Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ի սկզբանե հայտնի են տերերըԵս գիտեմ,

Մայիս 22,2002 00:00

Երբ ի սկզբանե հայտնի են տերերըԵս գիտեմ, թե ովքեր են տերերը ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Կառավարությունը շարունակում է մշակել հակակոռուպցիոն ծրագիր: Իսկ կոռուպցիան մեր կողքին է, ամեն քայլափոխի, ամեն օր ու ամենուր: Բավական է վերցնել որեւէ պետական կառույց, ուսումնասիրել նրա ընդունած մի քանի որոշում եւ կարելի է հասկանալ՝ ի՞նչ է կոռուպցիան եւ ովքե՞ր են Հայաստանում դրա հայրերը: Այս տարվա մայիսին «Ազգ» օրաթերթում տպագրվեց Երեւանի 14 բնակավայրերում հողերը վարձակալության տալու մրցույթի մասին քաղաքապետարանի հայտարարությունը: Այս ցանկում տեղ էր գտել նաեւ «Նար-Դոսի փողոցին հարող տարածքը»: Հայտարարության մեջ տարածքի հասցեն այդպես էլ նշված էր: Նար-Դոսի փողոցի երկարությունը երեք կմ է: Սովորական քաղաքացիները, այդ փողոցում գտնվող կրպակների եւ խանութների տերերից եւ ոչ մեկը չէր մտածում, որ նկատի է առնված հենց իրենց զբաղեցրած տարածքը: Թե խոսքն ինչի մասին է, որ տարածքի, գիտեր միայն նա, ում համար նախատեսված էր այն, եւ ում համար էլ ըստ էության հայտարարվել էր մրցույթը: Մինչդեռ հատվածը, որի վարձակալության մասին հայտարարել է քաղաքապետարանը, ունի հստակ հասցե` Նար-Դոսի փողոցի 77 շենքի դիմացի տարածք: Քաղաքապետարանն այն չի նշել, որպեսզի այստեղ գտնվող կրպակատերերը եւ ընդհանրապես որեւէ մեկը չկարողանա մասնակցել մրցույթին: Տարածքի մի հատվածում չորս մարդ կրպակ ունի: «1995 թ. Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ մեզ՝ չորս անձերիցս յուրաքանչյուրին հատկացվել է 15-17 քմ հողատարածք: Որպես անհատ ձեռներեցներ, ըստ նախագծերի, տեղադրել ենք մետաղե տաղավարներ ու վերը նշված որոշման հիման վրա Կենտրոն թաղապետարանի հետ կնքել հողօգտագործման պայմանագրեր: Ըստ կնքված պայմանագրերի, յուրաքանչյուր տարի կատարել ենք վճարումներ»,- պատմում է կրպակատեր Կարապետ Սահակյանը: «Մենք պատահական իմացանք, որ մեր տարածքները մեզնից վերցրել են: Աշխատանքի տեղում էինք, կադաստրի աշխատակիցները եկան, սկսեցին չափումներ անել»,- շարունակում է մյուս կրպակատերը` Գառնիկ Սարոյանը: Կրպակատերերը կադաստրի աշխատողներից իմացան, որ կայացվել է մրցույթ եւ իրենց հողատարածքները շահել է ոմն Մանվել Գասպարյան: Իսկ ո՞վ է Մ. Գասպարյանի թիկունքում: Նա ընդամենը օդակայանի մի պաշտոնյայի ծառայողական մեքենայի վարորդ է: Մ. Գասպարյանի` մրցույթով 25 տարի ժամկետով շահած հողատարածքի չափը 150 քմ է: Մրցույթում հաղթողը ստանձնել է հողամասի տարեկան վարձավճարը տալու պարտավորությունը: Քաղաքապետարանն այն հաշվարկել է տարեկան 100 հազար դրամ: Մ. Գասպարյանը պարտավորվել է մինչեւ տարեվերջ կատարել նաեւ 4.6 մլն դրամի ներդրում եւ «Երեւան» հիմնադրամին, որպես բարեգործություն, 10 օրում փոխանցել 50 հազար դրամ: Այսպիսով, 4 կրպակատերերը, որոնք վարձակալել են 60 քմ, տարեկան վճարում են 1 մլն դրամ, իսկ 150 քմ վարձակալած նոր տերը պարտավոր է տարեկան վճարել ընդամենը 100 հազար դրամ: Քաղաքապետը լավ մարդ է «Քաղաքապետարանում հանդիպել ենք ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Բաբայանին: Երբ նրան ասացինք, որ Նար-Դոսի փողոցի այդ հատվածում մեր կրպակներն են եւ մենք աշխատում ենք, զարմացավ: Նա ասաց, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն եղել, որ այդտեղ կրպակներ կան: Ասաց` դիմեք քաղաքապետին, չի կարող պատահի, որ ինքը տեղյակ լիներ ու այդպիսի որոշում կայացներ: Լավ մարդ է, լավ ձեւով կլուծի ձեր հարցը»,- պատմությունը շարունակում է 3-րդ կրպակատերը` Ռոմեո Տերտերյանը: Միայն Հայաստանում կարող է այսպիսի բան պատահել: Դու 7 տարի աշխատում ես քո կառուցած կրպակում ու մեկ էլ Ռոբերտ Նազարյան անուն ազգանունով քաղաքապետը որոշում է իրեն դիմած պաշտոնյայի համար հայտարարել մրցույթ: Բնականաբար, պաշտոնյան իր ազգանունով չի մասնակցում մրցույթին: Հայաստանի բոլոր պաշտոնյաների օբյեկտները իրենց զոքանչների, աներների, աներձագների, ընկերների, հարեւանների անուններով են: Մեր պաշտոնյաները ընչազուրկ են: Նրանց եկամուտների հայտարարագրերը շուտով կհրապարակվեն եւ բոլորիս պարզ կդառնա այդ «ճշմարտությունը»: Այսպիսով, մրցույթի հայտարարության հասցեի մասին գիտեին միայն պաշտոնյան եւ քաղաքապետը: Պաշտոնյան երկու հոգու անունով ներկայացնում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաթեթները: Ձեւական կողմը միշտ պետք է պահպանել, որպեսզի, այսպես կոչված, «նախկիններ» դառնալուց հետո հանկարծ հնարավոր չլինի գործ սարքել իրենց վրա: Այն, որ քաղաքապետարանի ցանկացած մրցույթ կամ աճուրդ ֆիկցիա է, կարելի է համոզվել` մասնակցելով այդ մրցույթներին, իմանալով դրանց մասնակիցներին եւ, այնուհետեւ, շահողներին: Այդպիսի մի քանի օրինակ մենք արդեն բացահայտել ենք, երբ աճուրդի էին հանվել Բաբայան փողոցին հարող այգու հողատարածքները, որոնց վրա արդեն կառուցված էին առանձնատներ: Քաղաքապետարանը օրինականացրել էր ապօրինի հողազավթումները եւ դրանց վրա կառուցված առանձնատները: Նույնը օպերայի բակում շինհրապարակ դարձած հողատարածքների դեպքում է: Երբ ի սկզբանե հայտնի են տերերը: «Սպասում ենք քաղաքապետի պատասխանին: Դիմելու ենք դատարան, նախագահին, բոլոր ատյաններին` մինչեւ չեղյալ համարեն այդ մրցույթը: Չորս կրպակը ութ ընտանիք է կերակրում»,- շարունակում է Սարոյանը: «Ես պարոն Բաբայանի սենյակում էլ եմ հայտարարել, որ այստեղից սպանության հոտ է գալիս: Էս մարդը չի կարող 8 ընտանիքի սոված թողնել: Կսպանենք, կմորթենք, Նար-Դոսի վրա կմորթենք»,- վրդովված ասում է Կարապետ Սահակյանը: Ամեն դեպքում, վարձակալները մրցույթում առաջնահերթության իրավունք ունեին: Թե8217 հողային օրենսգրքի, թե8217 կառավարության համապատասխան որոշման համաձայն հողատարածքները առաջնահերթ պետք է տրվեին նրանց: Թերթում կոնկրետ հասցե նշված չի եղել: Մրցույթը շինծու էր: Իսկ դատարանը, որին պատրաստվում են դիմել կրպակատերերը, անվավեր կճանաչի՞ արդյոք մրցույթի արդյունքները եւ քաղաքապետի որոշումը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել