Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾԵԼՈՎ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ

Մայիս 23,2002 00:00

ԿԱՍԿԱԾԵԼՈՎ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ Ստեղծվել էր կասկածները ցրելու համար. արար վերջին «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ հրավիրեց իր վերջին նիստը։ Արդեն պատրաստ է հանձնաժողովի հաղորդումը մինչ այժմ կատարած աշխատանքների մասին, որը խորհրդարանը կլսի առաջիկա եռօրյաներից մեկի ժամանակ։ Հանձնաժողովի աշխատանքներից շարունակաբար բացակայում են Հակոբ Հակոբյանը (Էջմիածին), Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Ֆիլարետ Բերիկյանը (Աստված գիտի, թե որտեղից), Գեղամ Գասպարյանը («Օրինաց երկիր»)։ Մյուս հանձնաժողովականներից Ղուկաս Ուլիխանյանը («Հանրապետություն») եւ Գրիգոր Հարությունյանը առաջարկներ արեցին հանձնաժողովի հաղորդման վերաբերյալ, որոնց ընդդիմացող միակ անդամը Կիմ Բալայանն էր (ՀՅԴ)։ Հանձնաժողովի աշխատանքների հերթականությունը խառնելով՝ ասենք, որ Խորեն Սարգսյանը հանձնաժողովի աշխատանքների ընթացքում միշտ էլ խիստ ուշագրավ առաջարկներ է արել, որոնց, որքան էլ տարօրինակ թվա, ընթացք չի տրվել։ Խորեն Թռչունիչն էր ժամանակ առ ժամանակ հիշեցնում 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո աշխատանքից եւ Հայաստանից հեռացած ԱԺ բժշկուհու եւ բուժքրոջ մասին, որոնք իրենց ցուցմունքներում, ավելի ուշ՝ նկարահանված տեսաերիզում, հայտնել էին, որ զինված ոճրագործներից բացի, ԱԺ-ում տեսել են նաեւ այլ զինյալների։ Պատգամավորը պահանջում էր նաեւ տեղեկություններ քաղել այն մասին, թե ինչպես է ՀԱՀ աշխատակից Տիգրան Նազարյանը «27»-ից հետո անսպասելի հայտնվել Միացյալ Նահանգներում։ Երեկ Խորեն Սարգսյանը հերթական առաջարկն արեց, որը հանձնաժողովը նույնիսկ չքննարկեց։ Առաջարկը հետեւյալն էր՝ պարզել, թե ինչ պատճառով է Տիգրան Նաղդալյանը հոկտեմբերի 27-ից մեկ ամիս առաջ փոխել տարիներ շարունակ «Հարցեր կառավարությանը» խորհրդարանական միջոցառումը նկարահանող ռեժիսորին։ Ավելի ուշ Խորեն Սարգսյանը մեզ հայտնեց. «Դատարանում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը հարց բարձրացրեց «27»-ի տեսաերիզը հատուկ ստուգման ենթարկելու մասին, քանի որ կասկած կար, որ այն մոնտաժվել է։ Դրանից հետո ես մտածեցի, որ ճիշտ կլինի հանդիպել նկարահանող ռեժիսորին։ Եթե հիշում եք, դա մի տարիքավոր, բեղավոր մարդ էր, ազգանունը, կարծեմ, Պետրոսյան։ Ես խնդրեցի, որ նա բացատրի՝ ճի՞շտ է, որ տեսաերիզը մոնտաժվել է։ Նա ինձ պատասխանեց, որ հոկտեմբերի 27-ից մեկ ամիս առաջ իրեն առանց պատճառի Տ. Նաղդալյանը ազատել է աշխատանքից եւ իր կուսակցության անդամներից մի երիտասարդի է նշանակել»։ Ժամանակավոր հանձնաժողովում երեկ որոշ պարզեցումներ ի հայտ եկան։ Եթե մինչ այժմ հանձնաժողովի անդամ Կիմ Բալայանը կարծես հանդես էր գալիս բացառապես իրավական առաջարկներով եւ փորձ էր անում հարցը տեղափոխել իրավական հարթություն, ապա երեկ նա մի փոքր ավելի նյարդային էր թվում (քան նույնիսկ այն նիստի ժամանակ, որն ինքն աղմուկով լքեց)։ Ղուկաս Ուլիխանյանի եւ Գրիգոր Հարությունյանի առաջարկներն էին թերեւս պատճառը։ Առաջինն առաջարկել էր հանձնաժողովի հաղորդման մեջ անպայման մտցնել հետեւյալ պարբերությունը. «Հանձնաժողովն արձանագրում է, որ օրենսդիր մարմնի շենքում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող էր կանխվել, եթե իրենց պարտականությունները լիարժեք եւ հստակ կատարեին պետության անվտանգության ապահովմանը կոչված մարմինները»։ Ղուկաս Ուլիխանյանն իր առաջարկը հիմնավորեց նրանով, որ հանձնաժողովը պետք է նաեւ այսպիսի գնահատականներ տա, ի վերջո, քաղաքական խնդրի մասին է խոսքը, եւ «27»-ի հանձնաժողովը սովորական հարցերի հանձնաժողով չէ։ Կիմ Բալայանն այս առաջարկին կողմ չէր. նրա կարծիքով՝ դրանով հանձնաժողովը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից։ Գրիգոր Հարությունյանն առաջարկեց հանձնաժողովի եզրակացության մեջ գնահատական տալ նաեւ իշխանական մարմինների վերաբերմունքին։ Վերջիններս, մասնավորապես ՆԳ նախարարությունը, հանձնաժողովի կարծիքից հետո (Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու առաջարկի մասին է խոսքը) ՆԳՆ նախարարը հայտարարեց, թե իրենց մեկուսարաններն ապահով չեն։ Այս հայտարարությանը, որքան էլ զարմանալի է, չարձագանքեցին ո՛չ երկրի նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ԱԺ ղեկավարությունը։ Կիմ Բալայանն այլ կարծիքի էր։ Նա գտնում է, որ այս առաջարկը եթե նույնիսկ օբյեկտիվ է, հանձնաժողովի խնդիրը չէ. «Մեր եզրակացություն-տեղեկանքը պետք է վերաբերի այն խնդիրներին, որոնք ԱԺ-ն դրել է մեր առաջ։Կարծում եմ, ոչ պակաս կարեւոր է այն անպատժելիության մթնոլորտը, որը ՀՀ-ում իշխում էր, եւ այդ էր պատճառը, որ «Հոկտեմբերի 27»-ը տեղի ունեցավ եւ ոչ թե այս կամ այն մարմինների անգործությունը»։ Հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը ճիշտ ժամանակին նկատեց, որ «եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, չէին լինի այդ երեք կետերը»։ Կիմ Բալայանն էլ, թե. «Եթե չլիներ նախկին հանցագործների պարտակումը, չէր լինի «Հոկտեմբերի 27»-ը»։ Մեզ համար ամենեւին ոչ զարմանալի այս իրավիճակը կանխորոշված էր ի սկզբանե, հանձնաժողովի կազմի հաստատումից ի վեր։ Առիթ ունեցել ենք ասել, որ հանձնաժողովի գաղափարը հակառակ կողմը շատ հեշտությամբ կարողացավ աղավաղել, եւ այսօր ունենք «երեք կետանոց» հանձնաժողով եւ ուրիշ ոչինչ։ Այսօր լրանում է հանձնաժողովի ստեղծման մեկ տարին։ Հանձնաժողովի հաշվետվությանը դեռ կանդրադառնանք, մինչ այդ պարզապես փաստենք, որ Նաիրի Հունանյանը շարունակում է «բնակվել» ԱԱ մեկուսարանում եւ, ըստ լուրերի, հերթական նամակն է գրում հանրապետության նախագահին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել