Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԱՆՎԵԼԸ ՀԵՐՈՍ Է»

Մայիս 24,2002 00:00

«ՄԱՆՎԵԼԸ ՀԵՐՈՍ Է» Հայաստանում ընդունված է հերոսներին միայն հետմահու գնահատելն ու մեծարելը։ Այս մտայնությանը փորձեց դեմ գնալ ԵԿՄ անդամ Ազատ Արշակյանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մասին իր գնահատանքի խոսքն ասելով այժմ. «Մանվելը, որպես ազատամարտիկ, իսկական ազգային հերոս է՝ իր ամեն ինչով, աշխատավոր ընտանիքում ծնված, ինքն էլ՝ աշխատող հայ տղամարդ, որը թողեց իր կնոջն ու երեխաներին, հարազատ դաշտն ու այգին, զենքը վերցրեց ու գնաց անձնազոհության։ Վատ կռվեց-լավ կռվեց՝ արդյունքը գիտենք. նա պարտված չի վերադարձել։ Նա հերոս է, եւ փառք ու պատիվ իրեն։ Որպես երկրապահ՝ երդվել էր ծառայել Հայրենիքին եւ իր երդմանը մնաց հավատարիմ՝ վերադարձավ հաղթանակով։ Հարկավոր է Մանվելին, որպես ազատամարտիկի, պատվել ու թողնել, որ վայելի իր վաստակածը՝ իր կալվածքները, իր «Ջիփը», այն ամենն, ինչ ունի։ Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանը զինվորական երդմամբ է կապված պետությանը։ Եվ եթե նա որոշի զբաղվել քաղաքականությամբ, առաջին հերթին պիտի հանի իր ուսադիրները եւ հրաժարվի բանակում ծառայելուց, գլխավոր հրամանատարի հրամանները կատարելու պարտականությունից։ Պաշտոնանկ լինի, դառնա նորից հասարակ քաղաքացի ու մտնի որեւէ կուսակցություն ու մասնակցի քաղաքական պայքարին։ Որքան գիտեմ՝ Մանվելը հիմա դա չի անում. զինվորական է, եւ նրան արգելում են մտնել քաղաքական պայքարի մեջ։ Վերջին հաշվով, ուզում եմ, որ իմ ընդդիմախոսները, հակառակորդները, բարիկադի մյուս կողմում գտնվողները չլինեն դասալիքներ։ Ես չեմ ուզում, որ Մանվելը լքի իր թիմին։ Եթե այժմ նա Ռոբերտ Քոչարյանի հրամանը կատարողն ու թիմակիցն է՝ ուզում եմ, որ հավատարիմ մնա իր թիմին, իր հրամանատարին։ Չեմ ուզում, որ մեզ աջակցեն մարդիկ, որոնք դավաճանել են իրենց թիմին ու սկզբունքներին։ Մի խոսքով, չեմ ուզում, որ «ագենտների», «ստուկաչների» երկիր լինի իմ Հայրենիքը։ Հիմա մի տեսակ նորաձեւ են պավլիկմորոզովները։ Համընդհանուր դասալքության, շտրեյկբրեխերության տարիներ են։ Եվ եթե գեներալ Գրիգորյանն իր առաջին նախագահին հավատարիմ չմնաց, ուրեմն՝ թող գոնե իր երկրորդ նախագահին մնա հավատարիմ։ Եթե մի անգամ արել է, պարտադիր չէ, որ անընդհատ անի ու դասալիք, երդմնազանց լինի»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել