Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ Է «ԿՈՓՎՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 21,2002 00:00

ԻՆՉՊԵՍ Է «ԿՈՓՎՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ասենք՝ փաստաթուղթ չկա. բա աչքո՞վ էլ չի երեւում, որ մարդիկ էստեղ արյուն-քրտինք են թափել»,- ասում են «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Իսկ աչքով, այն էլ անզեն, երեւում է, որ ՓԲԸ-ի դիմացի կանաչ տարածությունը այդպիսին դարձնելու համար նախ քար, հետո նաեւ հող է բերվել, լցվել ձորը, տեղանքը հավասարեցվել է ճանապարհին։ Այնուհետեւ տնկվել են ծառերը, որոնց մի մասը մինչեւ հիմա կա՝ աշխատակիցների խնամքի շնորհիվ։ Ներքեւում էլ պատ է շարվել, որպեսզի արված աշխատանքը ջուրը չտանի՝ բառացիորեն։ Դա՝ 1960-ական թվականներին, երբ հիմնադրվել է ձեռնարկությունը։ Տարիներ հետո՝ 1998-ին, արխիվներում չգտնելով այդ տարածքի նկատմամբ իրենց սեփականությունը հաստատող փաստաթուղթ, ձեռնարկության տնօրինությունը դիմել է Անշարժ գույքի պետական կադաստր-կոմիտե։ Չափագրելուց եւ այլ գործողություններից հետո վերջինս ՓԲԸ-ի հաշվեկշռում թողել է միայն դիմացի ճանապարհը, իսկ հողատարածքը 1999թ. փետրվարին վարձակալությամբ տրվել է ոմն Հմայակ Սողոմոնյանի։ Վերջինս մի քանի անգամ փորձել է տեղում շինարարություն սկսել, սակայն իրենց ձեռքերով այն հող ու կանաչ դարձրած մարդիկ արգելք են հանդիսացել՝ ընդհուպ այն ժամանակվա քաղաքապետ Ա. Բազեյանին այդտեղ հրավիրելով։ Ա. Բազեյանը, պատմում են ձեռնարկությունում, կանաչ տարածքը տեսնելով, համոզվել է, որ այն չի կարելի քանդել՝ ափսոս է, խոստացել է նախատեսված երեք առանձնատների (յուրաքանչյուրը՝ 400 քմ տարածքով) շինարարությունն արգելել։ 2001թ., երբ արդեն սեփականատեր դարձած Հ. Սողոմոնյանը նորից է շինտեխնիկայով հայտնվել Կովկասյան փողոցի վերջնամասի այգու տարածքում, «Հիդրոմասնագետշինում» հասկացել են, որ Ա. Բազեյանն իր խոստմանը չի հասցրել գրավոր տեսք տալ։ Փոխարենը նոր քաղաքապետ Ռ. Նազարյանը ստորագրել է շինարարության թույլտվությունը։ 2002թ. հունվարին հետեւել է գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գրությունը՝ շինարարությունը արգելելու մասին. եղել է «Հիդրոմասնագետշինի» բողոքարկումը տարածքի նկատմամբ եւ շինարարությունը պետք է դադարեցվեր մինչեւ հարցի լուծումը։ Եվ ահա ս. թ. մայիսի 17-ին իրենց շինարարական տեխնիկայով տարածք են այցելում նոր սեփականատերերը, որոնք ՓԲԸ-ի տնօրեն Հենրիկ Սիմոնյանին ցույց են տալիս տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման իրենց վկայականը։ Թե ինչպես է Հ. Սողոմոնյանը հաջողացրել Ա. Աբգարյանին եւ Մ. Հակոբյանին վաճառել մի տարածք, որի շուրջ վիճաբանություններ կան եւ արդյոք դրանց գոյության մասին վերջիններս տեղյակ պահվել են՝ մենք հարկ չհամարեցինք պարզել։ Քանի որ «Հիդրոմասնագետշինի» տնօրենի առանձնասենյակում նոր սեփականատերը (կամ նրա ներկայացուցիչը) վրդովվեց «Առավոտ» թերթի անունը լսելով եւ առանց համբերություն ունենալու՝ լսելու մեր հարցերը, հեռացավ, հայտարարելով, թե իրենք օրենքով են գործում։ Լավ եք անում, օրենքով եք գործում, բա չիմանա՞նք. ձեզ է՞լ օրենքով են գցել, թե՞ գիտեիք՝ ինչ եք գնում։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը համենայնդեպս վաճառողին պարտադրում է գնորդին հանձնել 3-րդ անձանց իրավունքներից ազատ գույք։ Իսկ հետագայում էլ պարզվում է, որ եթե այդ երրորդ անձանց իրավունքն օրինաչափ է, առուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է լուծման։ Ի դեպ, նոր սեփականատերը շտապեց ոչ միայն «Առավոտից» փախչելու հարցում։ Տարածքի նկատմամբ նրա սեփականության գրանցման վկայականը տրվել է ս.թ. մայիսի 16-ին (լավագույն դեպքում՝ մայիսի 6-ին. ամսաթիվը կլոր կնիքի տակ պարզորոշ չէր երեւում)։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Այն, որ սեփականատերը մեծագույն ցանկության դեպքում էլ չէր հասցնի 14 օրում անցնել բոլոր այն ատյաններով, որտեղ «կոփվում» են շինարարության թույլտվությունը, նախագիծը եւ այլ փաստաթղթեր։ Արդյո՞ք նոր սեփականատերը շինարարության անօրինական լինելու մասին մեր հարցից փախավ։ Դա էլ իրենք կիմանան։ Իսկ «Հիդրոմասնագետշինի» տնօրեն Հ. Սիմոնյանի խնդրանքին՝ որոշ ժամանակով շինարարությունը հետաձգել, սեփականատերն ընդառաջել է մեկ շաբաթով։ Մինչ այդ ՓԲԸ-ն կդիմի դատարան՝ վերականգնելու իր իրավունքը տարածքի նկատմամբ, կամ վատագույն դեպքում՝ տարածքի վրա կատարված աշխատանքների դիմաց փոխհատուցում ստանալու։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել