Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ «ՀԱՅԳՅՈՒՂՓՈԽԲԱՆԿԸ» «ՇԱՐՄԻ» ՀԵՏ

Մայիս 23,2002 00:00

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ «ՀԱՅԳՅՈՒՂՓՈԽԲԱՆԿԸ» «ՇԱՐՄԻ» ՀԵՏ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին ներկայացրած «Շարմ» ընկերության մրցութային առաջարկի «Ֆինանսական ապահովում» դրույթում մասնավորապես գրված է. «…«Շարմ» ընկերությունը ձեռք է բերել նախնական պայմանավորվածություններ «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի եւ ACBA BANK-ի հետ, որոնք համապատասխան լիցենզավորման դեպքում պատրաստ են ներդրումներ կատարել: Ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 1մլն 850.000 ԱՄՆ դոլար»: Վերոհիշյալ ՍՊԸ-ն ու բանկն առանձին-առանձին նաեւ տեղեկանքներ են հատկացրել «Շարմ»-ին, որոնք նույնպես կցված են ներկայացված մրցութային առաջարկին: Մենք առայժմ կանդրադառնանք միայն «Հայգյուղփոխբանկին» (ACBA BANK): Բանկի տրամադրած 12.03.2002թ. թիվ 272 տեղեկանքում, որը ստորագրել է բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը, գրված է. «Ծանոթանալով «Շարմ» ՍՊԸ-ի գործունեությանը եւ հետագա ծրագրերին, ինչպես նաեւ տեղյակ լինելով երկար տարիների ընթացքում նրա կողմից կազմակերպված եւ իրականացված նախագծերի եւ միջոցառումների հաջողությամբ անցկացնելու փաստին, նրա կողմից հեռուստաընկերության ստեղծելուց եւ համապատասխանաբար լիցենզավորվելուց հետո «Հայաստանի Գյուղացիական փոխօգնության բանկը» պատրաստակամություն է հայտնում երկարատեւ համագործակցություն ծավալելու եւ հույս է հայտնում, որ այդ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ փոխշահավետ»: Ստեփան Գիշյանը, պարզվեց, հանրապետությունում չէ եւ կվերադառնա միայն հաջորդ շաբաթ, այդ իսկ պատճառով մեզ չհաջողվեց անձամբ իրենից որոշակի հարցերի պատասխաններ ստանալ: Նախապես նշեմ, որ բանկի աշխատակիցներին, որոնց հետ մեզ հաջողվեց երկար զրուցել, ներկայացա ոչ որպես լրագրող, այլ որպես ՀՀ քաղաքացի: (Հեռախոսով արդեն իսկ ինձ բացատրել էին, որ իբրեւ լրագրող՝ որեւէ տեղեկություն ստանալ չեմ կարող): Աչքի առաջ ունենալով «Շարմ» ընկերությանը հատկացված տեղեկանքը, փորձեցի պարզել՝ արդյոք համապատասխան պայմաններ ու հնարավորություններ ունենալու դեպքում մեկ այլ ընկերության կտրամադրե՞ն նման խոշոր ներդրումներ: Այս նկատառումով բանկի վարկային սպասարկումների բաժնի պետ Էդիկ Մարգարյանին եւ մարկետինգային բաժնի պետ Հարություն Պողոսյանին ասացի, որ մեր կազմակերպությունը, լսելով «Շարմի» «հաջողությունների» մասին, նույնպես հավակնում է մասնակցել հեռուստատեսային որեւէ ազատ հաճախականության մրցույթի: Ճիշտ է, մենք չենք մասնակցել ԽԹծ-ների, բայց մենք էլ պակաս հումոր չունենք, ինչո՞ւ չփորձենք մեր ուժերը: Բանկի հիշյալ աշխատակիցները, սակայն, տեղյակ չէին «Շարմին» տրված փաստաթղթի գոյության մասին եւ շատ զարմացան, որ իրենց բանկը, ըստ էության, համաձայնել է ներդրումներ անել. «Նման բան չի կարող լինել»,- ասացին նրանք: Սակայն երբ մանրամասն ներկայացրի դրա բովանդակությունը, այլեւս դադարեցին կասկածել, Նրանք ինձ համառորեն համոզում ու որպես լավագույն եւ հնարավոր միակ տարբերակ խորհուրդ էին տալիս վարկ վերցնել. «Միայն վարկավորման միջոցով կարող ենք Ձեզ օգնել»,- ասացին: Նրանք ծանոթացրին նաեւ բանկի պայմաններին. «Մաքսիմում տրվող գումարը 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամն է»,- ասաց Հարություն Պողոսյանը՝ ավելացնելով,- Սահմանափակումները հետեւյալն են. պետք է ունենաք իրավաբանական անձի կարգավիճակ, գործող գործունեություն, որն իրենից չի ներկայացնում ալկոհոլային խմիչքների արտադրություն…»: Վստահեցրի, որ մենք ունենք ե՛ւ իրավաբանական անձի կարգավիճակ, ե՛ւ «գործող գործունեություն», խոստացա որ ալկոհոլի արտադրությամբ չենք զբաղվել եւ չենք զբաղվի, եւ որ դրա հանդեպ առանձնապես հակում էլ չունենք: Եվ ինչպես «Շարմը», այնպես էլ մենք որոշել ենք զբաղվել միայն ստեղծագործական աշխատանքներով, բայց մենք էլ ենք ուզում նրանց նման «ներդրումներով» զարգացնել մեր հետագա բիզնեսը. «Ինչո՞վ ենք պակաս «Շարմից»,- վիրավորվածի կեցվածք ընդունելով՝ ասացի ես: Բայց միեւնույն է, նրանք ինձ փորձում էին համոզել, որ նման բան հնարավոր չէ ու անընդհատ կրկնում էին. «Վարկն ամենալավն է»: «Բա որ լավն է, ինչու՞ «Շարմը» վարկ չի վերցրել: Ես էլ եմ ուզում նրանց նման անել, որ հաղթեմ»,- ես էլ իմ հերթին էի նրանց համոզում, թե՝ ուրեմն ներդրումներ ստանալն է ամենալավ տարբերակը, որ «Շարմը» ընտրել է: Քանի որ մենք տարբեր բաներ էինք պնդում, ես ասացի, որ մեր կազմակերպությունում կքննարկենք, հետո իրենց կտեղեկացնեմ, թե որ տարբերակն ենք ընտրում: «Բայց մենք ներդրումներ չենք անում»,- ասաց մարկետինգային բաժնի պետը՝ չցանկանալով կորցնել իր պոտենցիալ վարկառուին: «Բա «Շարմին» ո՞նց է տվել Ստեփան Գիշյանը»,- հարցրի: «Նա մեր վերադասն է, նա է արել, ուրեմն սպասեք հաջորդ շաբաթ ինքը կգա ու եթե Ձեզ հաջողվի նրան հանդիպել, իր հետ պայմանավորվեք»,- ասաց Հարություն Պողոսյանը՝ ակնարկելով, թե դա, միեւնույն է, ինձ չի հաջողվի: Քանի որ իմ հանդիպումը բանկի գլխավոր տնօրենի հետ ի սկզբանե կասկածի տակ դրվեց, հետաքրքրվեցի՝ արդյոք կարո՞ղ է նա իմ փոխարեն իր վերադասից պարզել, թե ի՞նչ է պետք նման հնարավորություններ ձեռք բերելու համար: Հարություն Պողոսյանը պատասխանեց. «Նա իմ վերադասն է, ինքն է նման փաստաթուղթ ստորագրել, նա իմ ստորադասը չի, որ ես նրան հարցնեմ՝ այդ ի՞նչ ես արել, ո՞նց ես արել, ու նա ինձ պատասխանի: Ինքն ինձ չի ասի»: «Բայց նման նախադեպ եղե՞լ է երբեւիցե ձեր բանկում»,- հարցրի նրան, որին հետեւեց հետեւյալ տարակուսած պատասխանը. «Երեւի տնօրենը նոր ստրատեգիական ծրագրեր է մշակել, չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել: Էլի իրենից փորձեք դա ճշտել»: Եվ քանի որ մեր «կազմակերպության» ղեկավարը՝ խմբագիրը, հուշել էր վստահեցնել բանկի աշխատակիցներին, որ մենք մե՜ծ ու լուրջ «շրջապատ» ունենք, որոնք պատրաստակամություն են հայտնում իրենց անունից մեր ապագա հեռուստաընկերության համար բանկից վարկեր ստանալու նպատակով լուրջ երաշխիքներ տալ, այլեւս չհարցրի Հարություն Պողոսյանին, թե ում միջոցով խորհուրդ կտա հանդիպել Ստեփան Գիշյանին: Այնուամենայնիվ, հաջողվեց պարզել, որ այն հանճարեղ տեղեկանքը, որը տրվել է «Շարմ» ընկերությանը, ոչ մի այլ կազմակերպություն չի կարող ձեռք բերել՝ առանց լուրջ աջակցության: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել