Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԻՆՈՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՈՒՆ ՉԻ

Մայիս 21,2002 00:00

ԿԱԶԻՆՈՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՈՒՆ ՉԻ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու ընթացքում կոմունիստ պատգամավորները կրքոտ բողոքում էին կազինոներից, այլասերումից, անբարոյականությունից։ Նորիկ Պետրոսյանը խիստ վրդովված էր, որ «մուսուլմանական երկրները կարողանում են գլխի ընկնել, որ խաղատներ չպետք է կառուցել, մենք հանկարծ գլխի ենք ընկել, որ պետք է դրանցից առաջ անցնել»։ Եզրափակելով, ընկերն ասաց. «Սա այն առաջ անցնելն է, որի առջեւում անդունդն է»։ Պատգամավոր Մարտին Հովհաննիսյանը բոլորովին հակառակ կարծիքին է եւ փորձեց բացատրել, թե իրականում ինչն ինչոց է։ Պատգամավորը նախ հարկ համարեց ասել, որ ինքը երբեւէ կազինոների հետ կապ չի ունեցել եւ չունի, բայց եւ փորձեց բացատրել իր գործընկերներին. «Ո՞վ է ասում, որ կազինոները անբարոյական կամ ոչ պարկեշտ բիզնես են։ Կազինոները, կներեք, դրանք հասարակական տներ չեն։ Դրանք շատ նորմալ բիզնես են՝ աշխատատեղերի, եկամուտների առումով, ուղղակի որպես բիզնես»։ Մարտին Հովհաննիսյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ (Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք) Հայաստանի պաշտոնական պատվիրակության համար Լիբանանի վարչապետը պաշտոնական ընդունելությունը կազմակերպել էր կազինոյում։ Այնտեղ, որտեղ կազմակերպվում են շատ ուրիշ երկրների պաշտոնական ընդունելություններ եւս։ Մարտին Հովհաննիսյանը կոմունիստներին հիշեցրեց, որ Հայաստանը «ընդունել է ազատ տնտեսության զարգացման ճանապարհը եւ անկախ նրանից՝ դա որոշ մարդկանց դուր է գալիս թե դուր չի գալիս, ուրիշ ճանապարհ չկա, ետ չենք գնալու»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել