Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՊՃԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 21,2002 00:00

«ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՊՃԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» «Մամուլի ազգային ակումբը որեւէ քաղաքական հոսանքի եւ ուժի ազդեցության տակ երբեք չի եղել։ Անկախության պահպանումը մեր մեծագույն ձեռքբերումն է, ինչի համար վճարում ենք մեր ֆինանսական բարդ իրավիճակով»,- ՄԱԱ-ի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։ Նա տեղեկացրեց, որ ոչ մի միջազգային կազմակերպությունից «որեւէ դրամաշնորհ, նույնիսկ ցենտ չստացած» ՄԱԱ-ն իր գոյության 5 տարիների ընթացքում կազմակերպել է 145 հանդիպում (չհաշված հոբելյանականը), այդ թվում 78-ը՝ «Հրատապ թեմա», 5-ը՝ «Աշխարհը եւ մենք», 11-ը՝ «Տնտեսական ուղեծիր», եւս 11-ը՝ «Հայաստանը եւ ընտրությունները», 7-ը՝ «Սփյուռք» եւ 16-ական հանդիպում՝ «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը» եւ «Հոգեւոր Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Ըստ նրա, իրենց հանդիպումների նպատակներից մեկն էլ եղել է տեղեկատվական դաշտի մատչելիությանը նպաստելը։ ՄԱԱ-ի անդամները հատկապես առանձնացնում են տեղեկատվության ազատությանը, «ԱրմենՏելի» հիմնախնդրին, ղարաբաղյան հակամարտությանը եւ հարկային դաշտին նվիրված իրենց քննարկումները։ Ն. Մկրտչյանը հիշեց նաեւ այն, որ ՄԱԱ-ի հիմնադրվելուց անմիջապես հետո նրա անդամները ինչպես են 97-ին հանդիպել ԼՂՀ-ի այն ժամանակվա արտգործնախարար Ա. Ղուկասյանի հետ կամ 99-ի հոկտեմբերին այցելել Ջավախք։ Ն. Մկրտչյանը փաստեց, որ այն հասարակական-քաղաքական գործիչները եւ պաշտոնատար անձինք, ովքեր այլ բնագավառներում ու այլ դաշտում ավելի փակ ու պասիվ են եղել հայտարարություններ անելիս, իրենց մոտ ավելի կոշտ, նույնիսկ «պատմական» նշանակություն ունեցող հայտարարություններով են հանդես եկել. «Այստեղ են արված եղել կոմպլեմենտարիզմի, կամ Ռ. Քոչարյանի վարչապետ եղած ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի նիստի մասին եղած հայտարարությունները»։ ՄԱԱ-ի շարունակ տեղից-տեղ հանգրվանելը (սկսել են Արմենպրեսի մամլո սրահից, տեղափոխվել ՄԱԿ-ի տեղեկատվության սրահ եւ այլն), ըստ ակումբի նախագահի, պատճառ ուներ. նորաստեղծ ակումբին չէին կամենում տարածք տրամադրել կամ հյուր լինել։ Ի դեպ, նրանց առաջին հյուրը Վ. Մանուկյանն է եղել։ Ն. Դիլբարյանը ներկայացնելով ՄԱԱ-ի անցած ուղին, մամուլի համար ամենաբարենպաստ ժամանակ համարեց 1998 թվականը, երբ «նոր էր տեղի ունեցել իշխանափոխությունը, եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը փորձում էին կայանալ, դրա համար էլ մամուլի դաշտը ազատ էր։ Ճնշման լծակներ դեռեւս չէին ձեւավորվել, որովհետեւ իշխանափոխությունից հետո նախորդ իշխանությունը զրկվել էր իր մեծ լծակներից, իսկ նորը փորձում էր լծակներ ու աջակցություն ձեռք բերել»։ Ն. Դիլբարյանը անդրադարձավ նաեւ ՄԱԱ-ի նախաձեռնությամբ Ռ. Քոչարյանին «Մամուլի թշնամի» տիտղոսը շնորհելու հետեւանքներին ու այդ կապակցությամբ նախագահի տված գնահատականին. «Նախագահը շեշտել է, որ ՄԱԱ-ն ոչ թե լրագրողական դիրքերից է հանդես գալիս, այլ կուսակցական, ընդդիմադիր, դրա համար նախագահը մեզ չի տեսնում լրատվական դաշտում, ինչը մեծ սխալ էր։ Այդպիսով, երկխոսության եւ խնդիրները համատեղ քննարկելու դուռ է փակում»։ Ն. Մկրտչյանն էլ հիշեց, որ 1998թ., երբ Ռ. Քոչարյանն իրենց հյուրն էր, ակումբի վրա ինչպես էր ճնշում եղել այն ժամանակ գործող իշխանությունների կողմից։ «Իսկ եթե նախկին իշխանությունների կողմից էլ ճնշում կար, ներկա իշխանությունների կողմից էլ կա, ուրեմն դա մեր անկախության արտահայտությունն է»,- եզրակացրեց նա։ Հետաքրքիր էր նաեւ Տիգրան Հարությունյանի կարծիքը. «Այս պահի ժողովրդավարությունը չի համապատասխանում մեր պահանջարկին։ Այն, որ հիմա խմբագրություններ չեն վառում, մարդկանց չեն ծեծում եւ պատուհանից կոմպյուտերներ դուրս չեն թափում, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է»։ Ի դեպ, նա նախագահի կատարած հայտարարությունը՝ կապված մամուլի մրցանակի հետ, հապճեպ համարեց։ Ըստ ՄԱԱ-ականների, ճնշման մեթոդները փոխվել են, սակայն արդյունքը մնացել է նույնը. մամուլի առաքելությունը կատարելու պրոցեսում կան բազմաթիվ խոչընդոտներ, իսկ «երկրի առաջընթացը կախված է միայն անկախ լրագրողական ազատ խոսքից»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել