Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ սարքված էր

Մայիս 22,2002 00:00

Ամեն ինչ սարքված էր Մայիսի 19-ին թիվ 75 ընտրատարածքում տեղի ունեցան պատգամավորական ընտրություններ: ԿԸՀ քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը չհերքեց այն փաստը, որ այդ ընտրությունները անցկացվել են օրինախախտումներով: Տավուշի մարզում տեղական ընտրական հանձնաժողովները ձեւավորվել են սահմանված ժամանակացույցից բավական ուշ, սակայն սա չի խանգարում, որ Արմենուհի Զոհրաբյանն ընտրությունները, այնուամենայնիվ, համարի արդար. «Այո, հանձնաժողովները ձեւավորվել են «Ընտրությունների մասին» օրենքի խախտումներով, բայց դա ՄԸՀ-ի մեղքով չէ: Այդ ՄԸՀ-ն նոր է ձեւավորվել, եւ նրանցից շատերն անգամ օրենքին ծանոթ չէին: Ընտրությունների շեմին չի կարելի հանձնաժողովում փոփոխություններ կատարել, եթե նախկին հանձնաժողովը լիներ, այդպես չէր լինի»: «ԿԸՀ-ն որեւէ պատիժ չի՞ սահմանելու» հարցին, Արմենուհի Զոհրաբյանը պատասխանեց. «Գուցե գրավոր նկատողություն տանք, բայց դրա կարիքը չկա: Նրանք, ճիշտ է, ուշ են ձեւավորել հանձնաժողովները, բայց միեւնույն է, ամեն ինչ հասցրել են եւ ընտրությունների ընթացքում դրա վերաբերյալ որեւէ բողոք չի եղել ժողովրդի կողմից: Ընտրություններն ընթացել են նորմալ եւ արդար»: Մինչ ԿԸՀ-ն Տավուշի մարզում տեղի ունեցած ընտրությունները համարում է կայացած, ՀՀՇ գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանն այն համարում է «ձախողված». ՄԸՀ նախագահը, տեղակալն ու քարտուղարը դիմել են ԿԸՀ` առաջարկելով, որ ընտրությունները հետաձգեն, սակայն ԿԸՀ-ն չի ընդառաջել նրանց առաջարկին. «Ուղղակի անգործության ենթարկվելով, ԿԸՀ-ն ստիպել է ՄԸՀ-ին, որ այդ ընտրությունները կայանան: Այսինքն, անօրինական կարգով տրամադրել են քվեաթերթիկներ, քաջատեղյակ լինելով, որ այդ քվեաթերթիկներն անհասկանալի է, թե ում են տրվելու, քանի որ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ՝ մայիսի 17-ին, դեռ տեղամասային ընտրական հանձնաժողովներ ձեւավորված չէին»: Արմենուհի Զոհրաբյանի գնահատականին, թե հանձնաժողովների ուշ ձեւավորվելու պարագան չի խաթարել ընտրությունների նորմալ ընթացքը, Անդրանիկ Հովակիմյանը պատասխանեց. «Նման բառակապակցություն ԸՕ-ում չկա: Ուրեմն, օրենքով սահմանված կարգով ընտրությունների անցկացումը խախտվել է: Չի կարելի ասել` ճիշտ է, ուշացրել են, բայց… Նույն տարբերակով կարելի էր ասել` ճիշտ է, Վանո Սիրադեղյանին ՀՀ ՆԳՆ Անձնագրային եւ վիզաների վարչությունը չտվեց տեղեկանք, բայց կարելի էր իր անունը քվեաթերթիկում գրել: Դա էլ է ուրեմն ճիշտ. դրա նման բան է: Ի՞նչ է նշանակում` ճիշտ է, մի քիչ ուշացել է»: Ըստ ՀՀՇ գործադիր քարտուղարի, պետք է արձանագրել, որ այս ամենի համար ամբողջ պատասխանատվությունը, նաեւ՝ քրեական, ընկնում է ԿԸՀ ղեկավարության վրա. «Մենք այդ բոլոր փաստաթղթերը հավաքելու ենք ու անկախ այն բանից, թե այսօր իշխանություններն ինչպիսին են, եւ արդյոք նրանք պատասխանատվության կենթարկեն նրանց, թե ոչ, մենք պահանջելու ենք, որ այդ արարքի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»: Անդրանիկ Հովակիմյանն ավելացրեց, որ այդ փաստաթղթերը վաղ թե ուշ ներկայացվելու են դատախազություն: Նա չբացառեց, որ այստեղ համապատասխան արդյունքի չհասնելու դեպքում իրենք կդիմեն Եվրոդատարան: Անդրանիկ Հովակիմյանի համոզմամբ, թիվ 75 ընտրատարածքում ընտրական գործընթաց չի իրականացվել, այնտեղ ամեն ինչ սարքված է եղել. «Ամեն ինչ՝ քաղաքականացված»: Ըստ «Տարեգրի» www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել