Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Խաչատրյանի հիշատակին

Մայիս 22,2002 00:00

Հենրիկ Խաչատրյանի հիշատակին Մայիսի 22-ը Հենրիկ Խաչատրյանի ծննդյան օրն է, եւ ամեն այդ օրը զուտ մարդկային մի պարտականություն մեզ թելադրում է կանխել մոռացումը մի մարդու, որն օրենքի զորությամբ ուզում էր մեզ պաշտպանել, բայց… Այս «բայց»-ից հետո ծնվող մտորումը թողնենք բոլոր նրանց, ովքեր մայիսի 22-ին եւ օգոստոսի 6-ին (ողբերգական մահվան օրը) փորձում են պահել Խաչատրյանին այցելողների, ավաղ, շարունակ նոսրացող շարքերը: ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց մեկ շաբաթ անց նրա հետ իմ առաջին հարցազրույցին այսպիսի մի հարց էի տվել. «Աշխարհը Ձեզ տային՝ Հայաստանը որտե՞ղ կդնեիք»: «Արարատ լեռան փեշերին` սա՛ է մեր տեղը, այստե՛ղ է իջել Նոյը։ Անշուշտ, Մուշն ու Ղարսը` մեզ հետ»։ Հայրը Մուշից էր, մայրը՝ Ղարսից, հանդիպել էին Գյումրիի որբանոցում: Իմ մյուս հարցը՝ թե ինչու՞ հատկապես իրավաբան էիք ուզում դառնալ, չտրվեց. ծնողների ոդիսականի անօրենության դեմ այն ժամանակվա իր անհույս ընդվզումը հետո պիտի դառնար այս մի բուռ երկրում օրենքն Աստծուն հավասար դիտողի սկզբունքային պայքար: Այդ պայքարը նրան չդարձրեց հանցագործ աշխարհին բնորոշ կոշտ ու անխնա, չդարձրեց որեւէ սրբություն չճանաչող եւ օրենքին չենթարկվող մեկը: Այդ դաժան պայքարում նա մեն մի զենք ուներ՝ օրենքը: «Ցավում եմ, որ գլխավոր դատախազի պաշտոնը հատկապես մի բանից ինձ զրկեց` մայթերով հանդարտ քայլելով տուն գնալուց… եւ էլի շատ հաճույքներից՝ առանձին լինելու, ինքս ինձ համար խորհելու, նաեւ զվարճանալու, ընտանեկան անդորրին երկար տրվելու հնարավորությունից։ Բայց դե…»: Որպես վերջաբան: Այս օրերին Բրյուսելում կայացած եվրոպական երկրների ՍԴ-ների կոնգրեսից օրերս վերադարձած Գագիկ Հարությունյանը վկայեց այնտեղ հաճախ արտահայտված մի միտք՝ «Մինչեւ 20-րդ դարը մարդկանց պետք էր պաշտպանել օրենքով, 20-րդ դարից ի վեր մարդկանց պետք է պաշտպանել օրենքներից»: Հենրիկ Խաչատրյանի ժամանակը մարդկանց օրենքո՛վ պաշտպանելու, անօրեններին օրենքո՛վ պատժելու՛ ժամանակն էր: Հենրիկ Խաչատրյանը երիցս ճշմարիտ էր իր պահվածքով, իր մոտեցումներով, այդ նրա՛նք էին սխալ, որոնք, մեղմ ասած, օրենքը չհարգեցին: 8230Ավաղ: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել