշանը։ Ինչպես նաեւ ներքեւի աջ անկյունների ռուսերեն գրություններում «Աֆտաբը» համապատասխանաբար «կ»-ով ու «ը»-ով։ Մնացածն, ինչպես տեսնում եք, միլիմետրի ճշգրտությամբ նույնն է։ Ի՞նչ եք կարծում, սովորական սպառողն առաջին հայացքից կտարբերի՞ այս երկու արտադրանքները, երբ երկար ժամանակ տարբեր խանութներում տարբեր վաճառողների դժվարությամբ էինք կարողանում հիմնավորել ապրանքի կեղծ լինելը։ Ի դեպ, սպառողը ձեթն օգտագործելիս անմիջապես կզգա տարբերությունը, քանի որ նման հոտով ձեթը չի էլ կարելի երեւակայել, որ կարող էր սահմանն անցնել։ Իսկ շատ խանութների վաճառողներ, խուսափելով մշտական հաճախորդին կորցնելու հեռանկարից, նախօրոք են զգուշացնում. «Բայց գիտե՞ք, որ մեջն այսինչ ձեթն է լցված»։ Սույն «Աստղացոլք» ընկերությունը պատասխանատվության ենթարկվելիս, իհարկե, կասի՝ ես չեմ կեղծել, չէ՞ որ այսքան տարբերություններ կան պիտակներում։ Իմիջիայլոց նկատենք, որ պիտակի մի ծայրը ծածկում է հայկական արտադրության մասին վկայող կոդը, որը նույնպես կարող է կեղծված լինել։ Ինչպե՞ս է մի ընկերության թույլ տրվում թողարկել իր բաղադրամիջոցներով եւ այլ հատկանիշներով ակնհայտորեն տարբերվող արտադրանք, որի պիտակները վկայում են միեւնույն հատկանիշների մասին։ Հայպետստանդարտում այս մասին տեղյակ չէին։ Ինչպես նաեւ իրենց քթի տակ զանգվածաբար կեղծվող մյուս ապրանքներից։ Ուստի սույն հրապարակմամբ հիշյալ գերատեսչության ուշադրությունն ենք հրավիրում ոչ միայն «Աֆտաբի», այլ նաեւ մյուս կեղծված արտադրատեսակների վրա։ Ուշագրավ է, որ նման դեպքերում տուժում կամ վնաս է կրում ոչ միայն սպառողը, այլ նաեւ այն ֆիրման, որը զբաղվում է տվյալ արտադրատեսակի արտադրությամբ կամ ներկրմամբ։ «Աֆտաբի» հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Վահրամ Ճարասին «Առավոտին» հայտնեց, որ արդեն տեղյակ է ձեթի կեղծման փաստի մասին, բայց «պրոբլեմ է եղել, այդ գործարարի (Հայաստանում մեծ ճանաչում ունեցող մի գործարար-Ա. Ու.) հետ հարցերը լուծել ենք, էլ չի արտադրի»։ «Իսկ ձեզ չի՞ անհանգստացնում այն հեռանկարը, որ սպառողները կարող են հրաժարվել այս ձեթից, մեկ անգամ խաբվելով» հարցին պարոն Ճարասին պատասխանեց, որ նրանց 80%-ն արդեն տեղյակ է, որ կեղծվում է, չի շփոթի։ «Իսկ տույժեր չե՞ք պահանջելու։ Չէ՞ որ ընկերությանը նյութական վնաս է հասցվում»։ Գործարար Վահրամ Ճարասին ասաց բառացիորեն հետեւյալը. «Չէ, ի՞նչ տուգանք, մենք իր հետ մոտ ենք։ Ինքը մեր ընկերն է։ Պրոբլեմ չկա, պայմանավորվել ենք, որ էլ չի արտադրի»։ Այսպես «ընկերականով» էլ որոշ գործարարներ առաջ են տանում իրենց գործը։ Եվ հիմնականում նրանք է, որ առաջ են տանում, ցավոք։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել