Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱԺ-ՈՒՄ

Մայիս 21,2002 00:00

ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱԺ-ՈՒՄ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին 2 դատական նիստերին ներկայացան տուժողներ, կառավարության նախկին անդամ Պավել Ղալթախչյանն ու ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը։ Երեկ դատարան էր հրավիրվել տուժող, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը։ Նա հետաքրքիր դիտարկումներ արեց՝ կապված ոճրագործության իրականացման հնարավոր 4 տարբերակների հետ։ Ուշագրավ մի փաստարկ ներկայացրեց տուժողը, մեջբերելով նախ ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածը։ Ըստ այդ հոդվածի, պատգամավորներն իրավունք ունեն դիմել կառավարությանը. «Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին»։ Ինչո՞ւ տուժողը հիշեց Սահմանադրության վերոնշյալ հոդվածը։ Պարզվում է, որ այդ օրը՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին հարցուպատասխանին մասնակցել է Ազգային անվտանգության փոխնախարար Գրիգորի Գրիգորյանը։ Նա կառավարության անդամ չէր։ Եթե հիշում եք, «Առավոտի» ապրիլյան հրապարակումներից մեկում մենք ուշադրություն էինք հրավիրել վերոնշյալ պարոնի գործողություններին՝ կապված ԱԺ նիստերի դահլիճի տեղազննության հետ։ Ըստ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի դատաքննական ցուցմունքներից մեկի, նա եւ ԱԱ փոխնախարարը ոճրագործությունից հետո շրջել էին դահլիճում, նույնիսկ զննել հատակին թափված պարկուճները։ Այն ժամանակ մենք սա համարեցինք առաջին տեղազննություն, բնավ չկասկածելով, որ դեպքին հաջորդած տեղազննությունն ինչ հետեւանքներ կարող էր ունենալ (փոխհրաձգությունների մասին հարցը օրինակ)։ Երեկ Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ ոճրագործությունից 2 օր անց ինքը Կարեն Դեմիրճյանի ակնոցն է գտել եւ հանձնել հարազատներին։ Սակայն տարօրինակ է, երբ տեղազննություն էր եղել (դատախազության քննիչներն են եկել եւ անցկացրել տեղազննություն) ինչպե՞ս է հատակին ընկած մնացել իրեղեն ապացույցներից մեկը։ «Որեւէ այլ առարկա տեղափոխե՞լ եք»,- մեղադրող Գագիկ Ավետիսյանի հարցին ի պատասխան, տուժողն ավելացրեց, որ Վազգեն Սարգսյանի դիմաց ընկած պարկուճն է վերցրել եւ ակնոցը, որի մասին ասվեց։ Տուժողը քչերից մեկն է, որը պնդում է, թե հանցագործությունը կատարվել է պլանավորված, եղել են կազմակերպիչներ եւ եղել է «զակազ» (այս բառն օգտագործեց դատավարության մասնակից ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւի համար)։ Վ. Դալլաքյանը անդրադարձավ 4 հնարավոր տարբերակներին, որոնք կարող էին հանգեցնել «Հոկտեմբերի 27»-ին. ա) արտաքին ուժեր, բ) ներքին ուժեր, գ) մաֆիա եւ դ) անձնական թշնամանք։ «Ովքեր չգիտեն, թող իմանան, որ դա «զակազ» է, եթե ասում են 5 ռոմանտիկներ են՝ ասողները թող թոշակի գնան։ Նրանք եկող չէին, նրանց ուղարկել էին»,- շեշտեց տուժողը։ Այն, որ ոճրագործությունը կազմակերպված է եղել, Վ. Դալլաքյանը համոզվել է ամբաստանյալ Վռամ Գալստյանի հետ այդ օրը 40 րոպեից մինչեւ 1 ժամ խոսակցության արդյունքում։ Տուժողը հիշեց, որ Վ. Գալստյանը իրեն հայտնել էր, որ նրանք սպասում են մարդկանց, որոնք գալու են։ Նա նաեւ ասել էր, որ ընտրել են այդ օրը, տեղը եւ ժամը, եւ որ իրեն հարցրել է, թե քանի պատգամավոր են եկել, որովհետեւ ծրագրել են նիստ անել։ Տուժողը ակնարկեց նաեւ, որ «զակազ» տալուց առաջ կազմակերպիչները հաշվարկել էին, որ «ներսում կարող էին լինել համախոհներ»։ Ավելին, մի հետաքրքիր դրվագ հիշեց, պատմելով. «Հաջորդ օրը հեռուստատեսությամբ տեսնում էի մարդկանց, որոնք դահլիճում չէին եղել, ովքեր ուրախացել էին, որ այդ ամենը եղել է։ Դուք գիտեք՝ ովքեր էին։ Շոկային վիճակ էր, բոլորն էլ վախեցած էին, նվաստացած էին նաեւ»։ Նկարագրելով հանցավոր խմբի անդամներից յուրաքանչյուրի դերաբաշխման մասին, նա պնդեց, որ հստակ յուրաքանչյուրը գիտեր՝ ով որտեղ պետք է կանգնի եւ ինչ պիտի անի։ «Դրսից մարդկանց գալու ինֆորմացիան այդ 5-ն էլ գիտեին։ Եթե չունենային ինֆորմացիա, այդ գործողությունները չէին համաձայնի իրականացնել»,- պնդեց տուժողը։ Վերջինս առանձին անդրադարձավ լրագրող Տիգրան Նազարյանի պահվածքին, ավելի պատկերավոր նշելով. «Իրեն պահում էր, ոնց որ հարսանիքում լիներ»։ Նա հարցրեց դատարանին, թե ինչո՞ւ Տիգրան Նազարյանը դատարանում չէ եւ համոզմունք հայտնեց, որ «նա ամեն ինչ գիտեր, որ այդ բանը լինելու է»։ Ներկայացնելով, թե ինչպես են Վազգեն Սարգսյանի դին տեղափոխել նիստերի դահլիճից դուրս (ինքը, Ռազմիկ Մարտիրոսյանը, Մյասնիկ Մալխասյանը, Վարդան Խաչատրյանը), նա հայտնեց, որ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կտրականապես արգելել է շենք մտնել, եւ ինքը՝ մի որոշ ժամանակ անցկացնելով պարետի սենյակում, գնացել է տուն։ Այն, որ սա պետական-քաղաքական հեղաշրջման փորձ էր, տուժողը հաստատեց վերոնշյալ վերլուծությունն անելով. 1999թ. մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ժողովուրդը ձայն է տալիս մեծ ժողովրդականություն վայելող Կարեն Դեմիրճյանին եւ ուժեղ վարչապետին։ 1999թ. խորհրդարանական ընտրություններն արդար էին։ Տարածաշրջանում մեզ սպասում էր լուրջ դեր, սակայն, ըստ տուժողի, դրսում կային ուժեր, որոնց ձեռնտու չէր Հայաստանի բարգավաճումը տարածաշրջանում, հետեւաբար «ներսի ուժերի լուռ համաձայնությամբ», արտաքին ուժերի մասնակցությամբ իրականացվում է հեղաշրջումը։ «Նաիրի Հունանյանը զանգում էր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Հո տուրիստներ չէի՞ն գալու»,- շարունակեց Վ. Դալլաքյանը։ Ինչ վերաբերում է ամբաստանյալներին առաջադրված հայրենիքի դավաճանության մեղադրանքին, նա կասկածելու փորձ անգամ չարեց։ Տուժողը պատասխանեց մեղադրողներ Հ. Մարտիրոսյանի, Ա. Հարությունյանի, Գ. Ավետիսյանի, տուժողի ներկայացուցիչներ Ա. Սարգսյանի, Ա. Կարախանյանի եւ Է. Աղաջանյանի հարցերին։ Նրա հարցաքննությունը կշարունակվի չորեքշաբթի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել