Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՆԱԿԱՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ, ՈՐ ԲԱՆԱԿ ՉԳՆԱՆ

Մայիս 23,2002 00:00

ԳԻՏՆԱԿԱՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ, ՈՐ ԲԱՆԱԿ ՉԳՆԱՆ ԿԳ նախարար Լեւոն Մկտչյանը երեկ լրագրողներին վստահեցրեց, որ բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հնարավորինս բաց ու հրապարակային, իսկ դիտորդները նույնիսկ «սրբության սրբոց»՝ ստուգման սենյակներ մտնելու հնարավորություն կստանան, ինչից, ի դեպ, նշենք, զրկվել էին նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի նախարարության օրոք։ ԿԳ նախարարը շեշտեց, որ կտրուկ փոփոխություններ չկան եւ ընդունելության առարկաների ծրագրերը բեռնաթափել են, քանի որ ինքը նշանակվել է նախորդ տարվա հոկտեմբերին եւ ճիշտ չի համարում քննություններից մի քանի ամիս առաջ դիմորդներին անակնկալ նորամուծություններ մատուցել։ Եվ սա առաջին դեպքը չէ եւ առաջին նախարարը չէ, երբ համակարգում էական բարեփոխումների հետաձգումը արդարացվում է նախարարի փոփոխությամբ, սակայն խիստ կասկածում ենք, որ նախարար նշանակողներն այս գործոնը հաշվի առնեն եւ տարին մի նախարար չփոխեն։ Ընդունելության փոփոխություններին «Առավոտը» պարբերաբար անդրադարձել է։ Միայն նշենք, որ կրճատվել է քննական հանձնաժողովների թիվը։ Ըստ Լ. Մկրտչյանի. «Գտանք, որ հարմար չէ նույն առարկայից երկու հանձնաժողով ունենալու պրատիկան։ Մասնավորապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է մաթեմատիկայի համար երկու հանձնաժողով լինի»։ Շատ լավ էլ հասկանալի է, թե ինչու. որքան շատ մարդ ընդգրկվի այս գործընթացում, այնքան քննությունների բարիքներից օգտվողների թիվը մեծ կլինի։ ԿԳ նախկին նախարարը հավանաբար շատ ընկերներ ուներ, որոնց նման լավություն պիտի աներ, դրա համար էլ հանձնաժողովների թիվն ավելացրել էր։ Լեւոն Մկրտչյանի հիմնավորմամբ՝ գուցե այդ կրճատումից հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը մի քիչ աճի, սակայն այնքան մեծ չի լինի, որ որակի վրա անդրադառնա։ Միայն հայոց լեզվի դեպքում է երկու հանձնաժողովն արդարացված, քանի որ գրեթե բոլոր դիմորդները քննություն են հանձնում այս առարկայից։ ԿԳ նախարարի հրամանով, մինչեւ հստակ չափորոշիչներ մշակելը, արգելվել են նաեւ դասարանից դասարան թռիչքները, որոնք, ինչպես հայտնի է, հիմնականում մի նպատակով էին արվում, որ մեկ կամ երկու տարի խնայեն եւ բուհ ընդունվելու ու բանակից խուսափելու հնարավորությունը մեծացնեն։ Ըստ Լ. Մկրտչյանի՝ «Չի կարող, էլի, որ երկրում հանկարծ ամեն տարի հայտնվի մի հարյուր հանճարեղ երեխա, որ 9-րդ դասարանից պետք է թռչի 10-րդ դասարան»։ Նախարարը ընդունելի է համարում թռիչքները ցածր դասարաններում։ Միեւնույն մտահոգությամբ՝ նաեւ էքստեռն քննությունների համար սահմանափակում է դրվել. կթույլատրվի էքստեռն քննություններ հանձնել միայն տասնյոթ տարին լրացածներին։ ԿԳ նախարարը չթաքցրեց, որ այս հարցում ճնշումներ կային, մանավանդ որ թռիչքներից ու էքստեռնից հիմնականում դիրք ու անուն ունեցողների երեխաներն են օգտվում։ Հանրակրթության բնագավառում տարվելիք բարեփոխումներին անդրադառնալով՝ ԿԳ նախարարը նշեց, որ պլանավորում են առաջիկա մի քանի տարիների ընթացքում ապահովել հանրակրթական հաստատությունները համակարգչային ցանցով եւ ունենալ մեկ համահայկական կրթական ցանց։ Առաջին հայացքից անհնար թվացող այս ծրագիրը, ըստ նախարարի՝ բավականին իրատեսական է, քանի որ ֆինանսավորման խնդիրը գրեթե լուծված է՝ ՀԲ-ի եւ Եվրոխորհրդի աջակցությամբ։ Բուհական կրթության որակի մասին խոսելիս Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ «վճռականորեն կանխելու ենք որակի հաշվին քանակ ապահովելու մոտեցումը ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր բուհերում»։ Այժմ ուսումնասիրում են հավատարմագրված ու լիցենզավորված մասնավոր բուհերի լիցենզավորման պայմանները եւ արդեն չորս բուհ զրկվել է լիցենզիայից։ «Շատ հավատարմագրված բուհեր օր առաջ պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը՝ լիցենզիոն ամենատարրական պահանջներին չհամապատասխանելու համար»,- ասաց ԿԳ նախարարը՝ տեղեկացնելով, որ հավատարմագրված բուհերի քննությունները կանցկացվեն պետական վերահսկողությամբ։ Ստուգումներ են անցկացվել նաեւ պետական բուհերում եւ պատկերը դրանցում եւս մխիթարական չէ։ Արդյունքները առաջիկայում կամփոփվեն եւ կհրապարակվեն։ Նկատելով, որ պետպատվերով եւ վճարովի տեղերի համար մրցակցությունը եւ առկա լարվածությունը հիմնականում պայմանավորված է զինծառայությունից տարկետում ստանալու հնարավորությամբ՝ Լեւոն Մկրտչյանն առաջարկեց խոսակցություն սկսել այս թեմայով եւ քննարկել մի տարբերակ՝ ըստ որի բանակ պետք է գնան բոլորը։ Որպես կրթության եւ գիտության նախարար, Լեւոն Մկրտչյանը մտահոգված է, որ թեկնածուական են պաշտպանում միայն նրա համար, որ բանակ չգնան. «Այսինքն՝ ապականվում է ոչ միայն բարձրագույն կրթական համակարգը, այլեւ դա արդեն տարածվում է ասպիրանտական, թեկնածուական դիսերտացիաների մակարդակով»։ Բնականաբար, այս պայմաններում որակի մասին խոսելն արդեն ավելորդ է եւ գիտակրթական համակարգը սրանից միայն տուժում է։ ԿԳ նախարարը առաջարկել է ԱԺ-ին, որ լսումներ անցկացնի այս թեմայով։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել