Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայագիտության խնդիրները խորհրդարանում

Մայիս 24,2002 00:00

Հայագիտության խնդիրները խորհրդարանում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել «Հայագիտության եւ հայոց լեզվի խնդիրները» թեմայով։ Հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը՝ կարեւորելով պետության համակարգային փոփոխությունները, նշեց, որ երբեք չի կարելի անտեսել մնայուն արժեքները՝ «մշակույթը, կրթությունը, կրոնը եւ այս ամենի հիմքը՝ լեզուն։ Չկա լեզու, չկա ժողովուրդ եւ ազգ»։ Իսկ պետությունը պետք է չխանգարի այս մնայուն արժեքների պահպանմանը. «ցավոք, մենք տեսնում ենք, որ կատարվում են ոտնձգություններ, որոնք ուղղված են խանգարելուն»։ Պրն Քոչարյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում երեք անգամ ներկայացվել են օրենքի նախագծեր, որոնք «ուղղված էին հայոց լեզվի դիրքերի խարխլմանը»։ Երեք նախագծերն էլ, բարեբախտաբար, հանված են շրջանառությունից։ Այսինքն՝ այսօր ռուսաց լեզվին կարգավիճակ տալու թեման «ակտուալ» չի։ Երկլեզվյա ուսուցման փորձնական դասընթացների կիրառումը համարելով կառավարության մեղքը, Շ. Քոչարյանը շեշտեց, որ «այստեղ խախտում է տեղի ունեցել»։ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կոչ արեց չփորձել մեկը մյուսին հարվածելով թաքցնել մեր թերությունները. «Հաճախ մենք չենք կարողանում տալ միջազգային կարգի արտադրանք, հայագիտության մեջ հասարակ խնդիրներ ունենք, որ չենք լուծել, մենք լուրջ ինչ-որ գիտական կոնֆերանսի գնալիս դժվարությամբ կգտնենք երիտասարդ կամ ոչ երիտասարդ մարդիկ, որոնք կարող են երեք կամ չորս լեզուներով մասնակցել կլոր սեղանների։ Խոսենք նաեւ այս մասին։ Եվ հաճախ այդ թերությունները, որոնք մեր թերություններն են, մենք փորձում ենք, իմ կարծիքով, հակադարձել հակադրությունների ձեւով, որը հին մեթոդ է, 70 տարի լավ կիրառված»։ Նախարարի ներկայացմամբ Մայր հայրենիքի՝ հայաստանյան մասնագիտական ներուժի, հիմնախնդիրը պետք է լինի մեծահոգությունը, նաեւ կոչը՝ ուղղված բոլոր հայագետներին՝ սկսել հիմնարար աշխատանքները. «բնական է, որ մենք ունենք շատ հակառակորդներ, բնական է, որ հայագիտությունը հայապահպանության հիմնական անկյունաքարերից մեկն է»։ Երկուշաբթի սկսվող Հայաստան-Սփյուռք վեհաժողովի աշխատանքների ընթացքում Լեւոն Մկրտչյանի ներկայացմամբ մի շարք կարեւոր հարցեր կբարձրացվեն՝ ուղղված հայագիտության, լեզվական հիմնախնդիրների լուծմանը։ Համաժողովի արդյունքում ձեւավորվելու է հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի հայագիտության խնդիրներով։ Առաջարկ կարվի նաեւ գիտակրթական կենտրոնի ստեղծման մասին, որը կզբաղվի հայագիտության, Հայրենիք-Սփյուռք կրթության, վիրտուալ կրթության եւ այլ հիմնահարցերով, որը կմիավորի հայագիտությամբ զբաղվող բոլոր մասնագետների եւ հաստատությունների ուժերը։ Նախարարը վստահ է, որ այս գործն ավելի գլոբալ ուշադրության եւ աշխատանքի կարիք ունի եւ հայագիտության հարցերը քննելիս չպետք է մոռանալ, որ հայությունն ունի իր շերտերը՝ բուն Հայաստանում, Սփյուռքում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող հայեր։ Վերոհիշյալ հանձնաժողովը, ըստ նախարարի, կկարողանա առանց հարցը քաղաքականացնելու, առանց շահարկումների, քննել այն։ Լեւոն Մկրտչյանը լեզվական հարցերը, լեզվական որակը պահպանելու խնդիրը համարեց այն կարեւորագույն հիմնահարցերից մեկը, որտեղ պարտադիր է բոլոր ջանքերի համադրումը. «այստեղ բանակներ չեն կարող լինել, այստեղ բոլորի համար խնդիրները մեկ են»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել