Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակազմակերպման շեմին

Մայիս 23,2002 00:00

Ինքնակազմակերպման շեմին Ընդդիմությունը համոզում է, թե դեռ գոյություն ունի ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի հանրահավաքներ ու երթեր նախաձեռնած ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկ ասուլիս էին հրավիրել, ըստ էության, հայտարարելու, որ ընդդիմադիր 13 կուսակցությունների համատեղ «գրասենյակը մեռավ»: Նրանք, իհարկե, նախընտրեցին հեռվից գալ: «13 կուսակցությունները տարբեր գաղափարներ եւ ծրագրեր ունեն, ու որպեսզի այդ համագործակցությունը դառնա շատ ավելի լայն ու խորը՝ ժամանակ է պետք մեր ծրագրերը քննարկելու, փորձելու միասնական մոտեցումներ ձեւակերպել հիմնական քաղաքական հարցադրումների վերաբերյալ»,- երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը եւ հույս հայտնեց, որ դա միանգամայն հնարավոր է: Այդ հնարավորությունն էլ վերջինս փաստարկեց նրանով, որ հիշյալ քաղաքական ուժերը համակարծիք են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի քանի կարեւորագույն սկզբունքների շուրջ՝ Հայաստանը պետք է լինի իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն, ուր պետք է գերակայեն օրենքները, իշխանության թեւերը տարանջատվեն, դատարաններն անկախ լինեն, երկրում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը, ձեւավորվի օրինական իշխանություն եւ այլն: Նա նշեց, թե հիշյալ հարցերի վերաբերյալ 13 կուսակցությունները տարակարծություններ չունեն, բայց նրանց ժամանակ է պետք մյուս խնդիրների՝ տնտեսության, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շուրջ խորհրդակցելու, համաձայնության գալու համար: «Այդ առումով մենք որոշակիորեն դանդաղեցնում ենք հրապարակային եւ զանգվածային միջոցառումները եւ մայիսի 24-ին նշանակված հանրահավաքը տեղի չի ունենա՝ մինչեւ այդ հարցերի վերաբերյալ ընդհանրական մոտեցումներ ձեւավորենք ու հանրության հետ մեր հաջորդ հանդիպումներում պատասխանենք՝ հնարավո՞ր են այս ուժերի միջեւ ավելի խորը դաշինքային հարաբերություններ, թե՞ ոչ»,- հայտարարեց 13 կուսակցությունների համագործակցության ներկայացուցիչը: Համատեղ ծրագրերին վերաբերող մասով՝ այն խնդիրները, որոնք, ըստ Ա.Բազեյանի, համագործակցության ներսում դեռ համաձայնեցված չեն, թերեւս, ամենակարեւորներից են եւ ամենանրբինը՝ այն իմաստով, որ դաշինքի ներսում կարող են հանկարծահաս պառակտման պատճառ դառնալ: Ա.Բազեյանը նաեւ խոստովանեց, թե անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում 13 կուսակցությունների քայլերը, որոնցով փորձ էր արվում «դիմագրավել իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումներին, ցավոք, որեւէ արդյունք չտվեցին: Մենք փորձեցինք Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն օգտագործել եւ ԱԺ-ում նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել եւ եթե ունենայինք ԱԺ, որը կախված չլիներ գործադիր մարմնից՝ այդ հարցը պետք է դառնար քննարկման առարկա»: Փաստն այն է սակայն, որ մենք, այնուամենայնիվ, «աննորմալ» երկրում ենք ապրում, եւ ԱԺ-ն եւս «նորմալ» լինել չէր կարող, իսկ ԱԺ-ում ՀՀ նախագահի պաշտոնանկության երկրորդ փորձը, մեղմ ասած, իրոք, ընդդիմության վատ հաշվարկների ու փարիսեցիության արդյունք էր: Այդքանից հետո պրն Բազեյանը հույս հայտնեց, որ իմփիչմենթի գործընթացը մնում է օրակարգում, որ դրան դեռ անդրադառնալու են՝ հույսով ու «քաղաքական գործընթացների» յուրօրինակ այն տրամաբանությամբ, թե՝ «որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները եւ Ռ.Քոչարյանին իշխանությունից հեռացնելու ժամկետները, այնքան ԱԺ-ն դառնալու է ավելի համարձակ ու սկզբունքային»: Մինչեւ հիմա, ճիշտն ասած, մենք հակառակն էինք մտածում. որքան մոտենան ԱԺ ընտրություններն, ու որքան ներկայիս օրենսդիրները հասկանան, որ ոչ թե տեսականորեն, այլ գործնականում Ռ.Քոչարյանին սահմանադրական ճանապարհով հեռացնել-չհեռացնելն իրենցից է կախված, դառնալու են ավելի մորթապաշտ եւ «կոնյունկտուրշչիկ»՝ հաջորդ ընտրություններում եւս հաջողելու փափագով: Ինչեւէ: ԱԺԴ ներկայացուցիչ Արշակ Սադոյանն էլ խոստովանեց, թե միայն հիշյալ «կազմակերպչական հարցերը լուծելուց հետո, թերեւս, աշխատող ընդդիմադիր ճակատ կստեղծվի, որը կարող է իր պահանջները թելադրել իշխանություններին» եւ դրանք կատարել տալ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել