Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավճիռները ոստիկանների գրպանում են

Մայիս 22,2002 00:00

Դատավճիռները ոստիկանների գրպանում են Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում պետք է կայանար «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կազմակերպության նախագահ Ժորա Սափեյանի, այսպես կոչված, դատը: Իշխանությունները նրան մեղադրել են ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներից օգտվելու եւ խաղաղ հանրահավաքներին ու երթերին մասնակցելու համար: Երկու օր առաջ Թալինի ՆԳ բաժնի աշխատակիցներն այցելել էին Ժ.Սափեյանին եւ առանց սանկցիա կամ գրավոր փաստաթուղթ ցույց տալու «հրավիրել» էին Թալինի ՆԳ բաժին: Նրան, ինչպես ասացինք՝ մեղադրել էին հանրահավաքներին եւ ցույցերին մասնակցելու, այլոց Ազատության հրապարակում նախատեսված զանգվածային միջոցառման մասին տեղեկացնելու եւ հրավիրելու համար: Թալինի ՆԳԲ պետ Նորիկ Հեբոյանն էլ ոչ ավել, ոչ պակաս Ժ.Սափեյանին «հարցախեղդ» էր արել՝ «ո՞վ է քեզ թույլ տվել Թալինում պատերին հանրահավաքի մասին հայտարարություններ կպցնել, ինձ հարցրե՞լ ես»: ՀՀ Սահմանադրությանն արված հղումները, բնականաբար, միլպետի համար զրո են եղել: Նա միայն հավաստիացրել է, թե Սահմանադրությունը քաղաքացուց լավ գիտե, ինչին, մեղմ ասած, խիստ կասկածում ենք: Ինչեւէ: Թալինի ՆԳԲ Քրեականի պետ Մարտին Պողոսյանի եւ ոստիկանության եւս մեկ աշխատակցի ուղեկցությամբ Ժ.Սափեյանին երեկ բերել էին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան: Ու թեեւ դատը նշանակված էր ժ.15-ին, բայց մեկ ժամ անց դեռ չէր սկսվել եւ հույս էլ չկար, հավանաբար, այն պատճառով, որ դատին մասնակցելու էին եկել լրագրողներ եւ իրավապաշտպաններ, կուսակցության ներկայացուցիչներ: Թալինի ՆԳԲ Քրեականի պետն այդ ընթացքը փորձում էր օգտագործել Ժ.Սափեյանին «մշակելու», այս բանն ասելու, կամ ինչ-որ բանի մասին լռելու ուղղությամբ: Ի վերջո, որոշվեց չսպասել, առավել եւս, որ քաղաքացին ոչ միայն ավելի քան մեկ ժամ սպասել էր իր դատին, այլեւ պատշաճ կարգով էլ ծանուցված չէր եղել ոչ Թալինի ՆԳԲ, ոչ դատարան ներկայանալու մասին: Միայն ոստիկանների հետ միասին Թալինի ճանապարհին է քաղաքացին իմացել, որ իրեն, այնուամենայնիվ, դատել են: Ոստիկաններից մեկը պարզապես գրպանից հանել ու Ժ.Սափեյանին էր փոխանցել դատարանի վճիռը՝ դատավոր Ժ.Վարդանյանի ստորագրությամբ, այն մասին, որ նա խախտել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 180/1 հոդվածը, որի համար ենթարկվել է վարչական տուգանքի՝ 1000 դրամի չափով: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել