Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհիկները՝ հոգեւոր խորհրդում

Մայիս 21,2002 00:00

Աշխարհիկները՝ հոգեւոր խորհրդում Սուրբ աթոռ Էջմիածնի հոգեւոր խորհուրդը միշտ էլ եղել է եւ գործել։ Խորհրդային տարիներին հաճախ չէին կազմակերպվում նիստերը։ Հոգեւոր խորհուրդը միշտ էլ ունեցել է նաեւ աշխարհիկ անդամներ, թվով 4-5 հոգի։ Աշխարհիկ անդամներ են մեծամասամբ ընտրվում մեր գիտության եւ մշակույթի շատ թե քիչ ճանաչված գործիչներից։ Գարեգին 2-րդը նոր աշխարհիկ անդամներով համալրեց եւ թարմացրեց հոգեւոր կազմը։ Նախկին աշխարհիկ անդամներից մնացին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը եւ Ռ. Պապայանը։ Նոր կազմի մեջ ընդգրկվեցին պատմական գիտությունների դոկտոր Ա. Բոզոյանը, տնտեսագետ Ռ. Հովհաննիսյանը եւ իրավաբան Լ. Ժաքյանը՝ արտասահմանից։ Նույնիսկ միջին դարերում հայ իշխանները մասնակցել են հոգեւոր նիստերին, ժողովներին։ Հայ եկեղեցուն հատուկ է, որ հոգեւոր բարձրաստիճան գործիչներից բացի, իրենց գործերին մասնակցեն նաեւ աշխարհիկ գործիչները։ Հոգեւոր խորհրդի վերաբերյալ հարցերով դիմեցինք նրա անդամ Վ. Բարխուդարյանին։ – Միայն եկեղեցո՞ւն, թե՞ պետությանը վերաբերող խնդիրներ էլ են քննարկվում հոգեւոր խորհրդում։ – Սկզբում եկեղեցական հարցեր են քննարկվում, հետո անցնում ենք աշխարհիկ խնդիրներին։ Օրինակ, թեմերի կյանքի, մյուս եկեղեցիների հետ կապված հարցեր, աղանդների դեմ պայքարելու մեթոդներ են մշակվում, մեր ժողովրդի մեջ քրիստոնեական քարոզչությունը ավելի ընդլայնելու մասին որոշումներ են քննարկվում, ճեմարանների նոր ծրագրերն են հաստատվում եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ – Ի՞նչ առաքելություն է ընձեռված աշխարհիկներին հոգեւոր խորհրդում։ – Գերագույն հոգեւոր խորհուրդը համախմբված կոլեկտիվ է, յուրաքանչյուրը ազատ արտահայտում է իր տեսակետը եւ երբ գալիս են ընդհանուր համաձայնության, որոշում է կայացվում։ Կաթողիկոսական ընտրությունների հարցի քննարկման ժամանակ աշխարհիկները, հոգեւորականներից ոչ պակաս, ելույթներ են ունենում, հայտնում իրենց կարծիքները։ 1700-ամյակի տոնակատարությունների առիթով փոքր հանձնախումբ ստեղծվեց, որի անդամներից երկուսը աշխարհիկ էին։ Որոշ դեպքերում հենց աշխարհիկների կարծիքն է հաշվի առնվում։ Աշխարհիկների մասնակցությունը կարեւոր է այնքանով, որ հոգեւորականները հարցերին նայում են իրենց տեսանկյունից, իսկ աշխարհիկները դրանց նայում են՝ ելնելով իրենց կյանքի երեւույթներից, փորձից եւ արդյունքում ընդունվում են օպտիմալ որոշումներ։ Իսկ երբ տարաձայնություններ են առաջանում տարբեր ուղղությունների եկեղեցիների միջեւ (մեր ավանդական առաքելական եւ կաթոլիկ) կամ ավետարանականների եւ բողոքականների միջեւ, այս դեպքում աշխարհիկներն ավելի լայն մոտեցում են ցուցաբերում, նկատի ունենալով, որ այդ բոլոր ուսմունքները քրիստոնեական են։ Եվ այսպես, շատ հարցերում աշխարհիկ անդամները եւ հոգեւորականները լրացնում են միմյանց։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի օրոք հայոց եկեղեցու կանոնադրության մեջ նշանակալից վերափոխումներ են կատարվել. կարգավորվել է շինարարական աշխատանքների հարցը, հստակեցվում է ճեմարանների կարգավիճակը, հոգեւորականների գիտական կոչումների հարցը եւ այլն։ Էջմիածինը միշտ ունեցել է իր տպագիր օրգանը՝ «Էջմիածին» ամսագիրը։ Խորհուրդը քննարկում է ամսագրին վերաբերող հարցեր եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ – Ի՞նչ ծրագրեր է իրագործել հոգեւոր խորհուրդը մինչ այժմ։ – Սովետական շրջանում հակակրոնական քաղաքականություն էր տարվում եւ չէր հիշատակվում եկեղեցու նշանակությունը եւ դերը իրականության մեջ, եկեղեցու գործունեության մասին գրքեր քիչ էին հրատարակվում։ Այժմ հրատարակչական աշխատանքը կարգավորվել է եւ, բացի ամսագրերից, տպագրվում են նաեւ հոգեւորականների կարեւոր աշխատությունները։ Մեծ աշխատանք է կատարել եկեղեցին Օշականում։ Դեռեւս ակադեմիայի նախկին նախագահ Վ. Համբարձումյանի ժամանակ ավանդույթ էր դարձել գիտական մրցանակները հանձնել Օշականում, Մ. Մաշտոցի շիրմի մոտ։ Շրջապատը անբարեկարգ էր եւ անհրապույր։ Հաճախ այդ արարողություններին արտասահմանյան պատվավոր հյուրեր էին մասնակցում, մենք էլ մի տեսակ անհարմար էինք զգում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինի հրամանով (հետո էլ այդ գործին հետամուտ եղավ Գարեգին Ա-ն) բարեկարգվեց այդ վայրը։ Սփյուռքահայերի միջոցով եւ Նավասարդ եպիսկոպոսի անմիջական ջանքերով (որը այն ժամանակ այդ թեմի առաջնորդն էր) վերակառուցվեց Մաշտոցի անվան գիտակրթական կենտրոնը, բացվեցին գրադարան, թանգարան, մեծ դահլիճներ, որտեղ մեծ նստաշրջաններ են անցկացվում։ 3-4 տարվա ընթացքում 5 խոշոր նիստեր եղան այստեղ։ Նախատեսվում է մեծ գիտամշակութային նստաշրջան հրավիրել «Մեսրոպյան ընթերցումներ» խորագրով, որին պետք է մասնակցեն մեր մտավորականները՝ բոլոր ոլորտներից։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել