Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականության խեղում

Մայիս 23,2002 00:00

Իրականության խեղում «Առավոտի» N 88-ում տպագրված «Դատարանը կրկին պաշտպանեց պաշտոնյային» հոդվածը գուցե չգրվեր կամ գրվեր այլ բովանդակությամբ, եթե հոդվածագիրը հարկ համարեր այցելել զբաղվածության հանրապետական ծառայություն: Այնուամենայնիվ, փորձենք պարզաբանել հոդվածում տեղ գտած մի քանի թյուրըմբռնումներ: Վարչապետի 30. 10.2001թ. թիվ 767 որոշմամբ («Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եւ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին») հաստատվեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության ծառայության ամբողջ համակարգի (51 տարածքային կենտրոններ եւ զբաղվածության հանրապետական ծառայություն) հաստիքների առավելագույն թվաքանակը՝ 450 միավոր, սահմանված 470-ի փոխարեն: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստիքային միավորների կրճատումը կնվազեցնի տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող այս օղակի աշխատանքի արդյունավետությունը, նախարարը դիմեց կառավարությանը՝ աշխատավարձի նույն ֆոնդի սահմաններում աշխատողների թվաքանակն անփոփոխ թողնելու խնդրանքով: Ընդառաջելով նախարարի խնդրանքին՝ զբաղվածության ծառայության հաստիքային միավորների քանակը մնաց անփոփոխ՝ 470: Նույն որոշմամբ, զբաղվածության մարմինների կառուցվածքը եւ հաստիքների թվաքանակը հաստատում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարը: Ըստ նախարարի հրամանի, հաստատվել է զբաղվածության ծառայության պետի տեղակալի մեկ հաստիք՝ նախկին երկուսի փոխարեն: Եվ, բնականաբար, երկու տեղակալների միջեւ ղեկավարի կողմից պետք է կատարվեր ընտրություն: Սկզբունքը, բնականաբար, պետք է լիներ այն, թե որքանով է նրանցից յուրաքանչյուրը տիրապետում աշխատանքին: Իսկ ինչ վերաբերում է հոդվածում անհեթեթություն որակված սոցիալական ապահովության նախարարի թիվ 40-Պ հրամանին, ապա լրագրողը հազիվ թե տեղյակ չլիներ, որ այս տարի իրականացվում են կառավարման ոլորտի բարեփոխումներ, որոնց արդյունքում պետական մարմիններում տեղի են ունենում վերակազմակերպումներ: Եվ այդ հրամանը դարձյալ վերաբերում է ոչ միայն հանրապետական ծառայությանը, այլեւ ամբողջ զբաղվածության համակարգին, որը վերակազմավորվել է «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության: Ինչ վերաբերում է Ա. Ղազարյանի՝ համակարգում 13 տարի աշխատած լինելու հանգամանքին, ապա ուզում եմ տեղեկացնել, որ զբաղվածության ծառայությունը ստեղծվել է 1992թ. մարտի 1-ին եւ ընդամենը 10 տարեկան է: Իսկ հոդվածում Ա. Ղազարյանի կողմից ներկայացված մեկնաբանությունը, թե իր եւ ծառայության պետի միջեւ հակասությունը ծագել է իր՝ ֆինանսական միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման հարցում չափից դուրս հետեւողական լինելու հետեւանքով, մերկապարանոց սուտ է: Այդ մասին կարող են վկայել 1999թ. հուլիսից սկսած եւ մինչեւ 2001թ. վերջը ձգված զբաղվածության հանրապետական ծառայության ֆինանսատնտեսական գործունեությունը ամենայն հետեւողականությամբ ստուգող կազմակերպությունների՝ այդ թվում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության (երկու անգամ), ՀՀ դատախազության, ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերը: Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակված Երեւանի ոսկերչական գործարանի հետ կապված պատմությանը՝ մասնավորապես ուզում եմ նշել. այնտեղ կազմակերպված գործազուրկների մասնագիտական ուսուցումը պայմանավորված էր այդ պահի աշխատաշուկայի պահանջարկով եւ կազմակերպվել է «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Ավելորդ չէ ասել, որ ոսկեգործությունը հանրապետությունում դիտվում է որպես տնտեսության առաջնային ուղղություններից մեկը, եւ այսօր արդեն ակնհայտ են այդ ոլորտում մեր ունեցած հաջողությունները: Վառ ապացույց է վերջերս կազմակերպված «Ոսկեգործություն» միջազգային ցուցահանդես-վաճառքը: ԳԱԳԻԿ ԲԼԵՅԱՆ ՀՀ զբաղվածության ծառայության պետ Վերաքննիչ դատարանը Ա. Ղազարյանին արդեն իսկ վերականգնել է իր աշխատանքում, իսկ «ոսկեգործության զարգացմանն» ուղղված՝ Գ. Բլեյանի ջանքերը կներկայացնենք առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել