Լրահոս
Օրվա լրահոսը

Սառնասրտությունը կապված է… երաշխիքների հետ

Մայիս 23,2002 00:00

Սառնասրտությունը կապված է… երաշխիքների հետ «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությունը շարունակվեց տուժող, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցաքննությամբ, մասնավորապես, Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի հարցերով։ Վերջինիս հետաքրքրեց ահաբեկիչների խմբի գործողությունների օրինականությունը մասնավորապես ԱԺ նիստի կազմակերպման առումով։ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը՝ տուժողը գնահատեց այն «տարրական սահմանադրական իրավագիտակցություն չունեցողների», որոնք չեն իմացել, որ վարչապետի հրաժարականը կարող էր անել ԱԺ-ն։ Նա տեղեկացրեց, որ բացառիկ իրավասությունը տրված է հանրապետության նախագահին։ Տուժողը տեղեկացրեց, որ հանրապետության նախագահի հետ ոճրագործությունից հետո պատգամավորներից որեւէ մեկը «կապ չի հաստատել» եւ ավելին, արեց սենսացիոն մի ակնարկ էլ. «Նույնիսկ սուպերհեռախոսը վերցնում էր գործավարը»։ Վ. Սարգսյանի եւ Հ. Աբրահամյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցչի՝ փաստաբան Տիգրան Ջանոյանի հարցերին էլ պատասխանելով՝ տուժողը մեկ անգամ եւս պնդեց, որ «զինված հարձակումը կրել է անսպասելի, հանկարծակի բնույթ» եւ որ այն իր մեջ ներառել է «կազմակերպված դավադրության» տարրեր։ ԱԺ տարածք-ԱԺ շենք-ԱԺ նիստերի դահլիճ մուտք գործելուց սկսած մինչեւ դահլիճում տեղ զբաղեցնելը։ Տուժողի կարծիքով, ամբաստանյալների սառնասրտությունը պայմանավորված էր նրանց ուղարկողների երաշխիքներով։ Ի դեպ, հետաքրքիր մի տեղեկություն էլ հաղորդեց Վ. Դալլաքյանը։ Նա պատմեց, որ ահաբեկչությունից 3 օր հետո մոտ 80 պատգամավոր հանդիպել են թիվ 334 դահլիճում նախագահ Ռ. Քոչարյանի հետ։ «Մթնոլորտը լարված էր, նախագահը փորձում էր հարցերին ընդհանուր պատասխան տալ»։ Ինքը ի շարս այլ հարցերի, հարցրել էր. ովքե՞ր կարող էին լինել պետական-քաղաքական հեղաշրջման ետեւում։ Նախագահը, ըստ պատգամավորի, չէր բացառել ինչպես ահաբեկիչների գործելը, այնպես էլ նրանց կազմակերպված լինելու հանգամանքը։ Ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանին հետաքրքրում էր, թե արդյոք տուժողը երբ ասում է, որ եղել է «զակազ», գիտի՞ 27-ի պատվիրատուներին։ «Կազմակերպիչը դուք չեք»,- շտապեց հանգստացնել ամբաստանյալի պաշտպանին եւ ցանկություն հայտնեց մասնակցել (անջատված մասի հետ կապված) դատավարական հետագա քայլերին։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանին հետաքրքրում էին այն քաղաքական ուժերը, որոնց դիմելով ահաբեկչության պարագլուխը ասել էր. «Դուք վախենալու բան չունեք»։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հարցաքննության ժամանակ ընտրել էր տուժողին իր հոգեբանական ծուղակը գցելու մարտավարություն։ Ցանկացած հարց տալով այն ավարտում էր. «նշանակում է դուք եղել եք մեր համախոհներից մեկը»։ Ձեռ առնելով (ենթատեքստում) տուժողի պատանդ լինելը (իբրեւ «Միասնություն» խմբակցության անդամի), նա իրեն բնորոշ ցինիկ ճանապարհը ընտրեց (վարկաբեկել նույնիսկ մարդկանց, որոնց չի էլ ճանաչել). «Կամ դուք պատանդ չեք եղել, կամ եղել եք մեր համախոհը»։ Ամբաստանյալին հետաքրքրեց, թե ինչո՞ւ է տուժողը ցանկացել դահլիճ վերադառնալ (Վ. Սարգսյանի դիակը դուրս հանելուց հետո, երբ ազատ էր այլեւս եւ պատանդ չէր։ «Ի տարբերություն հարց տվողի, ես ունեի ընկերներ եւ ուզում էի վերադառնալ եւ կիսել նրանց հետ դժվարությունները» պատասխանը ակնհայտորեն դուր չեկավ նրան, ինչպես եւ դուր չեկավ ջուր բերելու հետ կապված դրվագի պատմությունը։ Տուժողը ջուր է բերել եւ այն դրվել է նաեւ քարտուղարությունում։ Եվ քանի որ ամբաստանյալի տրամաբանությամբ նա ջրի մեջ թունավոր ոչինչ չի գցել եւ ինքն էլ խմել է ջուրը, հետեւաբար նա եղել է «համախոհ»։ Տեսնելով, որ տուժողը իրենց կողմը չի նայում (ի դեպ, երկրորդ նիստն է, ինչ թիկունքով է), նա երկրորդ հոգեբանական հնարքն օգտագործեց. նույնացրեց իրեն տուժողի հետ, թե իմ մտքերն եք արտաբերում։ Եվ գյուտ արեց, որն օգտագործվեց իր դեմ. «Ծրագրավորված բառն եք օգտագործում, չիմանալով, որ այն կարող է միայն մեքենան»։ Վ. Դալլաքյանը պատասխանեց, որ ահաբեկիչները մեքենայի, գործիքի դեր են կատարել, եղել են ծրագրավորված։ Կային հարցեր, որոնց պատասխանը տուժողը տվել էր մայիսի 20-ի դատական նիստի ժամանակ եւ նա նախատեց ամբաստանյալին, թե նրա մտքերը զբաղված են… «մահապատժով եւ Ագոյի խմբի հետ կապված»։ Ընդմիջումից հետո ամբաստանյալը հայտնեց, որ մահապատժի հարցով բարդույթ չունի. «Ովքեր չեն հաստատի՝ լավություն կանեն ինձ, վատություն՝ Հայաստանի ապագային»։ Տուժողը հարցաքննությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որն ավարտվեց. «Եթե իմ եւ իմ ընտանիքի հետ որեւէ բան տեղի ունենա, ապա պատասխանատվությունն ընկնում է հանրապետության ղեկավարության վրա»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել