Լրահոս
Օրվա լրահոսը

HSBC-ի արգենտինյան մասնաճյուղը սնանկ է

Մայիս 21,2002 00:00

HSBC-ի արգենտինյան մասնաճյուղը սնանկ է Բանկային համակարգի խոցելիության թեման այլեւս ակտուալ է ոչ միայն Հայաստանում։ Օրեր առաջ Արգենտինայում բանկրոտի է ենթարկվել HSBC բրիտանական հեղինակավոր բանկի մասնաճյուղը։ CNN-ի տարածած հաղորդագրության համաձայն, բանկի սնանկացումը մի քանի միլիարդ դոլարի վնաս է հասցրել։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, միայն ավանդատուների՝ բանկին վստահած գումարը կազմում է 22 միլիարդ դոլար։ Վերջիններս արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են կազմակերպում բանկի առջեւ, սակայն դեռ չի հաջողվել գումարները ետ վերադարձնել։ Ի դեպ, բանկի սնանկ ճանաչվելու պատճառները եւս չեն հրապարակվում։ Թեեւ դժվար չէ կռահել, որ, ամենայն հավանականությամբ, Արգենտինայի տնտեսական ճգնաժամն է այստեղ գլխավոր «մեղավորը»։ Ելնելով մեր երկրի բանկային համակարգի խարխուլ վիճակից, որը ցանկացած պահի եւ ցանկացած պատճառով կարող է ճակատագրական դառնալ Հայաստանի համար եւ նկատի ունենալով, որ «HSBC բանկ Հայաստանը» հատկապես վերջին շրջանում համարվում է հայաստանյան ամենահուսալի բանկերից մեկը՝ փորձեցինք բանկի պատասխանատուներից ճշտել արգենտինյան մասնաճյուղի սնանկ ճանաչվելու հնարավոր արձագանքները, մասնավորապես, հայաստանյան մասնաճյուղի աշխատանքների վրա։ Սակայն պարզաբանումներ ստանալու մեր ջանքերը հաջողությունների չհասան։ Բանկի աշխատակիցներից մեկը խնդրեց հարցերը «թողնել», որպեսզի ինքը փոխանցեր պատասխանատուներից որեւէ մեկին։ Վերջինս, ըստ աշխատակցի, «հարկ եղած դեպքում Ձեզ հետ կկապվի»։ Սակայն, ինչ-ինչ պատճառներով, մեր հարցերը բանկի ղեկավարները «հարկ չհամարեցին» պարզաբանել։ Ի դեպ, նշենք նաեւ, որ բանկային համակարգից «Առավոտի» լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՀՀ կենտրոնական բանկը, ներքին կարգով, հայաստանյան առեւտրային բանկերին խորհուրդ է տվել ժամանակավորապես «HSBC բանկ Հայաստանի» հետ պայմանագրեր չկնքել եւ գործարքներից խուսափել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Իհարկե, դրական փաստ է, որ ՀՀ կենտրոնական բանկն աշխատում է հայաստանյան առեւտրային բանկերին հեռու պահել սպասվելիք այս կամ այն վտանգից։ Սակայն այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է։ Նախ, «HSBC բանկ Հայաստանը» նույնպես հայաստանյան բանկ է համարվում մեր օրենսդրությամբ, որովհետեւ այն ոչ թե բրիտանական այդ հեղինակավոր բանկի մասնաճյուղն է, այլ դուստր բանկը։ Ինչը նշանակում է, որ իր պարտավորությունների դիմաց «HSBC բանկ Հայաստանը» պատասխան է տալիս իր (ոչ թե մայր բանկի) ունեցած ակտիվներով։ Եվ հակառակը, եթե մայր բանկը «պայթի» (որը չի սպառնում անգամ արգենտինականի նման խոշոր մասնաճյուղի սնանկանալուց հետո), չի նշանակում, թե Հայաստանում գտնվող դուստր բանկը նույնպես պետք է սնանկանա։ Հետեւաբար, ՀՀ ԿԲ-ն «ներքին կարգով» խախտում է բիզնես-էթիկան։ Բացի այդ, «HSBC բանկ Հայաստանն» է մեր առեւտրային բանկերին վարկ տվողը, ոչ թե հակառակը։ Ուստի հասկանալի չէ մտավախության տրամաբանությունը։ Եվ հետո, երբ հայաստանյան բանկերն են հերթով-հերթով սնանկանում, ՀՀ ԿԲ-ն Հայաստանում գտնվող միջազգային այս հեղինակավոր բանկի «դստերը» արդյոք հորդորո՞ւմ էր գործ չունենալ այսինչ բանկի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել