Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ»

Մայիս 22,2002 00:00

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ» Ժողովրդավարական գործընթացներն այսօր էական նահանջ են ապրում: Oրենսդրությունն ավելի խստանում է. «Նայեք ձեր բնագավառի (նկատի ունի ԶԼՄ-ները- Մ. Ե.) օրենսդրությունը, նայեք կուսակցությունների մասին օրենքն ինչպես է ընդունվում, տեսեք ընտրությունների մասին օրենքն ինչպես է ընդունվում, եւ այլն»։ Գերագույն խորհրդի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը ՄԱԱ-ի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Պրն Արարքցյանն, ի շարս այլ մտքերի, լրագրողներին հայտնեց, որ ընդդիմության վերջին հանրահավաքներից հետո մարդկանց ձերբակալությունները եւս վկայում են ժողովրդավարական պրոցեսների զգալի նահանջի մասին։ Լրագրողներից մեկի ռեպլիկին՝ 96 թվականի դեպքերի մասին, պրն Արարքցյանը չխուսափեց պատասխանել. «96 թվականին արյուն են թափել էդ մարդիկ։ Հարձակում է եղել ԱԺ-ի վրա, պետական կարեւորագույն մարմնի վրա։ Այո, այդ մարդիկ պետք է ձերբակալվեին եւ խստորեն դատվեին։ Դա չարվեց։ Բա ինչո՞ւ էին փախել-մտել ծակերը։ Սակայն այսօր խոսքը գնում է այն մասին, որ խաղաղ երթի, հանրահավաքի մասնակից մարդիկ տարվում են, կալանավորվում են։ Սա ի՞նչ է՝ վախի մթնոլորտ է։ Ամենավատը նա է, որ այսօր Հայաստանում կա վախի մթնոլորտ»։ «Արմատ» հասարակական կազմակերպության ղեկավարը վերը նշված կալանվածների հարցով դիմել է արդարադատության նախարարին։ Ստացված պատասխանում ներկայացված է 7 դատական որոշում կոնկրետ անուն-ազգանուններով մարդկանց վերաբերյալ, որոնք 3-5 օրով կալանավորվել են եւ տուգանվել տարբեր չափի գումարներով, պատճառաբանությունը նույնն է՝ «Մասնակցել են չարտոնագրված երթին, խախտել են հասարակական կարգը, տրանսպորտի երթեւեկությունը, անվայել արտահայտություններ են թույլ տվել գործող իշխանությունների հասցեին»։ Այսօրվա իշխանությունները՝ ըստ Բաբկեն Արարքցյանի. 1. Իշխանությունը մոնոպոլիզացիա է. այսօր Հայաստանի ամբողջ իշխանությունը կենտրոնացված է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում։ 2. Իշխանության կրիմինալիզացիա. կրիմինալ տարրերը ոչ թե սերտաճել են կամ ներթափանցել են իշխանական համակարգ, այլ այդ համակարգում գործում են բացահայտորեն։ Ամենալավ բիզնեսն այսօր Հայաստանում իշխանություն ունենալն է։ 3. Անօրինականություն. այսօր իշխանությունը շատ հարցերի մոտենում է հետեւյալ կերպ՝ այսպես եմ անում, լավ եմ անում։ Այս ամենն է պատճառը, որ ձեւավորվել է այսօրվա ընդդիմությունը, որը թեպետ ըստ Բաբկեն Արարքցյանի՝ համասեռ չէ («ընդդիմության մեջ այսօրվա իշխանությունները դրել են ականներ, որոնք հետագայում պետք է պայթեն եւ տրոհեն ընդդիմությունը։ Մասնավորապես ես այդպիսի ական եմ համարում Գեղամյանին»), սակայն դա չի նշանակում, որ պետք է ընդդիմությունը թիրախ սարքել. «այսօր հարթակի վրա գտնվող ընդդիմությունը, լավ թե վատ, միակն է», որը գնում է ընդդեմ իշխանությունների։ Բ. Արարքցյանի կարծիքով, այս ընդդիմությունն այն ուժն է, որը կարող է հակադրվել իշխանությանը, թեպետ այս իշխանությանը հակադրվելը շատ դժվար է։ Առաջիկա բոլոր տեսակի ընտրություններին չափազանց դժվար է լինելու հակադրվելը, քանի որ իշխանությունների ձեռքին են բոլոր տեսակի լծակները։ Եվ ըստ Բ. Արարքցյանի, այդ ընտրություններում շատ ավելի ֆինանսական միջոցներ են ծախսվելու, քան 98 թվականին։ Ընտրությունները աննախադեպ են լինելու նաեւ այլ առումով՝ շատ մեծ է լինելու արտաքին միջամտությունը. «Առաջին հերթին դա կվերաբերի Ռուսաստանին»։ Ըստ Բաբկեն Արարքցյանի, այն քաղաքական ուժերը, ովքեր հավակնություններ ունեն, մրցում են Ռուսաստանին առավել հավատարիմ ներկայանալու ասպարեզում. «Բացահայտ էլ ասում են, որը եւս գտնում եմ շատ վտանգավոր։ Պատահական չէ, որ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Մոսկվա-Երեւան ճանապարհը տրոլեյբուսի ճանապարհ են դարձրել։ Ես նկատի ունեմ նաեւ իշխանությունները»։ Նախկին իշխանությունները կվերադառնա՞ն, եթե այո՝ ինչպե՞ս եւ ումո՞վ: Բ. Արարքցյանը համոզված է, որ ընտրությունների ժամանակ կստեղծվի դաշինք, որն առայժմ պայմանականորեն կարելի է կոչել «Աջ ուժերի դաշինք». «Նախագահական ընտրությունների ժամանակ, անկասկած, իմ կարծիքով՝ կլինի նախագահի թեկնածություն, բայց եթե այնպիսի հանգամանք առաջանա, որպեսզի ընտրվի նոր նախագահ, ես կարծում եմ, բացառված չէ, որ «Աջ ուժերի դաշինքը» կարող է սատարել մեկ ուրիշ թեկնածուի, որն ավելի մեծ շանսեր կունենա դառնալ նախագահ»։ Միանշանակ հայտարարվեց, որ կոմունիստին չեն սատարի։ Իսկ իշխանափոխության անհրաժեշտությունը Հայաստանում Բաբկեն Արարքցյանի համար ուղղակի միանշանակ է։ «Հոկտեմբերի 27»-ի ընթացող դատավարության եւ Մուշեղ Սաղաթելյանի դատավարության վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան Բաբկեն Արարքցյանն ասաց. «Մինչեւ նոր իշխանություններ չգան, «Հոկտեմբերի 27»-ի գործը չի բացահայտվի։ Այդ դատավարությունը ուղղակի խեղկատակություն է։ Փաստորեն ամբիոն է տրամադրվում ինչ-որ մարդկանց, որոնք ինչ-ինչ հայտարարություններ են անում։ Երկու կարծիք չկա, որ Մուշեղ Սաղաթելյանի գործը եւս քաղաքական երանգ ունի»։ Բաբկեն Արարքցյանի գնահատմամբ, «27»-ի դատական պրոցեսը ուղղակի մաշեցվեց իշխանության կողմից, եւ այնպե՛ս մաշեցվեց, որ այսօր ոչ մի ազդեցություն չի թողնում. «Ի դեպ, իշխանությունների կողմից սա գուցե շատ խելոք քաղաքականություն էր՝ ուղղակի մաշեցնել այդ պրոցեսը։ Սա չի կարող լուրջ ֆակտոր հանդիսանալ ընտրությունների ժամանակ. արդեն շատ ծեծվել է եւ մաշվել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել