Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԵԴԻՏ-ՍԵՐՎԻՍԻ» ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐԻՆ ՓԱԽՑՐԻ՞Ն

Մայիս 22,2002 00:00

«ԿՐԵԴԻՏ-ՍԵՐՎԻՍԻ» ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐԻՆ ՓԱԽՑՐԻ՞Ն Նախօրոք ասեմ, որ խոսքը ամուսնանալու համար փախցնելու մասին չէ, այլ այն մասին, որ «Կրեդիտ-Սերվիսի» նախկին գլխավոր հաշվապահ, այժմ այդ բանկում ՀՀ ԿԲ-ի կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիայի անդամ Սվետա Քարամյանը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի կողմից «գործուղվել» է Ռուսաստանի Դաշնություն՝ բուժման: Հուրախություն այդ բանկի ավանդատուների, շտապեմ հայտնել, որ այդ բանկի նախկին գործադիր տնօրեն, ապա ՀՀ ԿԲ-ի վերահսկողության դեպարտամենտի պետ, այժմ «Արդշինբանկի» ադմինիստրացիայի ղեկավար, ընթերցողին իր «քաջարի» գործունեությամբ հայտնի Արտաշես Դավթյանը, նրա բարեկամներ Տիգրան Միրզոյանը («Կրեդիտ-Սերվիսի» ժամանակավոր ադմինիստրատոր), Տելեմակ Իսահակյանը (ադմինիստրացիայի անդամ), Վահագն Մարտիրոսյանը (բանկի «Լոռի» մասնաճյուղի կառավարիչ) եւ Բորիս Առաքելյանը դեռեւս չեն «հիվանդացել» եւ Տիգրան Սարգսյանի կողմից բուժման չեն ուղարկվել, սակայն «հիվանդության» վտանգը չի վերացել: Սվետա Քարամյանի հիվանդության, իսկ իրականում անհետացման (հնարավոր է՝ փախուստի) պատճառները հասկանալու համար փորձեցի նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալ ԿԲ-ից եւ «Կրեդիտ-Սերվիս» բանկից: Արդյունքում պարզվեց, որ Քարամյանը վերջին 11722 տարում ոչ մի լուրջ հիվանդությամբ չի տառապել: Նույնը պնդեցին նաեւ Քարամյանի բնակության տեղամասային պոլիկլինիկայում: Այս ամենից կարելի է հետեւություն անել, որ նախկին գլխավոր հաշվապահ Սվետա Քարամյանի շտապ «հիվանդանալը» պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործով, ինչի պատճառով Քարամյանը կամ 1. դաժան ապրումների պատճառով, իրոք, հիվանդացել է այնպիսի հիվանդությամբ, որը Հայաստանում չեն բուժում, կամ 2. նա սիմուլյանտ է եւ ցանկանում է թաքնվել, խուսափել քրեական պատասխանատվությունից: Առաջին դեպքը շատ հավանական է, եթե Քարամյանը իր գործունեության ընթացքում լուրջ հանցանքներ կատարած լիներ եւ յուրացված գումարների առյուծի բաժինը ուրիշը ստացած լիներ: 2-րդ դեպքը նույնպես բացառված չէ, քանի որ դա պատասխանատվությունից խուսափելու եւ քննությանը խոչընդոտելու ամենալավ տարբերակն է: Ինչեւէ, չխախտելով անմեղության կանխավարկածը, համարենք, որ Քարամյանը բուժվելու է գնացել անհայտ ուղղությամբ եւ նույնիսկ նրա հարազատները տեղը չգիտեն: Այժմ մի պահ պատկերացնենք, որ մի օր վերցնում եւ «հիվանդանում» են միաժամանակ Ա. Դավթյանը, Բ. Առաքելյանը, Վ. Մարտիրոսյանը, Տ. Միրզոյանը, մի խոսքով, «Կրեդիտ-Սերվիսի» թալանին առնչվող այդ ամբողջ խումբը եւ նույն ինքնաթիռով թռչում են «բուժման»`անհայտ ուղղությամբ, անորոշ ժամանակով. ո՞վ է պատասխան տալու, ումի՞ց ենք այդ գումարները պահանջելու: Տիգրան Սարգսյանը, պարզ է, որպես միանձնյա ղեկավար տարբեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով կարող է «սխալվել», բայց զարմանալի է Կենտրոնական բանկի խորհրդի դիրքորոշումը. թերթերում հրապարակայնորեն Արտաշես Դավթյանը եւ նրա «շքախումբը» (Տ. Միրզոյան, Ս. Քարամյան8230) մեղադրվում են ակնհայտ չարաշահումների մեջ, իսկ նրանցից մեկը շարունակում է նոր խարդախություններ անել, մյուսին թաքցնում են «բուժման» նպատակով։ Չեմ կարծում, որ ԿԲ խորհրդի անդամների կազմում չկան սկզբունքային եւ օրենքը հարգող, հասարակության առջեւ պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ, չէ՞ որ խորհուրդը, որպես կոլեգիալ մարմին, կարող է ժամանակավոր ադմինիստրացիայի վերաբերյալ հարցը քննարկել եւ քվեարկությամբ ճշմարտացի, օբյեկտիվ որոշում կայացնել Ա. Դավթյանի եւ մյուսների` ադմինիստրացիայի կազմում մնալու նպատակահարմարության վերաբերյալ: Թե չէ՝ էլ ի՞նչ «խորհուրդ»։ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին անհրաժեշտ եղավ մոտ երեք ամիս, որ կողմնորոշվի եւ կատարված բացահայտ հանցագործությունների մասին հայտնի գլխավոր դատախազությանը: Դրանով նա իրենից հեռացրեց հանցագործությունների մասին իմանալ- չհայտնելու համար քրեական պատասխանատվության վտանգը: Տեսնենք, թե որքան պետք կլինի գլխավոր դատախազին, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկի հանցագործություն կատարած անձանց: Հուսով եմ, որ դա չի լինի երեք ամիս, որ մյուսներն էլ հասցնեն «հիվանդանալ»: ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել