Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուսը դեռ ցույց կտա, թե ովքեր են իրենք

Մայիս 21,2002 00:00

Կոմկուսը դեռ ցույց կտա, թե ովքեր են իրենք Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմում կազմակերպված հերթական ասուլիսը առանձնահատուկ էր նրանով, որ ասուլիսին հանդես եկան ոչ միայն 1-ին եւ 3-րդ քարտուղարները, այլեւ՝ քաղկոմի բյուրոյի անդամները։ Ըստ երեւույթին, քաղաքային իշխանությունների կողմից մարդու իրավունքների պարբերական ոտնահարումն արդեն լցրել էր կոմունիստների համբերության բաժակը եւ նրանք որոշել էին զգացնել տալ իրենց ձայնի զորությունը։ Առիթը հանդիսացել էր այն, որ Վանաձորի քաղաքապետը մերժել էր կոմունիստների՝ «Արցախ» պուրակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը, մատնանշելով, թե կարող են գնալ Սպորտի պալատի տարածքում (քաղաքի ծայրամասում) անցկացնել։ «Ի՞նչ է նշանակում Սպորտի պալատի տարածք։ Դուք գնացեք կանաչ տարածք, անտառները գնացեք, երբ որ հանրապետության նախագահը գա»,- քաղաքային իշխանություններին դիմելով՝ բորբոքված ելույթ ունեցավ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, որը զգուշացրեց. «Եթե հանկարծ իշխանությունները փորձեն խանգարել՝ մենք բողոքի ցույց եւ նստացույց ենք կազմակերպելու։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, որ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում չլինի։ Մենք ձեզ կստիպենք, որ այստեղից գնաք եւ ոչ թե ժողովուրդը գնա այստեղից։ Չփորձեք ճնշումներ գործադրել»։ Այս առթիվ Ա. Ղուկասյանը նաեւ նկատեց, որ որոշ կուսակցությունների տեղական իշխանությունները դարձրել են «գրպանային» (Եթե հաշվի առնենք, որ իբրեւ տեղական իշխանությունների կողմից կուսակցությունների հանդեպ վերաբերմունքի «խտրականություն» դիտվեց այն, որ Վանաձորի քաղաքապետարանի դահլիճը իշխանությունների առաջարկմամբ տրամադրվել էր ե՛ւ ՍԻՄ-ին, ե՛ւ ՀՆԿԿ-ին, ապա դժվար չէր պատկերացնել, թե ակնարկը նախ եւ առաջ ում էր ուղղված)։ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի բյուրոյի անդամ Ռաֆիկ Սահարյանն էլ Սահմանադրության գրքույկը ձեռքին, համապատասխան հոդվածներ վկայակոչելով, նշեց, որ ընդհանրապես քաղաքացին չպետք է հանրահավաքի համար թույլտվություն վերցնի, քանի որ դա նրա սահմանադրական իրավունքն է։ Իսկ այն, որ իրենք քաղաքապետին են դիմել՝ ընդամենը իրենց կողմից տարրական քաղաքավարության հարց է եղել, ինչը, սակայն, չի գնահատվել։ Ասուլիսի կազմակերպիչները խոսեցին նաեւ գործազրկության, մեծամասշտաբ արտագաղթի, երկրի նախագահի բազմաթիվ ուղեւորությունների, պետական մակարդակով թալանի մասին։ Նշվեց, որ ազատության ու անկախության գաղափարը խեղաթյուրել են ներկա իշխանությունները, այն ընկալելով որպես թալանի ազատություն։ Նրանց ելույթներից հետո տեղական պաշտոնաթերթի ներկայացուցիչը փորձում էր ներկա իշխանությունների (եւ հատկապես՝ տեղական իշխանությունների) շուրջն առնչվող թեման զգուշորեն թեքել «նախկինների» ուղղությամբ։ Մենք էլ, չկորցնելով պատմական պահը, դարձանք քաղաքային իշխանությունների կայացրած որոշմանը (ինչն էլ, ըստ էության, ասուլիսի առիթ էր հանդիսացել)։ Պատասխանելով իմ այն հարցին, թե քաղաքապետի մերժելուց հետո ՀԿԿ Վանաձորի քաղկոմը չի՞ փորձել դիմել Լոռու մարզպետին, կոմունիստները հասկացրին, որ իրենց համոզմամբ՝ նա էլ նույնն էր պատասխանելու։ Իմ հաջորդ հարցին, թե, ի վերջո, կոմունիստներին ի՞նչն է ավելի շատ մտահոգում. ա՞յն, որ «Արցախ» պուրակում է արգելվել հանրահավաքը, թե՞ այն, որ տարածքը, որը հասարակական վայր է եւ ազգային արժեքի նշանակություն ունի, քանի որ այդտեղից է ծնունդ առել ղարաբաղյան շարժումը, շարունակում է կտրատվել-վարձակալության տրվել (եւ հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ քաղաքապետը, թերեւս, «ձեռ առնելու» համար հայտնել է, թե կոմունիստները «Արցախում» հանրահավաք անցկացնելու համար պետք է թույլտվություն վերցնեն վարձակալներից)՝ ասուլիսի կազմակերպիչները տեղեկացրին, որ անթույլատրելի են համարում ե՛ւ հանրահավաքների անցկացումը խանգարելը, ե՛ւ «Արցախ» պուրակի ծախծխելը, սակայն 2-րդ գործընթացը կանխելու «ուժ» իրավական առումով չեն տեսնում։ Լրագրողների հարցերի արդյունքում շոշափվեցին նաեւ այլ հարցեր։ «Հոկտեմբերի 27»-ի գործից խոսելիս ՀԿԿ Կենտկոմի եւ Վանաձորի քաղկոմի բյուրոյի անդամ Արամ Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե Կոմկուսի նախկին առաջնորդին (Ս. Բադալյանին) էլ «վերացրին» (նա շեշտեց, սակայն, թե դա ներքին համոզմունք է)։ Մի լրագրողի այն հարցին, թե կա՞, արդյոք, Կոմկուսում երկրի «առաջնորդի» թեկնածու, եթե իշխանափոխություն լինի, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Չունենք-չունենք՝ Քոչարյանի չափ էլ չունե՞նք» եւ իր հերթին հարց տվեց. «Ինչի Քոչարյանը ձեզ վրա առաջնորդի տպավորություն է թողնո՞ւմ»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել