Լրահոս
Օրվա լրահոսը

Հասանք…

Մայիս 24,2002 00:00

Հասանք… Մայիսի 8-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրությունը տարածեց «Ռոյթըր» լրատվական գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ Ջ.Բուշի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել հայկական այն ընկերությունների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք ռազմական եւ «կրկնակի» նշանակության սարքավորումներ ու տեխնոլոգիաներ են վաճառել Իրանին: Արդեն հայտնի է, որ առաջիկա օրերի ընթացքում այդ պատժամիջոցները գործողության մեջ կդրվեն, որով ամերիկյան կառավարությանը, ընկերություններին եւ անհատ անձանց կարգելվի գործարար կապերի մեջ մտնել զանցառուների հետ, վերջիններս կզրկվեն ամերիկյան օգնությունից, ամերիկյան արտոնագրերից եւ այլն: Սա ինքնաբերաբար կհանգեցնի եվրոպական երկրների հետ հարաբերություններում նմանատիպ արգելքների սահմանման: Ի դեպ, պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ Չինաստանի եւ Մոլդովայի նկատմամբ. կասկածելի շրջապատում է հայտնվել Հայաստանը: Միայն տհասները կարող են կարծել, թե ամերիկյան պատժամիջոցներն անսպասելի են կամ, ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ պարզ երկնքում պայթած ամպրոպ են: Չորս տարի շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արկածախնդիր արտաքին քաղաքականության հետեւանքն է սա: Ժամանակին տողերիս հեղինակը, ինչպես նաեւ՝ այլ անկախ վերլուծաբաններ ու ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրջորեն նախազգուշացրել են, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ձախողման, երկրում մարդու իրավունքների ոտնահարման, «վտարանդի» պետությունների հետ կասկածելի գործարքների համար Հայաստանը կարող է ենթարկվել միջազգային պատժամիջոցների (տես՝ «Մեկ-երկու տարուց Հայաստանը կդառնա «վտարանդի երկիր», «Առավոտ», 17.02.01, «Հայաստանը կարող է հայտնվել «վռնդված» երկրների շարքում», «Արմատ», թ. 11/16, ապրիլ, 2001 եւ այլն): Նման վտանգավոր իրավիճակում պարզապես անտրամաբանական է Հայաստանի իշխանությունների ընդունած կեցվածքը: Գիտենալով, որ ԱՄՆ-ը Իրանին համարում է «չարիքի առանցքի» պետություններից մեկը եւ արգելում է մյուս պետություններին ռազմական բնագավառում համագործակցել նրա հետ, Քոչարյանը ս.թ. մարտի 15-ին «Ֆրանս-պրես»-ին տրված հարցազրույցում հավաստիացնում է, թե. «Հայ-իրանական հարաբերություններում գոյություն չունի քիչ թե շատ լուրջ ռազմական ուղղություն»: Իսկ դրանից մի քանի շաբաթ անց ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է, որ Իրանին զենք վաճառելու պատճառով «սեւ» ցուցակի մեջ են մտել հեռահար հրթիռների կառավարման եւ վերահսկողության համակարգերի, ինչպես նաեւ քիմիական եւ կենսաբանական զենքի մշակման ծրագրերում ներգրավված հայկական ընկերությունները: Եթե իրադրությունն արմատապես չփոխվի, ԱՄՆ վարչախմբի քայլերին կհետեւեն Եվրախորհրդի, չի բացառվում նաեւ՝ ՄԱԿ-ի, պատժամիջոցները: Ընդ որում, իրավիճակը այն աստիճան մտահոգիչ է, որ անբարո կլինի այս մասին հնչող ահազանգերը վերագրել ներքաղաքական պայքարին: Սպառնալիքի տակ են Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը, նրա անվտանգությունը, ազգային պետական շահերը, հայկական Ղարաբաղի ինքնուրույն գոյությունը: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Արմատ», 17/71

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել