Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոնորա՜ր էլ կա, հոնորար էլ…

Մայիս 23,2002 00:00

Հոնորա՜ր էլ կա, հոնորար էլ… Ալեքսանդրա Ավագյանը այս տարի երրորդ անգամ էր այցելում Հայաստան։ Վերջին՝ հինգշաբաթյա այցի ընթացքում նրան ընկերակցում եւ օժանդակում էր Փառիկ Նազարյանը, որի հետ զրույցս փորձում է պարզել, թե ինչ նպատակով էր «Նեյշընալ Ջէոգրաֆիք» բազմամյա ամսագիրը Ալեքսանդրային գործուղել Հայաստան։ «Նեյշընալ Ջէոգրաֆիք Սոսայեթին» 1800-ականի կեսերին հիմնվել է ԱՄՆ-ում։ 1970-ականների մի համարում ներկայացրել է Հայաստանը։ Այս ամսագիրը վերջին տասնամյակում 40 միլիոն ընթերցողների (ունի 10 միլիոն բաժանորդ) ծանոթացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ հիմա՝ Հայաստանի անկախությունից տասնմեկ տարի անց, իր լրագրողներին ուղարկում է Հայաստան, պատրաստելու 30 էջանոց մի հոդված Հայաստանի մասին։ Ալեքսանդրայից բացի, մեկ լրագրող է գործուղվել նյութեր հավաքելու եւ գրելու համար։ Ալեքսանդրայի խնդիրն էր նկարել ողջ Հայաստանը։ Անցյալ երկու այցերին Ալեքսանդրան նկարել է մշակութային, արվեստի, քաղաքական-հասարակական կյանքը, 1700-ամյակի տոնակատարությունը։ Այս անգամ՝ Ապրիլի 24-ը, Նորավանքի բացումը, Վարդավառը, հայ ընտանիք, հաճույքի վայրեր, մեծահարուստներ եւ աղքատներ, միջին դասակարգ, դիրքեր, սահմաններ, ձյունապատ Արագածը ուղղաթիռից դիտված (միայն 1900 դոլար 1.50 րոպե թռիչքի դիմաց), բնության եւ այլ թեմաներ է նկարել մեր հայրենակցուհին, օգտագործելով 36-ական սլայդների 450 ժապավեն։ Իրանահայ հորից եւ իռլանդացի մորից սերած այս աղջիկը առաջին անգամ եկել է Հայաստան երկրաշարժից հետո, ապա երկու անգամ Ղարաբաղի ազատագրական պատերազմի ամենաթեժ օրերին եղել է ճակատներում։ Ոչ մի դժվարության առջեւ չընկրկող լրագրող-լուսանկարիչը այս անգամ խոչընդոտների հանդիպեց, սակայն իր առաքելությունը ամբողջությամբ կատարած վերադարձավ ԱՄՆ եւ 2003 թվականի փետրվարին «Նեյշընալ Ջէոգրաֆիքի» էջերում կներկայացնի ի՛ր Հայաստանը։ Ամսագիրը իր լրագրողներին տալիս է հստակ առաջադրանք, տրամադրում մեքենա, ուղեկից-կոորդինատոր, աշխատանքային լավագույն պայմաններ ու պահանջում լավագույնը։ Նշված 450 ժապավենից կընտրվեն մի քանի տասնյակը միայն, բայց դրանք կլինեն չգերազանցված լուսանկարներ, այնպես, ինչպես ամեն մի նկար «Նեյշընալ Ջէոգրաֆիքում»։ Ալեքսանդրան նկարել է աշխարհի ամենապրեստիժային թերթերի համար՝ «Լայֆ», «Թայմ» եւ այլն։ Այսպիսի բարձունքի հասնում են միայն ամենաշնորհալիները, հենց այնպես չես տպագրվի այդ թերթերում, առավել եւս «Նեյշընալ Ջէոգրաֆիքում»։ Ոչ միայն պիտի լինել շնորհալի, այլեւ համառ, հանդուգն ձեռնարկումների պատրաստ, պատասխանատու եւ աշխատասեր։ Ունակություններ, որոնք անհրաժեշտ են բոլոր լրագրողներին, սակայն ի վերուստ տրված է քչերին։ Հայաստանն այս անգամ ներկայացվելու է ոչ որպես աղետի ու պատերազմի գոտի։ Իսկ թե ինչպե՞ս, պիտի սպասել 2003 թվականի փետրվարին, տեսնելու մեր հայրենիքը աշխարհում ամենալայն տարածումը գտած լուրջ ու ծանրակշիռ ամսագրի՝ «Նեյշընալ Ջէոգրաֆիքի» էջերում։ Այս բոլորը լսելուց հետո հայաստանյան լրագրողը պիտի ախ քաշի ի խորոց սրտի. ինչպե՞ս թե մեկ հոդվածի համար երկու տարի ուսումնասիրություն, հարյուրավոր հանդիպումներ ու զրույցներ, 16.200 սլայդ, 28.000 քկմ տարածքում ոտքով, մեքենայով, ուղղաթիռով, ձիով ճամփորդություններ եւ մոտավորապես 200 հազար ԱՄՆ դոլար ծախս, ենթադրաբար նաեւ հսկայական գումար, որպես հոնորար, էլ չեմ ասում «Արմենիա» հյուրանոցում օրվա լարված աշխատանքից հանգստանալու շքեղ հնարավորություն եւ այլն… Համեմատության ոչ մի եզր մեր մամուլի եւ ամերիկյան ամսագրի, նրա լրագրողի ու մեր լրագրողների միջեւ։ Բայց մի հոդվածի համար երեք ամիս հետո հազար դրամ ստացողը ի՞նչ նյութ պիտի գրի, որ… Մինչդեռ բոլորս էլ երազում ենք նման առաջադրանք-գործուղումներ եւ, իհարկե, համապատասխան հոնորար։ Ոչ մի բան չի փոխվել Թումանյանի օրերից, երբ տողը մեկ կոպեկ հոնորարի դիմաց էին գրում մեր գրողներն ու լրագրողները։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել