Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԷԼ ՀՈ ՄԵ՞ՆՔ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ

Մայիս 23,2002 00:00

ՍԱ ԷԼ ՀՈ ՄԵ՞ՆՔ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ Քննիչն է պարզել Իր աղբյուրներին հղում անելով, «Առավոտն» արդեն հրապարակել է «խորտակված» «Կրեդիտ-Սերվիս» բանկի որոշ պաշտոնյաների թույլ տված օրինախախտումների ու հանցանքի ակնհայտ հատկանիշներ պարունակող բանկային ոլորտում ծավալած գործունեության մասին։ Հիշեցնենք, որ նրանցից ոմանք (Արտաշես Դավթյան, Սվետլանա Քարամյան եւ այլք) այսօր էլ շարունակում են աշխատել բանկային համակարգում (ոչ մասնավոր հատվածում), զբաղեցնելով պաշտոններ։ Սակայն այդ հրապարակումներն անուշադրության մատնվեցին։ Բայց մի բան է, երբ անտեսվում են հանցագործության վերաբերյալ լրագրողների մատնանշած փաստերը, այլ բան, երբ «դիվանագիտորեն» կասեցվում են արդար ու անկախ իրավապահ մարմինների (տվյալ դեպքում՝ քննիչի) բացահայտումները։ Բազմանշանակ հետեւությունների կարելի է հանգել նման դեպքերում։ «Առավոտին» հաջողվել է ձեռք բերել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Բորիս Ղալեչյանի «Փաստաթղթային ստուգում նշանակելու մասին» որոշման պատճենը, որում քննիչի իր պատասխանատու գրիչով որոշման «Պարզեցի» հատվածում նկարագրում է այդ բոլոր բացահայտումները, որոնք, հասկանալի է, չենք կարող մեր ընթերցողներին չփոխանցել (հատված). «Սույն քրեական գործը հարուցվել է 19.03.2002թ. ՀՀ քրօրի 182 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Կրեդիտ-Սերվիս Բանկ» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու, այն հակառակ ծառայության շահերին դիտավորյալ կերպով օգտագործելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծանր հետեւանքներ առաջացնող՝ 147.475.000 դրամի վնաս է պատճառել «Հունական Առեւտրային Բանկ» (Հայաստան) ՓԲԸ-ին, ինչպես նաեւ ավանդատուների եւ «Կրեդիտ-Սերվիս Բանկ» ՍՊԸ-ի օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին։ Այսպես. «Կրեդիտ-Սերվիս Բանկ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտաշես Դավթյանը բանկի գլխավոր հաշվապահ Սվետլանա Քարամյանի եւ վարկային բաժնի պետ Պարգեւ Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ 1997-1999թթ. ընթացքում տարբեր անձանց անուններով ձեւակերպել է տվել խոշոր չափերի վարկեր, որոնց վերադարձն ապահովող գրավներ չի վերցվել, իսկ բազմաթիվ վարկառուների հատկացված վարկերի գումարներն ինքն է ստացել ու տնօրինել։ Մինչ օրս այլ անձանց անուններով ստացած վարկերի ու տոկոսագումարների մի մասը չի մարել։ Չմարված գումարների պակասորդը դրամարկղում փակելու նպատակով կազմել են կեղծ վարկային պայմանագրեր, իբր նույնքան գումարի վարկեր հատկացրել են իրավաբանական ու ֆիզիկական անձանց։ Առանձին վարկերով վերցրած գրավներն անհիմն վերադարձրել են վարկառուներին կամ հափշտակել։ Այնուհետեւ, 1999-2001թթ. որպես բանկի գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ աշխատած Բորիս Առաքելյանը բանկի կապիտալի պահանջվող ծավալն ապահովելու նպատակով, Սվետլանա Քարամյանի, Պարգեւ Պողոսյանի եւ գանձապահ Սոնա Շահբազյանի միջոցով անգումար գործարքներ է ձեւակերպել ավել, իբրեւ իր եւ մյուս փայատերերի կողմից խոշոր գումարներ են ներդրվել բանկի գործունեության համար եւ նույն ժամանակում նույնքան գումարների չափով վարկային պայմանագրեր են կազմել տվել իր բարեկամների ու ծանոթների անուններով, իբր այդ անձանց վարկեր է հատկացվել, մինչդեռ իրականում գումարներ բանկում մուտք ու ելք չեն եղել եւ արհեստականորեն բարձրացվել է բանկի կապիտալի ծավալը։ 2001թ. հունիսի 18-ին «Հունական Առեւտրային Բանկ» (Հայաստան) ՓԲԸ-ի հետ կնքել է «Արժեթղթերով գործարքների սպասարկման մասին» պայմանագիրը, ըստ որի, հունական բանկի հանձնարարությամբ ու միջոցներով ձեռք է բերել 147475000 դրամ արժողությամբ պետական կարճաժամկետ պարտատոմսեր, որոնք պահվել են ՀՀ ԿԲ-ում «Կրեդիտ-Սերվիս Բանկ» ՍՊԸ-ի ունեցած դեպո հաշվում՝ «Հունական Առեւտրային Բանկ» (Հայաստան) ՓԲԸ-ի անվամբ եւ պայմանագրով նախատեսված դրույթների խախտմամբ վերջինիս սեփականությունը հանդիսացող պարտատոմսերը գրավադրել է «Արցախ» բանկում, ստացել 202 հազար ԱՄՆ դոլարի վարկ, որն օգտագործել է «Կրեդիտ-Սերվիս Բանկ» ՍՊԸ-ի կարիքների համար, նույնքան գումարի վնաս պատճառելով «Հունական Առեւտրային Բանկ» (Հայաստան) ՓԲԸ-ին։ Բանկի աշխատակիցներին որպես աշխատավարձ վճարվել է անհամեմատ ավելի բարձր գումար, քան գրված է եղել աշխատավարձի ցուցակներում, իսկ այդ նպատակով դրամարկղից ելքագրված գումարների չափով կազմվել են կեղծ վարկային պայմանագրեր, իբր նույնքան գումարի վարկեր են հատկացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց։ Ամիսներ շարունակ աշխատավարձ են դուրս գրել աշխատանքից ազատված անձանց անուններով… (2-3 բառ չի կարդացվում)… Աշխատավարձ է գրվել նաեւ արձակուրդում գտնվող աշխատակիցների անուններով։ Բանկը չի կարողացել կատարել ավանդատուների, այլ բանկերի ու հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունները, որի պատճառով 2001թ. նոյեմբերի 2-ին ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ բանկն անվճարունակ է ճանաչվել եւ բանկի նկատմամբ նշանակվել է նախնական խնամակալություն, իսկ 2001թ. դեկտեմբերի 25-ին բանկում նշանակվել է ժամանակավոր ադմինիստրացիա։ Այսպիսով, «Կրեդիտ-Սերվիս Բանկ» ՍՊԸ-ի նախկին գործադիր տնօրեններ Արտաշես Դավթյանը, Բորիս Առաքելյանը, գլխավոր հաշվապահ Սվետլանա Քարամյանը, վարկային բաժնի պետ Պարգեւ Պողոսյանը, գանձապահ Սոնա Շահբազյանը իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել բազմաթիվ չարաշահումներ, իրավախախտումներ եւ կեղծիքներ, որով ավանդատուներին, «Կրեդիտ-Սերվիս Բանկ» ՍՊԸ-ին եւ «Հունական Առեւտրային Բանկ» (Հայաստան) ՓԲԸ-ին պատճառել են առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս»։ Այս որոշմամբ էր, որ քննիչը «Կրեդիտ-Սերվիսում» նպատակահարմար էր գտել ստուգում անցկացնել՝ ցանկանալով ստանալ վարկերի օրինականության հետ առնչվող եւ այլ հետաքրքիր հարցերի պատասխաններ։ Սակայն ինչպես հետո «Առավոտին» պարզ դարձավ, առարկել էր Կենտրոնական բանկը, մատնանշելով օրենքների այն դրույթները, համաձայն որոնց, բանկերում միայն ԿԲ-ն իրավունք ունի նման կարգի ստուգում անցկացնել։ Այսինքն՝ ինքն իրեն։ Հետո չճշտված տեղեկություն ստացանք այն մասին, որ ԿԲ-ն պատրաստակամություն է հայտնել վճարել որեւէ միջազգային աուդիտորական կազմակերպության՝ ստուգման նպատակով։ Սակայն ստուգումները դեռ չեն սկսվել։ Ինչեւէ, Հայաստանում արդեն տարբեր առիթներով եւ բազմիցս է ապացուցվել, որ քննությամբ ձեռք բերված ապացույցները կամ այլ ակնհայտ փաստերը որեւէ նշանակություն չունեն մեղադրանքի հարուցման գործում։ Քաղաքական պետպատվեր է պետք իջեցնել։ Հատկապես նման դեպքերում, երբ բարձր պաշտոնյաներին է առնչվում գործը։ «Առավոտի» տեղեկություններով, այսօր էլ պատրաստ է հիշյալ գործով մեղադրանքի մասին որոշումը։ Բայց ստորագրված չէ։ Քննիչը, ըստ մեր աղբյուրի, մի քանի անգամ փորձ է արել ստանալ այդ պետպատվերը։ Բայց ապարդյուն, «դաբրոն» չի տրվում առայժմ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել