Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԵՐԵԽԵՔԻ ԹԻՄԻՑ ԵՆՔ»

Մայիս 23,2002 00:00

«ՄԵՆՔ ԵՐԵԽԵՔԻ ԹԻՄԻՑ ԵՆՔ» «Հայրենիք» հեռուստաընկերությունը չի միացել «Ա1+»-ի փակումը ողջունող 17 լրատվամիջոցների հայտարարությանը, սակայն նրա ղեկավարների կարծիքով, դա չպետք է ինչ-ինչ եզրակացությունների առիթ տա։ Նրա մշակութային տնօրեն Ժիրայր Դադասյանը հայտարարում է, որ իրենց հեռուստաընկերությունը ապաքաղաքական է ու երեխաների հեռուստաընկերություն. «Մեր թիմը երեխեքն են, իսկ մեր խնդիրը՝ հեռուստաընկերությունը զուտ նրանց համար անաղարտ պահելը։ Որովհետեւ որ կողմում էլ հանդես գանք, ճիշտ չի լինի. պատկերացրեք, բռնենք «Ա1+»-ի կողմը, ուրեմն ի՞նչ, ստացվում է՝ երեխե՞քն էլ են բռնում նրա կողմը»։ Ժ. Դադասյանի կարծիքով, «Հայրենիքը» պիտի «դուրս լինի քաղաքականությունից», քանի որ, հակառակ դեպքում, կվարկաբեկի երեխաներին։ Նույն կարծիքին է նաեւ «Հայրենիք» հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Օհանյանը։ «Հայրենիքը» մանուկների ալիք է,- ասում է նա,- նրանց չի հետաքրքրում, թե ինչն է փակվել, ինչը՝ ոչ»։ Ժ. Դադասյանը «Հայրենիք» հեռուստաընկերությունը իր տեսակի մեջ հազվագյուտ եւ ինքնատիպ է գնահատում ոչ միայն մանկական ուղղվածության, այլ այն պատճառով, որ ունի «բոլորից տարբերվող հստակ քաղաքականություն»։ Ըստ նրա, իրենց հեռուստաընկերության խնդիրը նախեւառաջ վերջին տասը տարիներին աղավաղված, խեղաթյուրված ու գլխիվայր շրջված արժեքների վերականգնումն ու վերագնահատումն է։ «Մեր էկրանին մեծահասակներ չկան, իսկ եթե հայտնվում են, ապա միայն ծաղրածուի կամ հեքիաթի հերոսի տեսքով։ Սա ունիկալ հայրենիք է, որի բնակիչները՝ Ինչուիկը, Անանունիկը, Չիկարելին, Վերկացիկը եւ մյուսները ապրում են քաղաքականությունից դուրս, երեխաների հետ եւ երեխաների համար։ Ոչինչ, որ մեզ մեղադրում են վառ գույների համար, կարեւորը, որ մենք երեխաներին ենք դուր գալիս»։ Ժ. Դադասյանը տեղեկացրեց, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը մշտապես անդրադառնում է մանկական աշխարհի կարեւորագույն իրադարձություններին, լինում շրջաններում, այն փորձում է եթերացանցում ունենալ բոլոր սեռերի (երաժշտական, սպորտային, զվարճալի, կրթական-ճանաչողական) հաղորդումներ, ինչի հետեւանքը բազմաթիվ մանկական զանգերն են»։ Ըստ նրա, գտնվել է հարմար ձեւ՝ «Հայրենիք» շարքը («Հայրենիքի հեքիաթները», «Հայրենիքի պատմությունը», «Հայրենիքի մշակույթը» եւ այլն), որի միջոցով երեխաներն իրենք են մեկնաբանում՝ ինչ ասել է հայրենիք։ Այն արդեն դարձել է երեխաների յուրօրինակ հեռուստադասագիրքը։ «Հայրենիք» հեռուստաընկերության տնօրինությունը հեռուստատեսությունը դիտում է ոչ թե երեխային կրթելու, այլ գիտության, գրքի, պատմության, հայրենիքի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելու միջոց։ Բացի մանկապարտեզներին նվիրված «Աստղածաղիկ» ծրագրից, «Հայրենիքը» շուտով կունենա նաեւ դպրոցներին նվիրված ծրագիր, որը, Ժ. Դադասյանի հավաստմամբ, հաստատ կբավարարի դպրոցականների հետաքրքրությունները. «Մեր նպատակը երեխային լիցք հաղորդելն է, որպեսզի նա ինքնուրույն հետաքրքրվի ամեն ինչով։ Թե չէ, օրինակ, պատմության դասը էկրանից պատմելը անօգուտ զբաղմունք է»։ Նրա կարծիքով, ի տարբերություն մյուս հեռուստաալիքների, «Հայրենիքի» եթերից բացակայում են մեծերին կապկելու տեսարանները։ Այստեղ երեխաները պոդիում դուրս չեն գալիս կամ նրանց չեն դարձնում «Միսս մանկապարտեզ», որ հետո մնացածը՝ ոչ միսս-միստրները, հոգեկան ցնցում ստանան։ Ժ. Դադասյանը իրենց հեռուստաընկերությունը նաեւ ռեժիսորական է համարում. այստեղ հաղորդումների պատասխանատուները ոչ թե խմբագիրները, այլ ռեժիսորներն են։ Նա նաեւ հավատացնում է, որ «Հայրենիքին» երբեք չեն պարտադրվում հիմնադրի՝ Հրանտ Վարդանյանի նախասիրությունները։ Իսկ ըստ Վ. Օհանյանի, «Հայրենիք» հեռուստաընկերությունում ոչինչ սիրողական մակարդակով չի արվում. այն ունի գերազանց տեխնիկական զինվածություն եւ, «լավ գործ անելու ցանկությամբ, իսկ դրանից էլ՝ հոգիներում պոռթկում ունեցող մասնագետներ»։ Ըստ «Հայրենիք» հեռուստաընկերության մշակութային տնօրենի, «Հայրենիքի» կարեւորագույն նպատակներից մեկն էլ երեխայի մասնագիտական կողմնորոշումն է, թե չէ «կոմունիստներից մինչեւ այսօրվա անկախ պրոֆեսիոնալները, բոլորը պրոֆեսիոնալ քաղաքագետներ են, եւ որ ալիքը միացնում ես, մի պրոֆեսիոնալ նստած՝ մեծ-մեծ բաներից է խոսում»։ Նրա կարծիքով, «Հայրենիքը», ի տարբերություն մյուսների, երբեք էսթետիկական վանդալիզմի փորձ չի անում իր լսարանի վրա. «Մեր հաղորդումները պարտադիր գեղարվեստական լուծում են ունենում՝ գույնի, կադրային եւ տրամաբանական, իսկ ամեն ինչի առանցքում էլ երեխան է՝ իրենից եկող դրական լիցքերով»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել