Լրահոս
Օրվա լրահոսը

Սաղաթելյանի գործը կմտնի Եվրոպական դատարան

Մայիս 22,2002 00:00

Սաղաթելյանի գործը կմտնի Եվրոպական դատարան Խոստանում է Միքայել Դանիելյանը ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարության ավարտին սպասում են նաեւ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները: Ըստ «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Մ.Դանիելյանի, Մ.Սաղաթելյանի դատավճռի հրապարակումից հետո իրավապաշտպաններն ավելի ակտիվ գործունեություն կծավալեն, թեեւ «Ագոյի» խմբի հետ հանդիպման ընթացքում արդեն հայտարարվել է, որ Կալանավայրերի վարչության նախկին պետին առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Ի դեպ, նույնի մասին փաստել է նաեւ «Արմատ» հասարակական կազմակերպությունը՝ «Ագոյին» փոխանցված իր Հուշագրում: «Հելսինկյան ընկերակցության» նախագահը տեղեկացրեց նաեւ, թե Եվրախորհրդում ստեղծվել է նաեւ «ԵԽ անդամ երկրներում քաղբանտարկյալների մոնիտորինգի» հանձնախումբ: Վերջինս նշել է, որ դեռ քաղբանտարկյալներ կան Հայաստանում, Ադրբեջանում, Մակեդոնիայում եւ Իտալիայում: Շուտով տեղի կունենա մի վեհաժողով, որտեղ քննարկվելու են հիշյալ երկրներում քաղբանտարկյալների հետ կապված հարցեր: Սա դիտարկվելու է ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների չկատարման համատեքստում: Այդ ամենին զուգահեռ ԵԽ-ում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող մի ենթահանձնաժողով էլ է ստեղծվել՝ Ժորժ Կլեյրֆայտի գլխավորությամբ: Վերջինս եւս պնդել է, որ քաղբանտարկյալներ կան նաեւ Հայաստանում: «Իմ կարծիքով, ե՛ւ «Եհովայի վկա» 24 դատապարտյալների, ե՛ւ Մ.Սաղաթելյանի հարցը, որ Հայաստանում արդեն լրջորեն շոշափվել է, տեղ կգտնի նաեւ այդ հանձնախմբերի քննարկման ժամանակ»,- ասաց Մ.Դանիելյանը եւ ավելացրեց, թե Մ.Սաղաթելյանի պարագայում կրկնվելու է Աշոտ Բլեյանի հետ կատարվածը: «Միայն ԵԽ-ի՝ ՀՀ իշխանություններին ներկայացրած պահանջներից ու պարտադրանքից հետո էր, որ Ա.Բլեյանի հետ հաշվի նստեցին ու, ի վերջո, նրան ազատ արձակեցին: Իմ կարծիքով միջազգային ատյաններում նույնպիսի հետաքրքրություն կլինի նաեւ Մ.Սաղաթելյանի դեպքում»,- նկատեց իրավապաշտպանը: «Ավելին, ես դիմել եմ ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչին եւ խնդրել կապ ապահովել Ժ.Կլեյրֆայտի հետ: Այդ ամենից զատ պատրաստվում եմ Մ.Սաղաթելյանի, նաեւ՝ հանրահավաքների մասնակից եւ դատված, այն 70 հոգու հարցերով նամակով դիմել վերջինիս»: Մ.Դանիելյանը տեղեկացրեց նաեւ, թե անցյալ շաբաթ Երեւանում հանդիպում է եղել ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների հետ, որտեղ եւս շոշափվել է Մ.Սաղաթելյանի հարցը: Նրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերը փոխանցվել են նաեւ ռուս իրավապաշտպաններին: «Փորձելու ենք նրանց եւ մասնավորապես ԵԽ-ում ՌԴ ներկայացուցիչների՝ «Յաբլոկոյի» անդամ պատգամավորների, եւ իրավապաշտպան Ս. Կովալյովի միջոցով այդ հարցին հնչեղություն տալ»: Վերջինս, ի դեպ, առաջիններից մեկն է պաշտպանել Վահան Հովհաննիսյանին, իսկ այսօր պատրաստ է պաշտպանել նաեւ Մ.Սաղաթելյանին: «Մենք ամեն ինչ կանենք, որ ե՛ւ հիշյալ 70 հոգու, ե՛ւ Մ.Սաղաթելյանի գործերն անպայման մտնեն Եվրոպական դատարան»,- հավաստեց իրավապաշտպանը: Նա վստահեցրեց, թե Մ.Սաղաթելյանի դատավճռի հրապարակումը հետաձգվում է «միայն կողմերին կողմնորոշվելու ժամանակ տալու, նաեւ տեսնելու, թե Մ.Սաղաթելյանի գործով աղմուկ կլինի՞, թե՞ չէ: Ի վերջո, մի բան է, երբ նրա քաղբանտարկյալ լինելու մասին խոսում են քաղաքական ուժերը, այլ է, երբ նույնը պնդում են իրավապաշտպանները»: Իսկ որ աղմուկ կլինի՝ իրավապաշտպանները խոստանում են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել