Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասին թարգման պետք չէ

Մայիս 22,2002 00:00

Կոմիտասին թարգման պետք չէ Ճանաչված երաժշտական մենեջեր, ՀՖՆ-ի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանը կարծում է, որ մենեջերի աշխատանքը պահանջում է առնվազն 4 տիպի մարդու միասնություն. մտքի մարդու, գործողության մարդու, հաղորդակցվող եւ արտաքին աշխարհին ներկայանալու ունակ մարդու։ Նրա կարծիքով, բոլոր անհրաժեշտ գծերը յուրահատուկ են NAB Artist Management LTD-ի երիտասարդ մենեջեր Վերոնիկա Պադարյանին։ Նրա նախաձեռնությամբ Հայաստանում անց են կացվում արդեն ավանդական դարձած «Հայաստանի ժառանգություն», «Չիլինգարյան», «Ստեֆան Էլմազ» ազգային եւ համահայկական մրցույթները։ Նրա ջանքերով է կազմակերպվել աշխարհահռչակ երաժիշտներ Ջերեմի Մենուհինի, Դիբոր Վարգայի, Իգոր Սլուցկերի, Ռոլանդ Դիենսի, Քիմ Քաշքաշյանի եւ այլոց ելույթները։ Վերջերս երիտասարդ մենեջերը համագործակցելով Armenian University, Washington DC-ի ներկայացուցիչ Ռեյչըլ Պենտլարջի եւ Turkish-Armenian Business Development Council-ի ներկայացուցիչ Նոյան Սոյակի հետ, իրականացրեց «Կոմիտաս» կվարտետի համերգային շրջագայությունը՝ Թուրքիա։ Նշենք, որ սա այդ երկրում հայ դասական արվեստ ներկայացնելու առաջին քայլն էր։ Վ. Պադարյանը տեղեկացրեց, որ «Կոմիտաս» կվարտետը ելույթներ է ունեցել երկու համերգով՝ Ստամբուլում եւ Անթալիայում։ Ֆրանսիական ինստիտուտի համերգասրահում կայացած առաջին համերգին ներկա են եղել մեծ թվով հայեր, ՌԴ-ի դեսպանը Թուրքիայում, ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներ, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, Թուրքիայի CNN հեռուստաընկերության աշխատակիցներ։ Իսկ Անթալիայի Ագդենիզի համալսարանում կայացած համերգին ունկնդիրների մեծամասնությունը թուրք էր։ Ծրագիրը հիմնականում կազմված էր հայ հեղինակների գործերից, կար նաեւ Կոմիտաս։ «Մարմարա» օրաթերթը գրել է. «Իրենց կալուածին մէջ մինչեւ կատար բարձրացած այս չորս արուեստագէտները ամբողջ նուագախումբ մը կարժեին, մանաւանդ, երբ կը նուագէին Էդուարդ Միզոյեանի «Քառանուագը», իր տեսակին մէջ աննման գործ մը»։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ էր կատարվում կոմիտասյան երգերի ասլամազյանական մշակումներից հետո, կարծես ամբողջ դահլիճը միաբերան բղավում էր՝ բռավո։ «Մարմարան» ճիշտ նկատեց. «Կոմիտաս» քառեակը դարձաւ հպարտութիւնը բոլոր այն հայ երաժշտասէրներուն, որոնք ներկայ էին համերգներուն։ Այս պատուական արուեստագէտները գաղափար մը տուին, թէ Հայաստանին մէջ ինչպիսի ոլորտներու վրայ կը թեւածէր ընտիր երաժշտութիւնը»։ Մենեջերին բնորոշ արագ կողմնորոշվելու, զրուցակցի միտքը կարդալու ունակությամբ օժտված Վ. Պադարյանը նաեւ ասաց. «Հանդիպումների, ընդունելությունների ժամանակ չշոշափվեցին հարցեր՝ կապված քաղաքական, պատմական դեպքերի ու անցքերի հետ։ Դրա անհրաժեշտությունը չկար։ Չէ՞ որ հնչում էր Կոմիտաս… Իսկ այդ ստեղծագործություններում արտահայտված են արդեն մեր ժողովրդի խոհերն ու ապրումները, ապրածն ու զգացածը, տառապանքն ու ուրախությունը։ Իսկ Կոմիտասն ունեցել է անխախտ մի սկզբունք. այն է՝ ամեն ժողովրդի պրոֆեսիոնալ երաժշտությունը սկիզբ է առնում ժողովրդական երգից։ Իսկ վերջինս մեր ժողովրդի մշտական ու անբաժան ուղեկիցն է եղել աշխատանքի ու պայքարի ընթացքում, հետեւաբար այն այդ նույն ժողովրդի կենսազգացողության, նրա ռեալ կյանքի արտացոլումն է հնչյունային պատկերների միջոցով։ Չմոռանանք՝ երաժշտությունը համամարդկային լեզու է, մանավանդ՝ Կոմիտասին թարգմանելու հարկ չկա։ Նրա երկերում ամեն ինչ ասված է»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել