Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌ ՈՉԻՆՉ»

Մայիս 22,2002 00:00

«ԱՌ ՈՉԻՆՉ» Հայ փաստաբանների միջազգային միության անդամ Լեւոն Բաղդասարյանը դատական ատյաններում «Ա1+»-ի շահերը ներկայացնող փաստաբանների խմբից է։ -Բողոքարկվելո՞ւ է դատարանի նոր վճիռը, որով մերժվեց «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՀՑ-ի։ – Միանշանա՛կ բողոքարկվելու է, քանի որ, գտնում եմ, այս դատաքննության ընթացքում եւս դատարանը վճիռ կայացրեց նյութաիրավական նորմի խախտմամբ։ Չէի ցանկանա նորից նշել օրենքի որոշակի հոդվածների խախտումները՝ դրանք մատնանշվել են դատաքննության ընթացքում։ Ուղղակի կբերեմ մի օրինակ։ Քաղաքացիական օրենսդրությունը հստակ սահմանում ու պարտադիր պայման է դիտում, որ վարձակալության պայմանագիրը միակողմանի լուծարվում, վիճարկվում է դատական կարգով։ Նման բան տեղի չի ունեցել «Հայաստանի հեռուստատեսային ցանցի» պարագայում։ Եվ մեր այն հարցին ի պատասխան, թե օրենքի ո՞ր հոդվածով եք ղեկավարվել պայմանագիրը միակողմանի լուծարելով՝ ՀՀՑ ներկայացուցիչները դատարանում ասացին ամեն ինչ, միայն չտվեցին որոշակի պատասխան։ Հստակ այլ խախտումները բազմապիսի եւ բազմաբնույթ էին, եւ դրանք կնշենք մեր վճռաբեկ բողոքում։ – Դատավոր Վարդան Ավանեսյանը մատնանշեց ՀՀՑ-ի եւ «Ա1+»-ի միջեւ պայմանագրի եւ օրենքի մի քանի հոդվածներ, որոնք հիմք էր ընդունել իր վճիռը կայացնելիս։ Հիմնավո՞ր պատճառաբանություններ էին։ – Պայմանագրի 7.4 կետը, որը դատավորը վկայակոչեց վճռի պատճառաբանական մասում, ընդամենը վերաբերում է նրան, որ արտոնագիր չունենալու պարագայում պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծարման։ Բայց, նորից եմ կրկնում. քաղաքացիական օրենսդրությամբ հստակ սահմանված է, թե ինչպես է միակողմանի լուծարվում պայմանագիրը։ Հեռուստաընկերության հաղորդում անջատելու իրավասություն ՀՀՑ ՊՓԲԸ-ն ընդհանրապես չունի՝ ոչ մի օրենսդրական ակտով, օրենքով սահմանված չէ նման բան։ – Այսուհանդերձ, նման օրինախախտումների դեմ «Ա1+»-ի հայցադիմումները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը որակեց որպես դատավարությունների արհեստական ծավալ, որոնք հետապնդում են միայն քաղաքական նպատակներ։ – Դա այդպես չէ։ «Ա1+»-ի փաստաբանները միայն իրավական հարթության վրա են վիճարկում այս գործը, վստահ լինելով, որ Ազգային հանձնաժողովը թույլ է տվել էական խախտումներ։ Ավելին՝ դատական նիստերին ներկաներն ականատես էին, որ հնարավորության սահմաններում փորձել ենք կանխել քաղաքական շահարկումները։ Եվ դրա վառ ապացույցն է, որ մենք մի քանի անգամ դիմել ենք դահլիճին, որպեսզի չարվեն քաղաքական, ավելորդ այլ արտահայտություններ, որոնք չեն վերաբերում խնդրո առարկա գործին։ Նաեւ այնպես չէ, թե միտում կա արհեստականորեն մեծացնել ու ծավալել գործը։ Եթե պատկան մարմինը խախտում է թույլ տվել, ապա այն պիտի համապատասխան կարգով մատուցվի դատական ատյաններում եւ որոշակի մատնանշվեն այն օրենսդրական դրույթները, որոնք խախտվել են։ Մենք ո՛չ միայն նշել ենք, այլ, գտնում եմ՝ դատաքննության ընթացքում ապացուցել ենք։ Դատաքննության ընթացքում մյուս կողմը մի քանի անգամ փորձեց շեշտել, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն անկատար է, այսպես պատճառաբանելով, թե ինչու են դուրս եկել օրենքով իրենց վերապահված իրավունքների շրջանակից։ Որպես իրավաբան՝ ասեմ. օրենքն անկատար չէ, բավականին նորմալ գրված է։ Ուղղակի պետք է կատարել օրենքները։ Կամ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցին, թե հեռուստաընկերություններին գնահատել են «ներքին համոզմամբ»՝ մի բան, որ օրենսդիրը չի նախատեսել ընդհանրապես։ Իսկ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ նշված է, որ պետական պատկան մարմնի կատարած այն գործողությունները, որոնք չեն բխում օրենքից՝ համարվում են «առ ոչինչ»։ Այլ խնդիր է, թե ինչու է դատարանը նյութաիրավական նորմի խախտումով կայացրել մերժման վճիռ։ Բայց մենք հասանք նրան, որ կարողացանք հստակ մատնանշել խախտումները՝ այդ առումով, գոհ եմ։ – Գոհ կարելի էր լինել, եթե շահած լինեիք դատը։ Բայց «Ա1+»-ի փաստաբաններն առայժմ իրար ետեւից պարտվում, տանուլ են տալիս դատերը։ – Չեմ ընդունում, որ պարտվել ենք։ Գործերն ընդամենը քննվել են առաջին ատյանում եւ վճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել, բողոքարկվելու ու վիճարկվելու են վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատում։ Ավելին ասեմ. ես վստահ եմ՝ օրենքով սահմանված կարգով հասնելու ենք, որ «Ա1+»-ը դարձյալ դուրս գա եթեր։ Մի բան էլ. հարյուրավոր գործերի եմ մասնակցել եւ ոչ մի գործ տանուլ չեմ տվել։ – Դատավարությունների այս շղթային հետեւողների դիտարկումն է, սակայն, թե «Ա1+»-ը կարծես նպատակ ունի արագ հաղթահարել Հայաստանի դատական համակարգի աստիճանները՝ Եվրոպական դատարան հասնելու համար։ Իսկ Դուք այնուամենայնիվ ակնկալիքներ ունե՞ք մեր դատարաններից։ – «Արագ անցնելը» դիտում եմ իբրեւ հարաբերական հասկացություն։ Օրենքով սահմանված կարգով անցնելու ենք Հայաստանում գործող դատական բոլոր ատյաններով։ Հույս ունեմ, որ արդարությունը հնարավոր կլինի վերականգնել Հայաստանի դատարանների միջոցով, եւ վերջիվերջո կապացուցվեն մեր մատնանշած բոլոր էական խախտումները, ու «Ա1+»-ը կրկին դուրս կգա եթեր։ Իսկ եթե Հայաստանում չկարողացանք հասնել դրան՝ կվիճարկենք այլ ատյաններում։ – Ձեր կարծիքով, այս՝ իրավական ճանապա՞րհը հնարավորություն կընձեռի «Ա1+»-ին հնարավորինս արագ դարձյալ հաղորդումներ հեռարձակել, թե՞ եթե էլի ինչ-որ մրցույթի մասնակցեր կամ ընդուներ առաջարկվող այլ տարբերակներից որեւէ մեկը։ – Ես իրավաբան եմ եւ գտնում եմ, որ իրավական հարթության վրա մրցույթը տեղի է ունեցել օրենքի էական խախտումներով։ Իրավական ուղղությամբ եւս «Ա1+»-ը պարտադիր պիտի շարժվեր։ Բայց իմ վստահորդը, կարծում եմ, կարիք չունի խորհուրդների։ Քանի որ նա ստեղծել է մի հեռուստաընկերություն, որը պատիվ կբերեր ցանկացած երկրի։ Եվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, կարծում եմ, այսօր զգում է «Ա1+»-ի բացակայությունը։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դա զգում եմ։ Եվ պետք էր պահել ու պաշտպանել այդ կառույցը։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել