Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՔ ՉԷ»

Մայիս 22,2002 00:00

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՔ ՉԷ» Սանկտ Պետերբուրգից օրեր առաջ վերադարձած Ռուբեն Անգալադյանի հետ «Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանի զրույցը վերաբերում է Կրասնոդարի հայտնի իրադարձություններին, մեր ազգային աշխարհընկալմանն ու ինքնաճանաչողությանը։ – Մենք պատրա՞ստ ենք փոփոխվող տարածաշրջանում խնդիրներ լուծելու։ – Ռուսաստանի հետ կապված խոսակցությունները շարունակելի են այն պատճառով, որ տարբեր երկրներում մեր համայնքները կարող են ունենալ այդպիսի խնդիրներ։ Մի տեղ կարող է երկրաշարժ լինել, մի տեղ՝ էթնիկական պայքար կամ կրոնական բախում, մի տեղ՝ ֆաշիզմով զարգանա… Մենք ամեն ինչին պետք է պատրաստ լինենք։ Պետությունն այն կոորդինատորն է, որը նախեւառաջ ունի բազա, որը հնարավորություն կտա իր հայրենակիցներին ընդունելու։ Տեսեք հրեա ժողովրդին։ Նա հարուստ է։ Եվ կազմակերպված, իսկ կազմակերպվածությունը՝ ֆինանսական հաջողություն։ Եվ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում, ապացուցում է մի կարեւոր իրողություն. հիանալի է աշխատում Իսրայելի պետական համակարգը։ Փողը գալիս է, բայց նաեւ՝ ճիշտ օգտագործվում։ Հրեական եւ ոչ մի համայնք որեւէ տեղ սխալ հայտարարություն չարեց։ Ուրեմն, ճշգրիտ կազմակերպված է եւ ունի իմունիտետ։ Մենք էլ պիտի ունենաք։ Չենք հասկանում, թե ինչ բան է ուժը եւ ինչ է ուժ չունենալը։ Եթե օտարն այստեղ դնում է հսկայական գումարներ, այն ավելի մեծ ուժ է, քան քո բանակը։ Պաշտպանություն ասելով, չգիտես ինչու, հասկանում ենք միայն մեր բանակը, որը կանգնած է սահմանների վրա։ Տարածաշրջանն այսօր դինամիկ շարժման մեջ է եւ մենք տեսնում ենք մեկ-երկու կոնֆլիկտ ընդամենը։ Հնարավոր են շատ ուրիշ շարժումներ։ Մենք պատրա՞ստ ենք ինչպես այստեղ, այնպես էլ դրսում… Մենք բոլորովին պատրաստ չենք։ Ինչպես Սփյուռքը, որը պատրաստ չէր, որ Սովետական Միությունը պետք է փլուզվի։ Չգիտես ինչու, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի սփյուռքը պատրաստ էր։ Որտեղի՞ց գիտեին։ Նրանք, ովքեր եկան իշխանության տվյալ երկրներում «պերեստրոյկայի ալիքի» վրա, նրանք հիմա էլ մնում են։ Ուղեղը չի կարելի փոխել։ Հազար ուղեղ չկա ազգի մեջ։ Հազար տրամաբանություն չկա։ Կա մեկ տրամաբանություն. ընդհանուր շահը, ճիշտ ընտրությունը։ – Ի՞նչը մեզ տրված չէ… – Խոշոր անհատ չեմ տեսնում։ Ժամանակի ռեսուրսը գնում է։ Ո՞վ է գալու։ Սա անհատի խնդիր չէ։ Սասունցի Դավթին սպասող չկա։ Մենք սպասում ենք հավաքական ուժին, երբ իր ամբողջականության մեջ կլինի մեր գլուխը։ Սասունցի Դավիթը հենց մեր տուն քանդողն է։ Ժողովուրդը պիտի պատերազմ գնա, փորձություն է բոլորի համար, ինքն արդեն պատերազմից վերադառնում է, ասելով՝ հաղթեցի։ Ժողովուրդը մեկին չպիտի սովորի։ Նա է մեր ավանդական մտածողությունը։ Ժողովուրդը պետք է հասկանա համակարգն ու համակարգված մտածողությունը, նաեւ՝ թե ի՞նչն է լավը։ Եվ լավը գնահատի։ Լավը չի գնահատվում, որովհետեւ հստակ չէ, թե ի՞նչն է լավը։ Մտքի լավը։ Հայրենասիրությունն այսօր խանգարող հանգամանք է։ Ստիպված եմ ասել, որովհետեւ բոլորս էլ Հայաստանը սիրում ենք եւ դավաճանելու… մտադրություն չկա։ Մենք Հայաստանը չենք սիրում։ Եթե սիրեինք, երեքհազարամյա պատմության ընթացքում կստեղծեինք կայուն համակարգ։ Համակարգը մեր ուժն է։ Սակայն ինչ է ստացվել։ Ազգի 80 տոկոսը ունիվերսալ է (միջակ գաջ անող, միջակ քաղաքագետ, միջակ նկարիչ…) եւ հույսը դրել է իր վրա, հետեւաբար, երբեք չի կարող միավորվել։ Նա հավաքական ուժ կարող է դառնալ միայն լոզունգով կամ էքստրեմալ իրավիճակներում՝ երկրաշարժ, Սարդարապատ… Մեզ պետք է բացվել։ Աշխարհի՛ նկատմամբ։ Այն, ինչ մեր մեծերն էին հորդորում՝ Կոստան Զարյանը, Չարենցը, որպեսզի մեր գենետիկան փոխվի մի քիչ։ Մենք տեսակի խնդիր չունենք։ Մենք իրավիճակային ազգ ենք։ Եվ կարող է մեր ամեն քայլը ճիշտ լինել, բայց անդունդը գլորվենք։ Պատճա՞ռը. երկրորդական-երրորդական խնդիրը կարող է դառնալ առաջնային։ Մեր ազգը խոսում է նրբությունների մասին եւ չգիտի հիմնահարցերը։ Ցավոք, մեր պատմահայրերը, «խնայելով» մեզ, այնպես չեն գրել, որ հասկանալի լիներ, թե տարբեր իրավիճակներում ի՞նչ թերություններ եղան։ Եվ բացթողումներ։ Մենք գիտենք, թե Աշոտ Երկաթն ինչպիսին է եղել, Դավիթ Բեկն ու Տիգրան Մեծը ով էին, բայց չգիտենք, թե մեր բնավորության գծերը տվյալ համակարգում ինչպես է դրսեւորվել, աշխատել։ Մինչեւ չհասկանանք, իբրեւ համակարգ չկազմավորվենք, մեր կյանքը միշտ վտանգված կլինի.. – Ինչպես եւ եղավ Ռուսաստանո՞ւմ։ – Ռուսաստանի հարավում իրավիճակը խիստ վատացավ։ Ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ չգտնվեց մեկը, որ իրավիճակը գնահատեր։ Ռուսաստանի հեռուստատեսությամբ բանավեճերի ժամանակ չգտնվեց մեկը։ Այստեղ «հասկացրին», թե «պայմանավորվել» են, «գործն էլ սուսուփուս արինք»։ Պետք չէր այդ գործը սուսուփուս անել, երբ մեզ ասում են. դուք օտար եք։ Եկվոր։ Ուզում եմ իմանալ. ես Հյուսիսային Կովկասում օտար տա՞րր եմ։ Ինչո՞ւ 18-րդ դարում ես այդ տարածքներում ունեի արտոնություն։ Հայերը կազակների հետ հավասար եւ նույն սկզբունքով հողակտորներ էին ստանում, չէին ծառայում բանակում, իսկ այդ արտոնության դիմաց պետք է զարգացնեին հողագործությունը, արհեստները, առեւտուրը եւ ուրեմն՝ հարաբերություններ Կովկասի եւ Անդրկովկասի ժողովուրդների, ինչպես նաեւ Պարսկաստանի, Հնդկաստանի եւ այլ պետությունների հետ։ Հենց այդ պատճառով ստացել ենք հսկայական արտոնություններ մաքսային ծառայություններում։ Երբ անգամ ռուսական կայսրություն չկար։ Եվ ես ամեն ինչ արել եմ, կառուցել եմ, հիմնել քաղաքներ, արյուն թափել 18-րդ, 19-րդ, 20-րդ դարերում, 1-ին, 2-րդ համաշխարհային պատերազմներում։ Բայց Տկաչյովն ինչ ասում է, չենք պատասխանում, թե, գիտես ինչ, մենք կարող էինք հայկական պետություն ստեղծել այն ժամանակ, երբ դուք չկայիք։ Բայց չենք արել, մեր բնույթում այդ չկա։ Հյուսիսային Կովկասում մենք պետություն կազմավորող ազգ ենք։ Կրասնոդարում կատարվածը ցույց տվեց մեր անպաշտպանվածությունը աշխարհի նկատմամբ։ Եվ Ամերիկայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, անգամ Հայաստանի… հայերը ցույց չարեցին, Ռուսաստանի դեսպանատներին ոչինչ չհանձնեցին։ Մեկուկես տարի գնում են այդ խմորումները, Հայաստանի նախագահը, որը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում է տարվա մեջ երեւի 15 անգամ, այդ հարցերի մասին չի խոսում։ ՌԴ մարզերից մեկն այդ նույն ժամանակ ֆիլմ է նկարահանում՝ մեզ համեմատելով քրդերի, թուրք-մեսխեթեցիների հետ։ Ո՞վ հրահրեց այդ քայլերը, ինչո՞ւ։ Ինչպես են սովորելու այն երեխաները, երբ ֆիլմում ուսուցչուհին ասում է. «Ձեռքերը բարձրացնեն նրանք, ովքեր եկել են Հայաստանից»։ Բարձրացնում են մեր երեխաները։ Ուսուցչուհին շարունակում է. «Այստեղ լա՞վ է»,- եւ նրանք պատասխանում են. «Այո»։ «Ուզո՞ւմ եք վերադառնալ Հայաստան»,- հետեւում է հաջորդ հարցը։ Երեխաները… պատասխանում են. «Ոչ, չենք ուզում»։ Եվ հետեւությունը. տեսեք, ահա, եկել եւ մնացել են։ Իսկ երբ դեպի հարավ էր ձգվում Ռուսաստանը, մենք նրան պաշտպանում էինք։ Հիմա պարզվում է, որ մենք… օտար տարր ենք։ – Պրն Անգալադյան, ի վերջո, իբրեւ ազգ ո՞րն է մեր դերը։ – Հոգնած են հայերը։ Նրան պետք է համակարգ, որին… ճորտագրվեն բոլորը։ Ուղղակի ոնց որ այս մոլորակի վրա չապրենք։ Վերջին 5-6 տարում մենք կորցրինք այն մասշտաբները, որի շնորհիվ հաղթեցինք Արցախում։ Մայիսի 9-ին հեռուստատեսությամբ դարձյալ նայեցի մեր զոհվածների դեմքերին։ Նրանք պատահական մարդիկ չէին։ Ով որ կանգնում է նրանց շիրիմների կողքին, ակնհայտ է՝ գիրք կարդացող չեն։ Չմոռանանք, որ Մոնթեն Հարվարդի համալսարանն էր ավարտել, Լեոնիդ Ազգալդյանը ճանաչված ֆիզիկոս էր, Դուշման Վարդանը՝ պատմաբան… Ազգը գնահատում է գիշատիչներին ու արատավորներին, որոնք ողջ են ու «առաջին» գծում են։ Չեմ տեսնում, որ շուկայում գնահատվի Միտքը, բարությունը, արժանապատվությունը։ Եվ ուզում ենք, որ գիշատիչներն ու արատավորները դուրս գան որպես… բիզնեսմեն՝ համաշխարհային շուկա։ Եթե մենք չենք հավատում նրանց, օտարն ինչպես կհավատա։ Եթե օտարը հավատում է նրանց, նա նույնատիպ գիշատիչ է… Եվ վերջապես. այն քաղաքական համակարգը չէ այսօր, որը հայապահպանման գործով զբաղվի։ Հայազարգացման գործն է գալիս։ Քաղաքական ասպարեզում գտնվող ուժերը Հայաստանի այսօրվա միտքը չեն։ Աշխարհընկալման խնդիրներն այնպես են փոխվել, որ Արեւմուտքի բազիսը՝ բարոյականությունը հարված կրեց Արեւելքից։ Ֆունդամենտալիզմը հենց դրա վրա է հենվում, որ չի կարելի անբարոյականություն ցույց տալ ամեն օր։ Ստվերի մասին խոսելն ամենահեշտն է. որոշ ժամանակ անց արեւը գնալու է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել